Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնահաստատման ձեւ

Հուլիս 12,2012 13:11

Մի քանի տարի առաջ, երբ ԲՀԿ-ն «ուղղափառ իշխանամետ» էր, ֆեյսբուքյան-կայքային ակտիվիստները եւ հատկապես ակտիվիստուհիները որպես թիրախ ընտրել էին Նաիրա Զոհրաբյանին: Երբ ես կոչ էի անում ավելի զուսպ արտահայտվել կնոջ մասին, այդ «պայքարողները» արդարանում էին, թե խոսում են ոչ թե կնոջ, այլ տվյալ կուսակցության եւ ընդհանրապես իշխանության ներկայացուցչի դեմ: Հիմա, երբ ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի (եւ, հետեւաբար, նաեւ վերոհիշյալ ակտիվիստ-ակտիվիստուհիների) հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, Նաիրային, բարեբախտաբար, հանգիստ են թողել:

Փոխարենը հայտնվել է նոր թիրախ՝ Շուշան Պետրոսյանը: Անուններ ունեցող եւ անանուն օգտատերերը բառեր չեն ընտրում՝ նրան հայհոյելու համար, եւ ինչպես նախորդ անգամ, դրա համար փնտրում են բարձր քաղաքական եւ բարոյական հիմնավորումներ: Զուտ մասնագիտորեն կարող եմ ասել, որ Շուշանը լավ է երգում, ու այդ առումով Արաքս Մանսուրյանից հետո բնությունը, այսպես ասած, չի հանգստացել ժառանգի վրա: Ճիշտ է, ցանկալի է, որ երգացանկի եւ ելույթների վայրերի ընտրության հարցերում նա լիներ ավելի բծախնդիր՝ Շուշանին երբեմն կարելի է տեսնել անկապ պաշտոնական համերգներում թույլ գործեր կատարելիս, բայց դա էլ է հասկանալի՝ այդ համերգներն են երգչուհու հացը: Առանց որեւէ զուգահեռի պարզապես հիշեցնեմ, որ, ասենք, Մարտիրոս Սարյանն ունի բազմաթիվ պարտիական աշխատողների եւ գեներալների դիմանկարներ, բայց դա ամենեւին չի նսեմացնում մեր գեղանկարչի տաղանդը: Մի խոսքով, որպես երգչուհի Շուշանն արժանի չէ այն էպիտետներին, որոնք այդքան շատ են սիրում ժողովրդավարության առաջամարտիկները:

Այլ խնդիր է, թե ինչու է նա դարձել պարտիական: Շատ սխալ է արել՝ նման քայլին դիմելու անհրաժեշտությունն այսօր բացարձակապես չկա: Դարձյալ չփորձելով որեւէ համեմատություն անել (որովհետեւ համեմատության եզր, բնականաբար, չկա)՝ հիշեցի մի պատմություն: Դմիտրի Շոստակովիչը ԽՄԿԿ անդամ դարձավ հասուն տարիքում՝ 1960 թվականին, երբ արդեն 54 տարեկան էր: Այդ օրը նա վերադարձավ տուն, ասելով կնոջը՝ «Ինձ ստիպել են, շանտաժել են, եթե դու ինձ սիրում ես, երբեք մի՛ հարցրու, թե ինչու է դա տեղի ունեցել»: Դրանից հետո նա մի քանի օր հաղթահարում էր սթրեսը ավանդական ռուսական մեթոդներով: Այսօր չկան մարդկանց պարտադրելու, նվաստացնելու այն գործիքները, որոնք գոյություն ունեին 50 տարի առաջ, եւ երբ մտավորականը, արվեստի գործիչը կուսակցական կրծքանշան է կպցնում, դա այլ կերպ, քան սուպերկոնֆորմիզմ՝ չի կարելի բնութագրել: Բայց այդ սխալը գործել է ոչ միայն Շուշան Պետրոսյանը՝ պարտիական են դարձել նաեւ, օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանը եւ Արա Երնջակյանը, որոնց տաղանդը նույնպես ոչ ոք չի կարող վիճարկել:

Ինչո՞ւ են, ուրեմն, ամենաշատ հարվածները հասնում Շուշանին: Պատասխանը պարզ է եւ քաղաքականության հետ կապ չունի. մեզանում, ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք հակված են վիրավորել հե՛նց կնոջը եւ այդպիսով ինքնահաստատվել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031