Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդներ. «Ծառուկյանը բարեգործություն չի անում, այլ` չարագործություն» (Տեսանյութ)

Հուլիս 11,2012 16:00

Գագիկ Ծառուկյանի բարեգործության պատճառով Աբովյանի եւ Չարենցավանի մոտ 80 ընտանիքներ արդեն ամիսներ է, ինչ վնասներ են կրում: Թիվ 259 Աբովյան-Երեւան, թիվ 275 Երեւան-Չարենցավան եւ Աբովյանի ներքաղաքային թիվ 1,2 եւ 3 երթուղիների վարորդներն առավոտից գիծ դուրս չեն եկել եւ չեն էլ պատրաստվում մոտակա օրերին աշխատել, քանի որ մեծ վնասներ են կրում նույն իրենց երթուղով շարժվող բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով: Հիշեցնենք, որ Aravot.am-ն այս խնդրին  անդրադարձել է:

Aravot.am-ի հետ զրույցում վարորդները դժգոհեցին, որ օրական անգամ 3000 դրամ էլ իրենց չի մնում, քանի որ ավտոբուսները դատարկ են գնում-գալիս. «Էդ ոչ բարեգործականը մեզ հավասար քշում է, մեր պասաժիրներին հավաքում` գնում է, մենք էլ դատարկ քշում ենք: Օրվա պլան չենք տալիս արդեն շատ վաղուց: Մեր ընտանիքներին սովի ենք մատնել արդեն: Սա բարեգործություն չէ, սա չարագործություն է»:

Վարորդների խոսքերով` իրենք ամեն անգամ երթուղի դուրս գալուց առաջ բժշկական ստուգում են անցնում, իրենց «Բոգդան» մակնիշի մեքենաներն էլ տեխնիկական զննման են ենթարկվում, իսկ անվճար «Պազիկներն» արդեն 30 տարվա հնության են եւ դժվար թե որեւէ տեխզննում անցած լինեն. «Եթե տեխզննում, էն էլ` ազնիվ ճանապարհով, անցած լինեին, չէին թողնի դրանք գիծ դուրս գային ու ուղեւորներ փոխադրեին: Քանի-քանի անգամ ճանապարհին պայթել են: 10 տարուց մեծ «Մերսեդեսին» չեն թողնում որպես տաքսի աշխատի, իսկ սրանց պայթյունավտանգ պազիկներին թողնում են 30 ուղեւոր լցրած հանգիստ գնա: Բա չե՞ն մտածում՝ մարդկանց կյանքին վտանգ է սպառնում»:

Ինչ վերաբերում է ուղեւորների անվտանգությանը, ապա մեզ հետ զրույցում նրանցից քչերն էին այսօր մտահոգված «Պազիկների» հնությամբ. Ուղեւորներին ավելի շատ ձեռնտու է 5-7 հազար դրամ ամսական տնտեսել տրանսպորտի վրա, բացի այս՝ բարեգործական «Պազիկից» օգտվողների հույսն Աստված է. չեն հավատում, որ իրենց հետ մի վատ բան կպատահի:

Աբովյան եւ Չարենցավան քաղաքներում արդեն վաղուց քննարկում են, որ Գագիկ Ծառուկյանի եւ երթուղագծերը սպասարկող «Կինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչի) «ավտոբուսային այս պայքարը»` քաղաքական նախապատմություն է ունեցել: Երբ Արթուր Հարությունյանը դուրս եկավ ԲՀԿ-ից եւ դարձավ Հանրապետական կուսակցության անդամ՝ աբովյանցիների պատմելով, «Արթուրի այդ արարքը չներվեց, եւ Ծառուկյանն ամեն կերպ փորձում է վնաս հասցնել նրան»:

Իսկ Արթուր Հարությունյանի վնասներն այս ամիսների ընթացքում արդեն 900 հազար դոլար են կազմում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը: Նրա խոսքերով` իրենք մի քանի միլիոն դոլարի ներդրում են կատարել, բանկից վարկեր վերցրել, օրինական ճանապարհով երթուղագծի սպասարկման մրցույթին մասնակցել, իսկ այսօր՝ մեկ անձի կողմից թույլ տրված անօրինականությունների պատճառով իրենք հսկայական վնասներ են կրում:

Պարոն Դալլաքյանն էլ չբացառեց, որ «ավտոբուսային» այս պայքարը քաղաքականից վերածվել է անձնականի:

Տնօրենի խոսքերով, մի քանի ամիս առաջ դիմել էին կապի եւ տրանսպորտի նախարարին, որն այդպես էլ խնդրին լուծում չի տվել. «Դիմել ենք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, ու էլի ոչ մի բան: Տրանսպորտի նոր նախարարին էլ ենք դիմել, այսօրվա դրությամբ վստահեցրին, որ խստագույնս զբաղվում են այս հարցով»:

Եթե հարցը չլուծվի, վարորդները պատրաստվում են վաղը փակել Երեւան-Սեւան մայրուղին, ընդ որում ընկերության տնօրենը, ճիշտ է, այնքան էլ չի ողջունում նման պայքարը, սակայն վստահեցրեց, որ կմիանա վարորդներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031