Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը ողջ լրագրողների ուշադրության կենտրոնում դատավոր Գագիկ Պողոսյանի օգնականն էր՝ իր երեկոյան զգեստով: Այդպիսի զգեստներ սովորաբար կրում են, ասենք, սեփական նշանդրեքին, հարսանիքներին, ռեստորան գնալիս: Օգնականի երեկոյան ու ոչ համապատասխան զգեստը առանց նկատելու՝ դատավոր Գագիկ Պողոսյանը ՀԱԿ-ի դատավարության ժամանակ գրիչ վերցնելիս, իրար մի թեթեւ ինչ-որ բան հարցնելիս, շշուկ լսելիս հայացքով սանձում էր բոլորին ու հիշեցնում, որ «դուք դատարանում եք գտնվում»: Այսօր էլ կոշտ նկատողություն արեց ակտիվիստ, ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանին՝ աթոռին տնավարի նստելու համար: Այս դատավորի օգնականի երեկոյան զգեստի պատմությունը ուշագրավ էր այն առումով, որ ՀԱԿ-ի դատական նիստերից մեկի ժամանակ դատավորը մոտեցավ ինձ ու ասաց, որ եղունգներս երկար են, երբ նեթբուքով նյութ եմ հավաքում՝ նյարդերի վրա ազդում եմ: Երբ սկսեցի հակաճառել, որ իմ եղունգները կարճ կտրած են, նույնիսկ մոտիկից ցուցադրեցի դատավորին, վերջինս հորդորեց, որ կամ ընդհանրապես նեթբուքով դատական նիստին չաշխատեմ, կամ եղունգներս կտրեմ կամ այնպես աշխատեմ, որ ինքը ձայն չլսի: Ողջ նիստի ժամանակ ստիպված էի ամեն տառը տպելիս նայել դատավորի աչքերի մեջ՝ հասկանալու՝ նյարդերի վրա ազդեցի՞, թե՞ չէ:
Մի ուշագրավ դեպք էլ. այսօր սպասվում էր, որ ՀԱԿ ակտիվիստների դեմ մեղադրական ճառը կարդալուց հետո հնարավոր է վճիռ լինի, ուստի մեծ թվով ԶԼՄ-ներ էին եկել՝ ներկա գտնվելու: Դատարանի դահլիճի մոտ հերթ էր: Առավել պարտաճանաչները, այդ թվում եւ ես մոտ 30 րոպե նիստի նշանակված ժամից շուտ էինք եկել՝ դատարանի դահլիճում տեղ ունենալու, որովհետեւ նախորդ դատական նիստին էլ մեծ թվով մասնակիցներ կային ու ով չտեղավորվեց՝ դուրս հրավիրեցին: Մինչ դահլիճի դռան մոտ ժամերով հերթ կանգնեցինք, նիստը եւս 30 րոպե հետաձգվեց, կրկին սպասեցինք, կարգադրիչը, բացելով դահլիճի դուռը՝ հրամայեց՝ «Սկզբում թող մտնեն շտատիվով լրագրողները», ինչը ենթադրում էր, որ պետք է անպայման հեռուստաընկերությունից լինեինք, որ դատարանի դահլիճում տեղ ունենայինք: Փաստորեն, ՀԱԿ ակտիվիստների դատավարարությանը այսուհետեւ պետք է գնալ շտատիվով, կտրած եղունգներով ու երեկոյան զգեստներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ