2012թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը եւ բաց կրակի ներգործությունը: Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները՝ դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում:
Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով բուժօգնության էր դիմել 179 մարդ, որոնց առողջությանը պատճառված վնասվածքների աստիճանները պարզելու համար նույնպես նշանակվել էին փորձաքննություններ: Դրանց համաձայն՝ 107 հոգի ստացել էր թեթեւ, 1-ը՝ ծանր, 48-ը՝ միջին ծանրության, 18-ը՝ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, իսկ 5 անձ մարմնական վնասվածք չի ստացել:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ստեղծվել էր անգամ օպերատիվ-քննչական խումբ:
Նշենք, որ սույն հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման կամ օգտագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Չարաբաստիկ այս դեպքը եւս մեկ անգամ ի ցույց դրեց, թե որքան անպաշտպան են մեր քաղաքացիները եւ որքան անհասու իրենց անվտանգության նկատմամբ, որի մասին պատկան մարմիններն ընդհանրապես մոռացել են: Քանզի ոչ միայն մեթանով լցված փուչիկները տալիս ենք մեր երեխաների ձեռքն ու զարդարում մեր հանդիսությունները, այլ անգամ այդ հարցն ընդհանրապես կանոնակարգված չէ:
Մեթանն այրվող գազ է, որն օդի հետ առաջացնում է պայթյունավտանգ խառնուրդ։ Փորձագետները պարզել են, որ մեթան գազով լիցքավորված փուչիկները պայթել են փուչիկների տեղակայման հատվածում առաջացած պայթյունավտանգ խառնուրդի պայթյունի եւ պայթյունի գործոնների, մասնավորապես՝ բարձր ջերմաստիճանի եւ բաց կրակի ներգործությունից։ Պայթելուց հետո փուչիկների ռետինե մնացորդները բռնկվել են՝ առաջացնելով հրդեհի լոկալ օջախներ։
Պայթյունավտանգ խառնուրդն ամենայն հավանականությամբ առաջացել է փուչիկներից մեթան գազի արտահոսքի հետեւանքով, իսկ խառնուրդի բոցավառումը հարուցվել է բաց կրակի աղբյուրից, ինչպիսին են այրվող լուցկին, կրակայրիչը եւ այլն։ Համենայնդեպս մասնագետները պայթած փուչիկների մնացորդների վրա պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքավորման պայթյունին բնորոշ հետքեր, ինչպես նաեւ պայթուցիկ նյութերի հետքեր եւ պայթյունի արգասիքներ չեն հայտնաբերել:
Նշենք, որ բնական (մեթան) գազը նախատեսված է արտադրական եւ կոմունալ-կենցաղային օգտագործման համար որպես հումք եւ վառելիք, իսկ սեղմված բնական (մեթան) գազը կիրառվում է որպես տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների այլընտրանքային վառելիք։ Տվյալ ոլորտների համար գործում են համապատասխան հրդեհային եւ տեխնիկական անվտանգության կանոններ, եւ դրան զուգահեռ չկա որեւէ նորմատիվ իրավական ակտ՝ մեթան գազով փուչիկներ լիցքավորելու համար:
Մեր ունեցած տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել են փուչիկները լիցքավորած եւ Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները: Սակայն հարց է ծագում, եթե առ այսօր մեզանում կանոնակարգված չեն գազով փուչիկները լիցքավորելու մեխանիզմն ու պայմանները, ապա ո՞ր կանոնը խախտելու համար պետք է հասարակ փուչիկ լիցքավորողին կամ այն բռնողին պատասխանատվության ենթարկեն: Պատասխանատուն նախեւառաջ այն գերատեսչությունն ու պաշտոնատար անձինք են, որոնց թողտվությամբ նշված ոլորտը մնացել է առանց կանոնակարգման: Արդեն մի քանի տարի է, որ մեր երկրում փուչիկները լիցքավորվում են գազով եւ այդ մասին պետք է որ տեղյակ լինեին նաեւ համապատասխան մարմինները, որոնք, սակայն, ոլորտը կանոնակարգել չեն շտապել: Որ չեն շտապել կամ քայլ իսկ չեն ձեռնարկել, ակնհայտ է դառնում նորմատիվ իրավական ակտի բացակայության փաստով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ