Լրահոս
Օրվա լրահոսը

«Տերմինաբանական»-ից մինչեւ «հայերէնի բարձրագոյն խորհուրդ»

Հուլիս 12,2012 14:04

Լեզուի՝ ազգի յարատեւման հիմքը լինելու եւ պետականութեան կայացման կարեւոր նախապայմաններից մէկը լինելու հանգամանքը թելադրում է յատուկ լեզուական քաղաքականութիւն վարելու պարտադրանք: Նուաճողներն իրենց պետութեան ազդեցութիւնը ամրապնդել են ենթակայ ժողովուրդների մէջ՝ նաեւ յատուկ լեզուական քաղաքականութեամբ: Դրա գիտակցումի եւ կիրառման արդիւնքն է, որ այսօր կան գաղութացման ժամանակներից մնացած անգլախօս (Բրիտանական Համագործակցութեան անդամ) եւ իսպանախօս (լատինախօս Հարաւային եւ կենտրոնական Ամերիկաներում) երկրներ: Նոյն նպատակով էր, որ բոլշեւիկեան յեղափոխութեան հէնց առաջին ամսում խաղաղութեան եւ հողի մասին լենինեան դեկրետների հետ միասին հրապարակուեց նաեւ լեզուի մասին դեկրետը, նպատակ ունենալով այբուբենի եւ ուղղագրութեան փոփոխութիւններով կտրել ազգին իր աւանդական մշակութային ժառանգութեան արմատներից, ռուսացնել հպատակ ժողովուրդներին (ինչը պահպանվում է ցայսօր): Ի լրումն այդ քաղաքականութեան, Կրեմլը կարեւորեց նաեւ հանրապետութիւններում տերմինաբանական կոմիտէների ստեղծումը՝ նպատակ ունենալով ապահովել ռուսական տերմինների (բառեզրերի) պահպանումն ու օգտագործումը, մոռացնել տալու համար դրանց ազգային-սեփական համարժէքները: Մինչդեռ, ցաւօք, յետխորհրդային շրջանում լեզուական գործօնը հայրենիքում չկարեւորուեց որպէս անկախ պետականութեան կայացմանը նպաստող բաղադրիչ, ինչպէս նաեւ ազգապահպանումը ամրապնդելու համար օտարաբանութիւնից լեզուն մաքրելու, գրական լեզուով հայեցի գրագէտ սերունդ դաստիարակելու հարցերը պետականօրէն հոգածութեան առարկայ չդարձան: Արդիւնքում ռուսախառն գռեհկութիւններին աւելացան նաեւ օտար, անգլախառն անգրագիտութիւնն ու փողոցային «ապերոյական» ժարգոնը՝ սկսած հեռատեսիլից մինչեւ Ազգային ժողով, օտարանուն ցուցանակներից մինչեւ զանգուածային մամուլի «միջազգայնացուած» հայերէնը (բացառութիւնները յարգելի են):

Յանուն արդարութեան պէտք է խոստովանել, որ թէ Խորհրդային շրջանում, եւ թէ անկախացումից յետոյ մեր «տերմինաբանական կոմիտէ»-ն, չնայած առկայ նախկին գաղափարական եւ յետագայ կառուցուածքային դժուարութիւններին, կարողացաւ հնարաւորինս օգտակար եւ մեծածաւալ գործ կատարել: Նկատի ունենք մանաւանդ այն, որ Խորհրդային օրերի՝ կառավարութեանն առընթեր տերմինաբանական կոմիտէն վերջին տասնամեակում կազմալուծուելով, կորցրեց իր գլխադասային գոյավիճակը (Status quo) եւ անընդհատ ձեւափոխուելով վերածուեց պետական տարբեր կառոյցների ենթակայութեան կոյր աղիքի: Արդարեւ, 2006թ. Երեւանում հրատարակուած «Տերմինաբանական եւ ուղղագրական տեղեկատու (1956-2006)» գրքում ներկայացուած որոշումները սկզբում ընդունել է «Կառավարութեանն առընթեր տերմինաբանական կոմիտէ»-ն, ապա նորաստեղծ՝ «Կառավարութեանն առընթեր հայերէնի բարձրագոյն խորհուրդ»-ը (անուանափոխում), յետագային՝ «Կառավարութեանն առընթեր լեզուի պետական տեսչութեան հայերէնի բարձրագոյն խորհուրդ»-ը (աւելացել է նոր օղակ՝ լեզուի պետական տեսչութիւնը), իսկ ներկայում՝ «ՀՀ կրթութեան եւ գիտութեան (ԿԳ) նախարարութեան լեզուի պետական տեսչութեան հայերէնի բարձրագոյն խորհուրդ»-ը (այսինքն՝ կառավարութեանը փոխարինեց ՀՀ ԿԳ նախարարութիւնը): Ըստ երեւոյթին, այսօր որոշումները ընդունում է Հայերէնի Բարձրագոյն Խորհրդը, հրամանագրում է Լեզուի Պետական Տեսչութեան պետը, իսկ վերջում հաստատում է ԿԳ նախարարը (անտեսւում է նախարարի լեզուգէտ չլինելու հանգամանքը): Այսպիսով, լեզուական կառոյցը կորցրեց նախկին ենթաստորագայութեան (սուբօրդինացիայի) մակարդակը՝ կառավարութեանը կից լինելը: Մեր կարծիքով աւելի տրամաբանական պիտի լինէր լեզուական կառոյցում որպէս վերին մարմին տեսնել Լեզուի Պետական Տեսչութիւնից անկախ կարգավիճակով Հայերէնի Բարձրագոյն Խորհուրդը՝ բառաշինական եւ ուղղագրա-քերականական իր պարտականութիւններով (բարձրագոյն բառը դա է յուշում): Իսկ Լեզուի Պետական Տեսչութիւնը պիտի ունենար հսկողական (տեսչական) գործառնութիւն՝ Հայերէնի Բարձրագոյն Խորհրդի ընդունած որոշումների եւ պետութեան լեզուական քաղաքականութեան կենսագործման տիրոյթում (լեզուի, խօսքի, գովազդի մաքրումը ամէն տեսակի օտարաբանութիւններից եւ գրական լեզուի պարտադրումը տեղեկատուական ասպարէզում): Բնականաբար, պարտադրման կարողութիւն ունենալու համար լեզուական այդ կառոյցները պէտք է լինէին ոչ թէ ԿԳ նախարարութեանը ենթակայ, այլ՝ կառավարութեանը կամ Ազգային ժողովին (դրա շնորհիւ նաեւ իշխանաւորները տեղեակ կը լինէին լեզուական պահանջներին): Ներկայ՝ գրեթէ իրաւազուրկ, վիճակում Լեզուի Պետական Տեսչութիւնը չի կարողանում լուծել հեռատեսիլով մաքուր գրական հայերէնով հաղորդումների եւ գովազդային օտար ու անիմաստ ցուցանակների հարցը: Մամուլը լեցուն է միջազգային օտար բառերով: Իսկ պատգամաւորական թեկնածուները մարզերում քարոզում էին գիւղացուն օտար եւ անհասանելի՝ իմիջ, մեսիջ, մոնոպոլիա, դիվերսիֆիկացիա բառերով: Ուրուագծւում է այն անուրախ եզրայանգումը, որ, սփիւռքը՝ ի դէմս հայրենիքի, կորցնում է ազգապահպանման յենարանը: Ո՞ւմ օրինակին հետեւի կամ ո՞ւմ վրայ յենուի սփիւռքը: Եւ դեռ օտարաբանութեամբ աղճատուած ու վտանգուած մայրենիով հայրենիևքն է սփիւռքին յորդորում չօտարանալ, լեզուն պահել՝ հայ մնալու համար: Այստեղ են ասել՝ «Բժիշկ, բժշկեայ զանձն քո»:

ՆՇԱՆ ՈՐԲԵՐԵԱՆ

(շարունակելի)

(«Մեսրոպեան Ուխտ» լեզուապահպանական միութիւն)       

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031