Հրամանատա´ր, այս նամակը պետք է ստորագրեին «Արցախ գնդի» հրամանատարները` 1991թ-ին Շահումյանում (Էրքեջ) զոհված Սամվել Վարդանյանը, մեկ ամիս առաջ Երևանում ծանրագույն հիվանդությունից և պատերազմի տարիներին ստացած վերքերից մահացած Միքայել Ապրեսյանը: Նրանք կստորագրեին, որովհետև նրանց համար, ինչպես և պատերազմում զոհված մեր ամեն մի ընկերոջ համար մինչև կյանքի վերջին շունչը մղվող կռիվն ընթանում էր ոչ միայն մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու, այլև մեր հայկական ինքնությունը՝ մարդկայնությունը, ազնվությունը և առաքինությունը պահպանելու համար:
Քսան տարի առաջ հաղթելով ծանրագույն պատերազմում՝ զինադադարից հետո ընդհանուր առմամբ պահպանելով հաղթանակով ձեռք բերված և Հոգու ամրության վրա խարսխված խաղաղությունը, մենք զարմանքով տեսանք, որ էապես ավելի ծանր մարտահրավերներ, խոշորագույն կռիվներ մեզ սպասում են առօրյա կյանքում: Մենք տեսանք, թե ինչ տառապանքներ բերեց մեր ժողովրդին շահի, հարստություն կուտակելու վրա խարսխված արժեքներով առաջնորդվելը: Այն, որ կաշառակերությունը, կողոպուտը կմտնի անգամ դպրոց, գիտություն, բանակ. և որ պատերազմում կռած խրամատային եղբայրության սկզբունքները, ոգին մեր բանակում պահպանել փորձող մեր մարտական ընկերներին կհետապնդեն ուժ հավաքած գիշատիչները:
Հրամանատա´ր, քսանհինգ տարի առաջ Արցախն էր մեր զարթոնքի սկիզբը, կռվի դրոշն առաջինը բարձրացրեց Արցախը: Հիմա էլ թվացյալ խաղաղության պայմաններում ընթանում են մեր երկրի և ժողովրդի ճակատագիրը որոշող ծանրագույն մարտեր՝ հանուն Հայաստանի, հանուն հայության, հանուն ինքնության փրկության (եթե ինքնությունը չփրկենք, ֆիզիկական էլ կկորցնենք): Իհա´րկե, պայքարը դժվար բան է… կարող է անհաջողություն լինել առանձին մարտում, բայց էս կռիվը մենք չենք կարող տանուլ տալ: Հազարամյակների մեր պատմությունը մեր էության հիմքում դրել է մարդ-մարդկայնությունը, և դա տանուլ տալով՝ մենք տանուլ ենք տալիս ամեն ինչ:
Հրամանատա´ր, քո խոսքը ձեր առաջին քայլերի մասին լսելով՝ բոլոր մերոնք (նրանք, ովքեր մերոնք էլ մնացել են, կամ նոր սերնդից եկածներից, ովքեր մերոնք են դարձել) զինվորագրվելու են այս բանակին:
Այս նոր պայքարը՝ հանուն հայի ինքնության, սկսվում է Արցախի նախագահական ընտրություններով, սակայն չի ավարտվում և բացարձակապես չի սահմանափակվում դրանով: Ձեր առաջադրվելն այդ ընտրություններում մի նպաստող առիթ է՝ բարձրաձայն հայտարարելու այս նորագույն կռվի մասին, ինչպես որ 88թ-ի փետրվարի 18-ի Արցախի մարզային խորհրդի նիստն առիթ էր՝ արցախահայության և մեր ամբողջ ժողովրդի կամքի ու նպատակների, իղձերի և երազանքների մասին հայտարարելու:
«Արցախ գունդ»
«Արցախ գնդի» փոխհրամանատար՝ Ռոլանդ Բաբայան