ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զայնեն այցելել է Բաքու, Թբիլիսի եւ այժմ Հայաստանում է. նա տարածաշրջան իր այս այցից, իր իսկ խոսքերով ասած` շատ բան չի ակնկալում: Լրագրողների հետ զրույցի ընթացքում դեսպանն ասաց, որ տարածաշրջանում են գտնվում նաեւ Մինսկի խմբի համանախագահները, եւ այս այցի շրջանակներում քննարկվելու են գրասենյակի կողմից իրականացվող բոլոր հարցերը. «Դրանց համար կիրառվելու են բոլոր գործիքները: Սա քաղաքական գործընթաց է, եւ մենք դիտարկելու ենք հակամարտող կողմերի կոնֆլիկտները, քանի որ վերջին շրջանում միջադեպեր են եղել. մենք ցանկանում ենք քննարկել դրանք, որպեսզի կանխենք դրանց կրկնությունը»: Վաղը ԵԱՀԿ դեսպանը հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ԱԳ նախարարի եւ ԱԺ նախագահի հետ:
Դեսպան Լամբերտո Զայնեն Հայաստան իր այցը մեկնարկեց «Մուրացան» կլինիկային 10 հազար եվրո նվիրատվությամբ: Այսօր կլինիկայում բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ գումարը կուտակվել է Վիեննայում ամենամյա բարեգործական պարահանդեսից ստացված միջոցներով:
Դեսպանի խոսքերով` «ԵԱՀԿ-ն այնպիսի կառավարություն է, որն աշխատում է ոչ միայն կառավարությունների հետ, այլեւ մեծ ուշադրություն է դարձնում անհատների հետ կապված մարդու իրավունքների պաշտպանությանը, խոցելի խմբերի արժանապատվության պաշտպանությանը: Երեւանյան գրասենյակի ղեկավար պարոն Սարոկինն ուշադրություն դարձրեց ձեր աշխատանքին, որն առնչվում է ամենակարեւոր խմբին` երեխաներին»:
Ֆինանսական այս աջակցությունն ուղղվելու է բուժհիմնարկը ժամանակակից սարքավորումներով համալրելուն:
«Մուրացան» կլինիկա էին այցելել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Սամվել Ավետիսյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ