Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սուրբ Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» թեմայով քննարկում Մայր Աթոռում

Հուլիս 11,2012 15:32


Հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ:

Քննարկման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` Մուշեղ Սրբազանը կարևորեց նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու: Սրբազանը ներկայացրեց նաև այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները և զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային և հոգևոր արժեքներին:

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Մայր Աթոռին` տուրիզմի կարևորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաև ավելի են ամրապնդում Մայր Աթոռի և այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը:

Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրն իր խոսքում համառոտ անդրադարձ կատարեց Մայր Աթոռի հոգևոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների և օտարերկրացի ճանապարհորդների:

Քննարկումն ամփոփեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Սրբազանը քննարկումը նկատեց որպես Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարևոր և առաջընթաց քայլ, իր խոսքում անդրադարձավ նաև ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովման անհրաժեշտությանը:

Վերջում տեղի ունեցավ ընդունելություն Մայր Աթոռի նորաբաց «Ագապե» ուխտավորական սեղանատանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031