Վրաստանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս,որ ոստիկանության նկատմամբ բնակչության վստահությունը և ոստիկանության հեղինակությունը կազմում է մոտ 87%:
Սա նախկին ԽՍՀՄ տարածքի պետություններում ամենաբարձր վարկանիշն է իրավապահ մարմինների համար: Այս տարվա ձմռանը Ջավախքի Նինոծմինդա քաղաքի կենտրոնում նախագահ Սահակաշվիլին բացեց ժամանակակից, ապակեպատ շատ գեղեցիկ ոստիկանության նոր շենքը:
Ամենահետաքրքիրը նորովի ճարտարապետական լուծումներն են, որոնք միտված են ոստականություն-բնակիչ շփման առավել սերտացմանը: Օրինակ՝ շենքի մուտքի առջև գտնվող պուրակը, որը տեղացիների սիրած հանգստավայրերից մեկն է դարձել:
Ի տարբերություն Հայաստանի՝Վրաստանում ռեֆորմները հանգեցրել են արմատական դրական տեղաշարժերի: Նինոծմինդայում և շրջանի բոլոր բնակավայրերում բարեկարգվում են ճանապարհները, վերակառուցվում ու վերանորոգվում դպրոցները, մշակույթի և հասարակական հանգստի և սպորտային կառույցները: Փոփոխությունները ակնհայտ են և ուսուցանելի:
Տնտեսական և սոցիալական բոլոր բարեփոխումները հանգեցնում են բնակչության արտագաղթի կասեցմանը, և դա Ջավախքում արդեն փաստ է:
Վարդուհի Երանոսյան՝ mynews.am