Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների պաշտպանը սպասում է արդարացման, իսկ մեղադրող դատախազը չի ասում՝ մեղադրանքը հե՞տ է վերցնելու, թե՞ ոչ

Հուլիս 11,2012 19:59

Այսօր ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը մեզ հետ զրույցում դժգոհեց իրենց դատավարության ընթացքում մեղադրող կողմի չափազանց երկար մեղադրական ճառից, որը դեռ կիսատ մնաց:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն էր, որի ընթացքում մեղադրող կողմը 4 ժամ մեղադրական ճառ կարդաց: Սարգիս Գեւորգյանի մեկնաբանությամբ՝ «Անդրադարձավ իբր բոլորիս մեղադրանք հանդիսացող ապացույցներին, բայց դուք էլ ականատես եղաք, որ մոտավորապես 4 ժամ մեղադրողը կարդում էր նույն բովանդակությամբ տեքստը: Արձանագրում էր հատկապես ոստիկանների կողմից դատաքննական ցուցմունքները, որոնք ապացուցողական ուժ չունեն»: Հարցին՝ հատուկ ձգձգելու նպատա՞կ ունի դատախազը, Սարգիս Գեւորգյանը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, ինձ թվում է՝ մեղադրողի՝ որպես մասնագետ ներկայանալու ձգտումներն են, մեղադրողի իմպրովիզացիաներն են»: Այսքանից հետո հնարավո՞ր է, որ մեղադրանքը հետ վերցվի՝ նա պատասխանեց՝ «Ակնհայտ է, որ մեղադրողը մինչեւ վերջ կտանի այդ ոճով, կփորձի ապացուցված ներկայացնել մեզ ներկայացված մեղադրանքը, նաեւ կպահանջի առավելագույն պատիժ: Իսկ ակնհայտ է, որ վճիռը լինելու է մեղադրական ճառի ոգուն ու տառին համապատասխան, որովհետեւ ակնհայտ է, որ արդեն պատվեր է, որովհետեւ համարել ապացույցներ այդ ցուցմունքներն ու այդ հանգամանաքները, դա նշանակունմ է ուղղակի անտեսել իրականությունը ու առաջ տանել շինծու մեղադրանք»:

Նշենք, որ առավելագույն  պատիժը Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի եւ Սարգիս Գեւորգյանի համար 0-5 տարի է, Տիգրան Առաքելյանի համար՝ 5-10:

Արտակ Կարապետյանը մեզ հետ զրույցում մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան՝ պատասխանեց, որ «ոնց միջադեպը սկսել է, ոստիկանությունը միջադեպի օրվանից ոնց ընթացել է եւ նախաքննության, դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքները ոնց եղել են, եւ դատախազը ոնց որ բոլոր վկայությունները համարեց ապացուցված, ոչ մի փոքրիկ դետալ չհամարեց ապացուցված, դա խոսում է այն մասին, որ ի սկզբանե ոնց կար նախատեսված մեր գործը, այդպես էլ շարունակվում է մինչեւ հիմա: Ոչ մի ակնկալիք չունեմ»:

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը իր՝ բավականին երկար մեղադրական ճառը բացատրեց այսպես. «Դա կարգն է: Ինձ համար ցանկալի չէ, որ ես այդ վիճակում կարդամ»: Նա ասաց, որ հաջորդ դատական նիստին իր խոսքը այլեւս այդքան երկար չի լինելու. «Լինելու է բանավեճ, որից հետո ես ներկայացնելու եմ ընդհանուր մեկնաբանությունները, ընդհանուր արարքի համառոտ հիմնավորումները՝ ոչ այս կարգով»: Հարցին՝ Հնարավո՞ր է հաջորդ նիստին մեղադրանքը հետ վերցնեք, դատախազը պատասխանեց. «Այսինք՞ն: Ես ասում եմ, որ վիճարկվելու են ապացույցները, դուք ասում եք՝ մեղադրանքը հետ պետք է վերցնեք: Վիճարկելու արդյունքում եզրակացություն կանենք, էլի: Վիճարկվելու է՝ դուք այս տեսակետը, ես այս տեսակետը, այսինքն՝ վիճարկվելու են բոլոր հնարավոր մոտեցումները, վիճարկվելու է ոստիկանների գործողությունների իրավաչափությունը»: Նա չասաց, թե այս պահին ում համար ինչ պատիժ է նախատեսում պահանջել. «Ես պատրաստվում եմ վիճաբանությունների: Կողմերի վիճաբանությունից է կախված, գնահատելուց հետո իմ միջնորդութունը կներկայացնեմ»:

Պաշտպան Ստեփան Ոսկանյանը մեր հարցին, թե իսկապե՞ս կարգն է այդպես երկար մեղադրական ճառ ասել, պատասխանեց. «Մեղադրող կողմը ներկայացրեց գործում առկա ապացույցներ, որոնցով, ըստ մեղադրողի, հիմնավորվում է ամբաստանյալների մեղադրանքը: Ըստ մեղադրողի, դեռ ամբողջությամբ չի ավարտվել ապացույցների հետազոտման փուլը, եւ հաջորդ դատական նիստին կներկայացնեն նաեւ վիճաբանությունները մեր կողմի դիրքորոշումները լսելուց հետո, նոր հանդես կգա միջնորդությամբ, թե յուրաքանչյուրին ինչ պատժաչափ կմիջնորդի դատարանին: Այդ միջնորդությամբ նա հանդես կգա դատական վիճաբանությունների վերջում՝ նաեւ մեր պաշտպանական ճառը լսելուց հետո: Մեղադրական ճառի երկարությամբ չի, որ որոշվում է, թե ինչքանով են հիմնավորվում ապացույցները՝ դատաքննության ժամանակ հետազոտված: Այստեղ կարեւոր է ցույց տալ, որ ինչքանով է մեղադրանքը եղել ոչ հիմնավոր, այսինքն՝ շինծու ապացույցների վրա հիմնված: Մեղադրական ճառի երկարությունը՝ իմ պրակտիկայում միգուցե այդ ծավալի մեծ չափի մեղադրական եզրակացություն չեմ հանդիպել, սակայն բովանդակային առումով եղել են ճառեր, որոնք բավականին հիմնավորված եւ ծավալուն են եղել»:

Թե ինչ ակնկալիքներ ունի՝ պատժաչափի առումով, Ստեփան Ոսկանյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումն այն է, որ իմ պաշտպանյալները որեւէ հանցավոր արարք չեն կատարել, այն արարքները, որում մեղադրվում են նրանք՝  բացարձակ կապ չունեն նրանց հետ. չկա խուլիգանություն, չկա դիմադրութուն, ընդհակառակը՝ այդ բոլոր բռնությունները եղել են նրանց նկատմամբ ինչպես դեպքի վայրում, այնպես էլ ոստիկանության կենտրոնական բաժանմունքում: Մարմնական վնասվածնքերը հենց այդ գործողությունների ազդեցության տակ են եղել եւ ոչ թե նրանց բերման ենթարկել՝ այդ գործողությունների ժամանակ»: Նա նաեւ ասաց, որ իրենք որեւէ ապացույց չեն ընդունում, որը մեղադրական կողմը ներկայացրել է, սպասում են արդարացմանը. «Հենց այն վարկածը, որ ի սկզբանե ներկայացրեց մեղադրանքի կողմը, որ եղել է այդ վիճաբանությունը ինչ-որ շան հետ կապված, դա ապացուցում է մնացած բոլոր հիմնավորումները հիմնված  են այս շինծու ապացույցներ վրա եւ չեն կարող լինել հիմնավորված եւ չեն համապատասխանելու իրականությանը: Մենք փորձելու ենք դա հիմնավորել պաշտպանական ճառի մեջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031