Կամ ինչպես օպտիմալացնել կրթական ծառայությունները
Ավարտվեցին ընդունելության քննությունները, եւ հաջողակ դիմորդները անհամբեր սպասում են համալսարանամուտին, առանց կասկած ունենալու, թե ստանալու են արդյո՞ք որակյալ կրթություն, որը մրցակցային կլինի ոչ միայն հայրենական, այլեւ միջազգային աշխատաշուկայում: Սակայն սոցիոլոգիական հարցումները վկայում են (տես՝ ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքը), որ շրջանավարտների միայն 36.7%-ի մոտ են լիովին արդարացվել բուհից ակնկալիքները: Հատկանշական է, որ նրանցից միայն 29.9%-ն է գտնում, որ կհամարվի որակյալ եւ պահանջված մասնագետ աշխատաշուկայում, իսկ ընդամենը 3.8%-ի կարծիքով է, որ իրենց դասավանդում են որակյալ դասախոսներ:
Կրթության որակի ապահովման լուրջ գրավական է հանդիսանում կրթական ծառայությունների մատուցման պատշաճ ֆինանսավորումը, որը, մեղմ ասած, մեր հանրապետությունում նորմալ վիճակում չէ: Նույնիսկ ՊՈԱԿ-ներ հանդիսացող բուհերում պետությունը ֆինանսավորում է համալսարանական ծախսերի շուրջ 30%-ը, իսկ մնացած մասը լրացվում է կրթավճարների հաշվին: Իսկ կրթավճարները, որոնք արեւմտյան բուհերում գերազանցում են տարեկան 20 000 ԱՄՆ դոլարի շեմը, չեն կարող կիրառվել սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր ուսանողության շրջանում: Արդյունքում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ հայրենական բուհերը ի զորու չեն լուրջ ներդրումներ կատարելու կրթական համակարգում (ժամանակակից լաբորատորիաներ, լսարաններ, համակարգչային սրահներ, արտասահմանից պահանջված դասախոսների հրավերներ, հայրենական դասախոսների արտասահմանում վերապատրաստումներ, համալսարանական գիտահետազոտական լայնածավալ ծրագրերի իրագործումներ եւ այլն) եւ մի կերպ, ձեւավորված սուղ միջոցներով են կազմակերպում կրթական գործընթացը: Ահավասիկ, ունենք ցածր վարձատրվող եւ մի քանի բուհերում ոչ արդյունավետ աշխատող պրոֆեսորադասախոսական անձնակազմ, չթարմացվող գրականությամբ գրադարաններ, հնացած լաբորատորիաներ, տարիներով չվերապատրաստվող դասախոսներ, ակադեմիական շարժունության հնարավորությունից զրկված ուսանողներ, որով, բնականաբար, չի ապահովվում կրթության մրցակցային անհրաժեշտ որակ:
Կունենամ ընդդիմախոսների մեծ բանակ, երբ առաջարկեմ կրթության ֆինանսավորման հիմնախնդիրը լուծել կրթավճարների կտրուկ ավելացմամբ, որը կարող էր ինչ-որ տեղ արդարացվել, եթե հանրապետությունում գործեր ուսանողական վարկերի տրամադրման արդյունավետ համակարգ: Ցավոք, դա էլ չունենք, եւ մեզ առայժմ մնում է մի ճանապարհ՝ ռեզերվներ որոնել կրթության ֆինանսավորման գործող համակարգի ներսում, իսկ դրանք առկա են թե բուհի ներսում եւ թե դրանից դուրս ու չգիտես թե ինչու, անտեսվում են մեր կողմից: Այսպես, նախ եւ առաջ պետությունը ինքը պետք է պայմաններ ստեղծի ուսանողական վարկերի ակտիվացման ուղղությամբ, այդ ուղղությամբ երաշխավոր հանդես գալով եւ հարկային արտոնություններ տրամադրելով առեւտրային բանկերին: Բացի այդ, բուհերին նույնպես պետք են հարկային արտոնություններ, որպեսզի նրանք չհայտնվեն խոշոր հարկատուների ցանկում: Թե չէ՝ այնպես է ստացվում, որ պետական համալսարանները, որոնք ՊՈԱԿ-ներ են եւ առեւտրային գործունեություն չեն իրականացնում, շահույթ չեն հետապնդում, ամեն տարի հայտնվում են խոշոր հարկատուներ հանդիսացող զանազան գրուպների եւ հոլդիգների ցուցակում, որն, իմ կարծիքով, պետականամետ դիրքորոշում չէ:
Բուհերը նույնպես պարտավոր են սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել կրթության ֆինանսավորման ներքին ռեզերվների բացահայտման ուղղությամբ: Կարծում եմ, որ արդարացված չէ պրոֆեսորադասախոսական անձնակազմի առկա թվաքանակը: Եթե արեւմտյան բուհերում մեկ դասախոսի հաշվով ուսանողների թվաքանակը նվազագույնը 20 հոգի է, մեզ մոտ այն միջին հաշվով կազմում է 11 հոգի: Նույնը վերաբերում է ուսումնաօժանդակ անձնակազմին, որը մեր պետական բուհերում կազմում է աշխատողների համակազմի 30%-ից ավելին, իսկ մասնավոր բուհերում այն չի գերազանցում 10% սահմանագիծը: Ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ռեզերվներ են առկա նաեւ միջհամալսարանական համագործակցության ոլորտում: Ժամանակն է, որ անցում կատարվի ակադեմիական կրեդիտների ձեւական կուտակումից՝ խորքային բարեփոխումների, երբ կրեդիտները ազատորեն կփոխանակվեն համալսարանների միջեւ եւ դրանով իսկ բուհերը «կձերբազատվեն» մի շարք առարկաների դասավանդումից, որոնց գծով ուսանողները կներկայացնեն այլ համալսարաններից վաստակած կրեդիտներ: Այդպիսով, ականատեսը կդառնանք միջհամալսարանական համագործակցության արդյունքում կրթական ծառայությունների օպտիմալացմանը եւ ֆինանսական ռեսուրսների տնտեսմանը:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
«Առավոտ» օրաթերթ