Այսօր «Տեսակետ» ակումբում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը ներկայացրեց արգելոցի հետ կապված նոր ծրագրերը եւ խնդիրները: Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հնավայրում նախատեսում են կազմակերպել 3D ֆորմատով ցուցադրություններ եւ ներկայացումներ՝ արգելոցը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով. «Առավել մեծ խնդիրները կապված են հնավայրի ճշգրիտ վերականգնման եւ թանգարանի ջեռուցման հետ: Առկա է նաեւ արգելոցի պարսպապատման խնդիր. ցանկապատերի բացակայության հետեւանքով հաճախ գրություններ են թողնում պատերին կամ փորում»,-փաստեց պարոն Գյուրջյանը: Մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվող որմնանկարների վերականգնման դպրոցն արդեն ավարտել է գործնական աշխատանքը հնավայրում. «Իտալացի մասնագետների օգնությամբ վերապատրաստվեց 17 մասնագետ, որից 3-ը՝ Գյումրիից: Տեսական աշխատանքները կվերսկսեն օգոստոսից: Հույս ունեմ, որ մասնակիցները կաշխատեն 2 խմբով, քանի որ դիմորդների թիվն անցել էր 30-ը»:
Գագիկ Գյուրջյանն արձանագրեց, որ հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումների արդյունքում նոր տեղեկություններ են ստացվել ուրարտական շրջանի հրապարակների եւ պալատական հատակների ծածկերի վերաբերյալ. «Հնավայրի տարածքում նախատեսում ենք նաեւ ուրարտական խոհանոց ստեղծել՝ զբոսաշրջիկներին ուրարտական ճաշատեսակներին ծանոթացնելու համար: Այդ նպատակով համագործակցում ենք Սեդրակ Մամուլյանի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ