Իրանի Իսլամական Հանրապետության Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ալիռեզա Բեյգիի գլխավորած պատվիրակությունը ժամանել էր Սյունիքի մարզ: Հարավային մարզ կատարած այցելության ընթացքում՝ Սյունիքի մարզի եւ ԻԻՀ Արեւելյան Ատրպատականի նահանգի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր` միջմարզային համագործակցության, տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, առողջապահության, տնտեսության, առեւտրի, սպորտի, գյուղատնտեսության, բնապահպանության եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության խթանման նպատակով:
Կնքված հուշագրի համաձայն` երկու վարչատարածքային միավորների տնտեսությունների տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը շարունակվելուց բացի՝ ձեռք կբերվեն նոր համաձայնություններ այլ ոլորտներում եւս:
Իրանական կողմը պատրաստակամ եղավ իր ներդրողներին ներկայացնելու Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում սպանդանոցի եւ Սիսիանի տարածաշրջանում համակցված կերերի արտադրամասի համատեղ ձեռնարկություններ հիմնելու նախագծերը:
Սյունիքի մարզի պատվիրակության առաջարկի հիման վրա` Գորիսում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց երկու երկրների միջեւ տրանսպորտային միջոցների երթեւեկությունն առավել մատչելի դարձնելու եւ այլ հարցեր, ինչպես նաեւ համոզմունք հայտնվեց, որ երկու պետությունների որդեգրած քաղաքականությունը կնպաստի տնտեսական կապերի ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ խոսք գնաց նաեւ երկու մարզերում հյուպատոսություններ ստեղծելու նախկինում ձեռք բերված համաձայնության մասին եւ երկու կողմերը պատրաստակամություն հայտնեցին քայլեր ձեռնարկել այն իրականացնելու համար:
Սյունիքում կայացած հանդիպման ժամանակ մարզ հյուրընկալված իրանական կողմից Սյունիքի մարզպետին փոխադարձ այցելության հրավեր եղավ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ