Լրահոս
Օրվա լրահոսը

«6 կետերից հիմնավոր է ճանաչվել միայն մեկը»

Հուլիս 12,2012 13:36

Պնդում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

– Մի շարք լրատվամիջոցներ, նաեւ «Առավոտը»՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանի դիմումի քննությանը, նշել են, որ վերջերս Եվրադատարանն իր վճռով բավարարել է փաստաբանի հայցը եւ եզրակացրել, որ ՀՀ կառավարությունը փաստաբանի նկատմամբ կալանք կիրառելով՝ խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը (ազատության իրավունք) եւ նույն կոնվենցիայի 6-րդ մասը՝ արդար դատավարություն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկատվությունը:

– Վահե Գրիգորյանը դիմել է Եվրոպական դատարան՝ նշելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելով, իրեն ձերբակալելով, այնուհետեւ իրեն կալանավորելով եւ դրան հաջորդող գործընթացներով խախտվել են իր հետեւյալ իրավունքները. անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, արդար դատաքննության իրավունքը, որը սահմանվել է 6-րդ հոդվածով ազատ արտահայտվելու իրավունքը: Այսինքն՝ խախտվել են կոնվենցիայի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ հոդվածներով սահմանված իրավունքները: Ընդ որում՝ 10-րդ հոդվածի հետ կապված նա պնդում էր, որ իր նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ինքը պաշտպանում էր Բուզանդի փողոցի իրենց տներից վտարված բնակիչների իրավունքները, եւ դրանով փորձ է արվել խախտել նրա ազատ արտահայտվելու իրավունքը:

Արդյունքում Եվրոպական դատարանում վիճարկվել է 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված իրավունքը, 6-րդ հոդվածի առաջին մասով սահմանված իրավունքը եւ 10-րդ հոդվածը: Այսինքն՝ 6 կետերով նախատեսված իրավունքի խախտման մասին Վահե Գրիգորյանը դիմել է Եվրոպական դատարան եւ դրա դիմաց պահանջել 128 400 եվրո: Բոլոր այդ հարցերի հետ կապված կառավարությունը Եվրոպական դատարանին ներկայացրել է սպառիչ առարկություններ: Դրանց հիման վրա Եվրոպական դատարանը սկզբունքորեն անընդունելի է ճանաչել Վահե Գրիգորյանի հայցի բոլոր կետերը՝ բացառությամբ մեկի: Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանը համարել է, որ անձի ազատության եւ անձեռնմխելիության առումով (կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1, 3, 4, 5-րդ կետեր) պետությունը որեւէ խախտում թույլ չի տվել: Այսինքն՝ նրա ձերբակալումը, կալանավորումը, քրեական հետապնդման հարուցումը եղել են ՀՀ օրենսդրության եւ Եվրոպական կոնվենցիայի սահմաններում ու շրջանակներում: Այս պարագայում Եվրոպական դատարանն անընդունելի է համարել վերջինիս պահանջները եւ մերժել է: Անընդունելի են համարվել նաեւ կոնվենցիայի 10-րդ հոդվածով, այսինքն՝ խոսքի ազատության ենթադրյալ խախտման վերաբերյալ Վահե Գրիգորյանի պնդումները. դատարանը համարել է, որ դրանք ընդհանրապես առնչություն չունեն խնդրո առարկայի հետ:

Այսպիսով՝ դատարանը հիմնավոր է համարել միայն մեկ փաստարկ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք: Եվ այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվել է առնվազն 2005 թ. հունիսի 10-ից մինչեւ 2010 թ. սեպտեմբերի 10-ը, դատարանը այդ ժամանակահատվածը համարում է ողջամիտ ժամկետի խախտում, գործի քննության իրավունքի խախտում: Եվ միայն հենց այդ հիմքով ներկայացված 128 400 եվրոյի պահանջի դիմաց դատարանը հատկացրել է 2500 եվրո:

Մասնագիտական կոռեկտության սահմաններից դուրս համարեց հայտարարությունը, ըստ որի՝ դատարանը եզրակացրել է, որ պետությունը խախտել է կոնվենցիայով նախատեսված 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ ազատության իրավունքի, եւ կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի, պահանջը: Այն դեպքում, երբ վճռի եզրափակիչ մասում նշվում է, որ անընդունելի է ճանաչվել հատկապես 5-րդ հոդվածի մասով ներկայացված պահանջը, որ դրանով խախտում չկա:

Ինչ վերաբերում է կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտմանը (խոսքի ազատությունը) եւ դրա համար իրեն քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա Եվրոպական դատարանը այս պնդումը եւս համարել է անընդունելի: Կարող ենք փաստել հետեւյալը. Վահե Գրիգորյանը իմ պրակտիկայի ընթացքում բավականին շատ գործեր է ներկայացրել Եվրոպական դատարան եւ պետք է որ ավելի փաստարկված ու հիմնավորված ներկայացներ իր պահանջները: Այն հանգամանքը, որ ինքը Եվրոպական դատարան դիմում է վեց հոդվածի խախտման պահանջով, մինչդեռ դատարանը ընդունելի է համարում միայն մեկը, այն էլ միայն երկարաժամկետության առումով, սա զուտ պրոֆեսիոնալ տեսակետից հաղթանակ չէ իրեն հարգող փաստաբանի համար:

Ինչպես Եվրոպական դատարանի կողմից քննված յուրաքանչյուր գործով, այս գործով եւս ինքը, որպես կառավարության ներկայացուցիչ, մանրամասն քննարկելու է, թե այդ ողջամիտ ժամկետի խախտումը արդյոք ունի սուբյեկտի՞վ, թե՞ օբյեկտիվ պատճառներ: Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պատճառներ, այսինքն նախաքննություն իրականացնող քննիչը կամ նախաքննության օրինականության նկատմամբ հսկող դատախազը պատշաճ հետեւողականություն չեն դրսեւորել ողջամիտ ժամկետը պահպանելու համար, միանշանակ դիմելու եմ համապատասխան մարմիններին, այսինքն՝ իրենց վերադասներին՝ առնվազն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելացնեմ, որ ողջամիտ ժամկետի չպահպանումը բլանկետային նորմ չէ, այն ավելի շատ տարածական եւ նախադեպային վերլուծությունների արդյունքում քննարկման ենթակա իրավունք է, որն այս դեպքում դատարանը համարել է, որ խախտվել է: Եվ սա շատ լավ գիտեն բոլոր իրավաբանները, այդ թվում եւ Վահե Գրիգորյանը: Իսկ հանգամանքների ընդհանուր վերլուծությունից այնպիսի տպավորություն է, որ դատարան դիմելիս հարգելի փաստաբանը իր փաստարկները հիմնավորելու տեսանկյունից փաստաբանի խորհրդատվության պակաս է ունեցել:

Գրի առավ ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031