Աշխարհահռչակ կինոռեժիսորներ Միքելանջելո Անտոնիոնիին, Տոնինո Գուերրային եւ Թեոդորոս Անգելոպուլոսին նվիրված այսօրվա հիշատակի երեկոն շատ հուզիչ էր: Այն կազմակերպել էին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները` «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը փաստեց, որ այդ ռեժիսորները մեծ հետք են թողել համաշխարհային կինոյում, եւ այսօր «Ոսկե ծիրանը» զգում է նրանց պակասը: Միջոցառմանը մասնակցում էին կինոյի երկու վարպետների այրիները` Ֆիբի Անգելոպուլոսը եւ Լորա Գուերրան:
Երեկոյին ներկա էր ռեժիսոր Ալեքսանդր Սակուրովը: Նա կոչ արեց սրբորեն պահպանել այն ամենը, ինչը մարդկային եւ մշակութային առումով մեզ ժառանգել են կինոյի վարպետները: «Ես Թեոյին չեմ ճանաչել, բայց պատիվ եմ ունեցել մի քանի անգամ Տոնինոյի կողքին լինել ու լսել նրան: Խոստովանենք, որ նման մարդկանց կորստով այնքան բան եք կորցնում, որ անվերականգնելի է: Այս կարգի մարդիկ, եթե մեզ հետ չեն, չենք կարող իմանալ, թե ով ենք մենք` նրանց համեմատությամբ: Այժմ դահլիճում նրանց հարազատներն են, եւ ինձ մնում է միայն գլուխ խոնարհել այդ տիկնանց առաջ»,-նշեց ռեժիսորը:
Բեմ բարձրացավ Լորա Գուերրան: «Ես այստեղ եմ ժամանել իմ քրոջ` Ֆիբիի հետ: Եվ եկել եմ` բերելով Տոնինոյի` Հայաստանի հանդեպ մեծ սերը: Տոնինոչկան միշտ ասում էր, որ Հայաստանի հողը փոքր է, բայց այստեղ ճամփորդությունը ուղղահայաց է, այսինքն հոգեւոր: Նա ասում էր, որ Հայաստանում քարերն անգամ սուրբ են, քանի որ առ Աստված ուղղված աղոթքների արցունքներով են օծված»,-նշեց նա: Այնուհետեւ Լորա Գուերրան բեմից սիրո խոստովանություն արեց այլեւս երկնային կյանքով ապրող ամուսնուն. «Ես սիրում եմ, քեզ Տոնինո … Կանայք, իմացե’ք, սերը երբեք չի մեռնում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ