Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի գործը՝ փակուղո՞ւմ

Հուլիս 12,2012 12:07

Ֆոտոլուր

Նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի առնչությամբ Ազգային անվտանգության ծառայության կողմից «փողերի լվացման» մեղադրանքով հարուցված քրեական գործում կարծես թե տեղաշարժ չկա:

Համենայն դեպս, այդ գործի ընթացքի հետ կապված որեւէ հրապարակային տեղեկություն չի հաղորդվում: Բավականին երկար ժամանակ է նաեւ, ինչ հարցաքննության չեն հրավիրում Վ.Օսկանյանին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի Քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցել Վ.Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ: ԱԱԾ-ն պնդում է, որ հիմնադրամը թաքցրել է հարկերը: Վ.Օսկանյանի եւ նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անուններով բացված հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 135 հազար դոլար, որն, ըստ ԱԱԾ-ի` «խնդրահարույց գումար է»:

Վ.Օսկանյանը, հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, հիմնադրամի աշխատակազմից ու խորհրդից երկուական անդամներ այդ գործով անցնում են որպես վկա: Վ.Օսկանյանն ու Ս.Ղազարյանը ԱԱԾ-ում արդեն մի քանի անգամ հրավիրվել են հարցաքննության, բայց ցուցմունք չեն տվել: Վերջին անգամ Վ.Օսկանյանը ԱԱԾ է հրավիրվել հունիսի 25-ին, եւ այդ օրվանից «Սիվիլիթասի» նկատմամբ հարուցված քրեական գործի հետ կապված պատկան մարմինների կողմից որեւէ տեղեկատվություն չի հրապարակվել: Միակ նորությունն այն է, որ Պետեկամուտների կոմիտեն մոտ 2 շաբաթ առաջ ստուգումներ է սկսել «Սիվիլիթասում»: Եվ այս գործը կարծես թե հայտնվել է փակուղում: Նաեւ ավելի քան երկու շաբաթ է, ինչ հիմնադրամի պատասխանատուներին հարցաքննության չեն հրավիրում: Եվ ընդհանրապես հայտնի չէ, թե ԱԱԾ-ն փաստեր ունի՞ ապացուցելու համար, որ Վ.Օսկանյանն իր հիմնադրած «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացմամբ է զբաղվել: ԱԱԾ լրատվական ծառայության պատասխանատու Արծվին Բաղրամյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում որեւէ նոր տեղեկատվություն կամ մեկնաբանություն չի ներկայացրել: Ընդամենն ասել է, որ «նախաքննությունն ընթանում է, եւ նախաքննությունից ելնելով` ավելի ոչինչ չի կարող ասել»:

Հարկային ծառայությունից նույնպես չեն հայտնում` արդյոք ստուգումների ընթացքում ԱԱԾ-ի մատնանշած 1մլն 135 հազար դոլար «խնդրահարույց գումարի» հետ կապված չարաշահումներ կամ հարկային վճարումներից խուսափելու փաստեր հայտնաբերե՞լ են, թե՞ ոչ: Ավելացնենք, որ ՊԵԿ-ը ստուգումներ է անցկացնում «Սիվիլիթաս» հիմնադրամի հարկային գործունեությունը վարող «Պարադիգմա Արմենիա» ընկերությունում: Ս.Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե այդ ստուգումների արդյունքում ՊԵԿ-ը կոնկրետ ինչ տվյալներ է հայտնաբերել: Ասաց, որ տեղյակ չէ նաեւ այդ ստուգումների հետ կապված որեւէ մտահոգության մասին: Հակառակը` լսել է, որ «ամեն բան լավ է գնում»: «Միայն ենթադրում եմ, որ, ինչպես եւ ակնկալում էինք, այնտեղ գտնելիք բան չկա: Ենթադրում եմ, որ ինչպես մենք ակնկալում էինք, կփաստվի, որ այնտեղ ոչ մի հարց չկա: Եվ սա իսկապես ուրիշ` հավանաբար քաղաքական հետաքրքրություններով մղված գործընթաց էր, որը շուտով կավարտվի, որովհետեւ որեւէ մեկին օգուտ չէ»,- ավելացրեց Ս.Ղազարյանը:

Վերջինս նաեւ տեղեկացրեց, թե առաջիկա օրերին հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանի հետ միասին այդ գործի հետ կապված ասուլիս կհրավիրեն:

«Սիվիլիթասի» նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկատվությունից կարճ ժամանակ հետո, կարծես թե ի պատասխան իշխանություններին` արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 150.000 դոլար նվիրաբերեց հիմնադրամին: Այնուհետեւ հիմնադրամը հայտարարություն հրապարակեց, որով շնորհակալություն էր հայտնում բոլոր այն երկրներին, ովքեր այս մի քանի տարիների ընթացքում իրենց նվիրատվություն են արել: Եվ կարծես թե հատուկ շնորհակալություն հայտնվեց Նորվեգիայի կառավարությանը, որը նույն այդ օրերին 1,5 մլն դոլարի աջակցություն էր հաստատել, եւ որը կտրամադրվի սեպտեմբեր ամսից: Բացի այդ, հունիսի 14-ին Հայաստանում հավատարմագրված` ԱՄՆ եւ եվրոպական մի շարք երկրների դեսպաններ այցելել են «Սիվիլիթաս»: Այդպիսով միջազգային հանրությունն անուղղակի կերպով մեր իշխանություններին հասկացրեց, որ ուշադրության կենտրոնում է պահում հիմնադրամի եւ Վ.Օսկանյանի հետ կապված զարգացումները: Եվ այդ հանդիպումից կարճ ժամանակ հետո հարուցված քրեական գործի մասին տեղեկատվությունը դադարեց, ինչը ենթադրելու տեղիք տվեց, թե մեր իշխանություններն այդ գործում հայտնվել են փակուղում: Այսինքն` ԱԱԾ-ին պատվիրել են գործ հարուցել, բայց այն առաջ տանել չեն կարողանում միջազգային ուշադրության եւ լուրջ խախտումներ չհայտնաբերելու պատճառով: Մեր տեղեկություններով` իշխանությունները հիմա փորձում են ելքեր գտնել այդ փակուղուց դուրս գալու համար, որպեսզի կարողանան ապացուցել, որ արդարացված էր քրեական գործի հարուցումը: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ այս դիտարկման հետ: Նրա խոսքերով` իշխանությունները երբեք փակուղում չեն հայտնվում: «Իսկ ինչ վերաբերում է այդ գործին, ճիշտն ասած, ինֆորմացված չեմ: Գործը հետաքննության պրոցեսում է, եւ կարելի է տեղեկատվություն ստանալ հետաքննող մարմնից»,- ասաց Գ.Սահակյանը:

Ի դեպ, Վ.Օսկանյանի հետ կապված այդ քրեական գործի հարուցումը քաղաքական շրջանակներում կապվում էր թե իշխանությունների հասցեին ուղղված նրա սուր քննադատությունների, եւ թե նրա հետագա քաղաքական գործունեության հետ: Նախկին արտգործնախարարը երբեք չի հերքել 2013թ. նախագահական ընտրություններում առաջադրվելու հավանականությունը: Այսօր նաեւ շրջանառվում է որոշ ուժերի կողմից նրա` միասնական թեկնածու լինելու հավանականությունը: Մինչեւ առաջադրումները դեռ 6-7 ամիս ժամանակ կա, եւ այդ գործընթացի հետ կապված իրավիճակի տարբեր զարգացումների ու կտրուկ փոփոխությունների հավանականությունն էլ փոքր չէ: Այնպես որ, իշխանություններն այդ ընթացքում պետք է աշխատեն նվազագույնի հասցնել հնարավոր բոլոր վտանգները, այդ թվում` եւ Վ.Օսկանյանի քաղաքական առաջընթացը: Մինչդեռ քրեական գործի հարուցումը կարծես թե չվախեցրեց Վ.Օսկանյանին: Դրանից հետո էլ նա շարունակում է քննադատել իշխանություններին թե խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման օրերին, եւ ֆեյսբուքյան իր էջում` տարբեր իրադարձությունների հետ կապված: Սակայն Գ.Սահակյանը նրան Սերժ Սարգսյանին արժանի մրցակից չի համարում: «Եվ հետո` մենք կողմնակից ենք, որ նրանք, ովքեր որոշակի ձայներ ձեռք բերելու կարողություն ունեն, շատ լավ կլինի, որ առաջադրվեն, եւ ժողովուրդն ընտրելու այլընտրանք ունենա: Պիտի ասեմ, որ լրիվ ողջունելի ենք համարում այն թեկնածուներին, որոնք շրջանառվում են տարբեր կուսակցությունների դեպքում: Եվ կարծում եմ, որ որքան թեժ լինի մրցակցությունը, եւ այլընտրանքը շատ լինի, նախագահական ընտրություններին այնքան ավելի ապացուցելի կլինի հաղթող թեկնածուի հաղթանակը»,- ավելացրեց Գ.Սահակյանը:

168ԺԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031