Այս կարծիքին են մասնագետները հայկական «Տուրանդոտի» պրեմիերայից հետո
Համաշխարհային օպերային գրականության գլուխգործոցներից Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի հայաստանյան պրեմիերան (համերգային կատարում), որը կայացավ հուլիսի սկզբին, շարունակվում է մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում՝ իբրեւ տարվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը: Օպերային արվեստի հայաստանցի հանդիսատեսը միշտ չէ, որ առիթ է ունենում առնչվելու օպերային արվեստի գոհարներին՝ մատուցված այնպիսի պատշաճ մակարդակով, ինչպիսին էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի «Տուրանդոտի» մեկնաբանությունը:
«Առավոտի» հետ զրուցած ճանաչված արվեստագետները, այդ թվում՝ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Վաչե Շարաֆյանը, Երվանդ Երկանյանը, դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանը, Յուրի Դավթյանը, Ռոբերտ Մլքեյանը եւ մյուսները հիացական արտահայտություններ հղեցին «Տուրանդոտի» համերգային կատարմանն ընդգրկված Ֆիլհարմոնիկ նվագախմբի, պետական ակադեմիական եւ «Սպեղանի» երգչախմբերի, ծանոթ մեներգիչներ Իրինա Զաքյանի, Սարգիս Թորոսյանի, Ռիչարդ Մադլենյանի, Գուրգեն Բավեյանի, Սարգիս Աղամալյանի, Պերճ Քարազյանի, Հովսեփ Նշանյանի, աշխարհին ծանոթ հարավ-կորեացի տենոր Էնրիկո Լիի հասցեին, հայտնություն անվանելով առաջին անգամ «դաժան»՝ Տուրանդոտի դերերգով հանդես եկած մեր մշակութային աշխարհին ոչ շատ ծանոթ Սիրանուշ Գասպարյանին, վերջինիս կատարումը որակելով առանցքային: Ռոբերտ Մլքեյանը նույնիսկ հավաստիացրեց, որ հայկական «Տուրանդոտը» ձեռնոց նետեց իտալացիներին:
Սիրանուշ Գասպարյանի արվեստին «Առավոտն» անդրադարձել է 2009-2010թթ.՝ Կամերային երաժշտության տանը Ռուբեն Ասատրյանի ղեկավարած «Վերածնունդ» կամերային նվագախմբի հետ ունեցած ելույթին, իսկ այս տարվա գարնանը կայացած Հեղինե Տեր-Ղեւոնդյանի անվան երիտասարդ կոնցերտմայստերների հանրապետական մրցույթում երգչուհին ճանաչվել է լավագույնը, նրա կոնցերտմայստերը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանն էլ արժանացել է Գրան պրիի: Հարուստ բեմական կենսագրություն չունի երգչուհին. այսօր աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոնցերտմայստերության պատրաստման ամբիոնում՝ որպես իլյուստրատոր: Կարեւորն այս դեպքում ոչ թե երգչուհու աշխատանքային զբաղվածությունն է, որքան նրա երգչական բացառիկ որակը, ինչը թույլ տվեց Հայաստանում առաջինը ներկայացնելու օպերային գրականության բարդագույն պարտիաներից մեկը:
Իսկ ինչու է Սիրանուշ Գասպարյան անունը անհայտ օպերասեր հասարակությանը: Ըստ երգչուհու՝ պատճառներից մեկը իր գեղեցիկ ընտանիքով զբաղված լինելն է: Տարածված այն խոսակցություններին, թե ամուսինը՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի տնօրեն տեր Ասողիկն է մեղավոր, որ երգչուհուն չենք հանդիպում մեր համերգասրահներում ու օպերային թատրոնում, Սիրանուշը պարզաբանեց. «Ամուսինս գիտակ է դասական երաժշտության: Այո, ինչ-որ տեղ նա ինձնից լավ գիտի բարձրարվեստ երաժշտության ու դրանց մեկնաբանների «գինը»: Ինչ վերաբերում է օպերային թատրոնի բեմում հանդես գալուն, ես նախընտրում եմ օպերաների համերգային կատարումները: Տեւական ժամանակահատված է՝ համագործակցում եմ դաշնակահար-կոնցերտմայստեր Աննա Մանդալյանի հետ»: Ռեպլիկին, թե Տուրանդոտից հետո կարծես հնարավոր չէ այլ դերերգով զարմացնել, մեր զրուցակիցն ասաց, որ իրեն հոգեհարազատ են, օրինակ, Վագների օպերաները:
Անդրադառնալով Սիրանուշի Տուրանդոտին՝ նշենք, որ մեզ հետ զրուցած արվեստագետները հավաստիացրին, թե հայ երգչուհին հենց այս դերերգով կարող է դուրս գալ ցանկացած բեմ: Հավելենք, որ այսօր աշխարհում լավագույն տուրանդոտներից մեկը մեր հայրենակցուհին է՝ Մարինա Մուրադյան-Գուլագինան, որին մոտ քառորդ դար առաջ Երեւանի օպերային թատրոնի ղեկավարությունը մերժել է ընդունել աշխատանքի, իսկ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը գրկաբաց է ընդունել: Ներկայումս 5 տարի պայմանագրով Մարինան աշխատում է «Մետրոպոլիտեն» թատրոնում: Պարադոքսն այն է, որ ազգությամբ հայ երկու տուրանդոտները մեր թատրոնի պատերից դուրս են…
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ