Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխում է ոչնչացնելու բնազդը

Հուլիս 11,2012 15:34


«Հարսնաքարում» կատարված բարբարոսությունը եւ դրան  հաջորդած ընդվզումը եւս մեկ անգամ բացահայտեցին, թե մեր հասարակության մեջ որքան կենսունակ են մարդուն նվաստացնելու, ջարդելու, փշրելու, ոչնչացնելու ստորին բնազդները: Հայաստանն ասես դարձել է միջնադարյան ինկվիզիցիայի հետնորդների հավաքատեղի, որտեղ իշխում է մարտնչող խավարամտությունը եւ որտեղից վտարված է բանականությունը:

Կատարված ողբերգությունը՝ մարդուն ծեծելով սպանության հասցնելը, ասվածի ապացույցն է, եւ կրկնակի, եռակի ինկվիզիտորներ են նրանք, ովքեր փորձում են մեղմել  դրա քստմնելիությունը, ինչ-ինչ բացատրություններ տալ եւ անգամ արդարացումներ փնտրել: Ակնհայտ է, որ նրանք ստանձնել են հանցագործությունը պարտակողի ամոթալի դերը:

Անհասկանալի է, սակայն, թե սրանց ի հակակշիռ՝ ինչ դեր են ստանձնել հասարակության խիղճը մշտարթուն պահելու կոչված, արդարության  դրոշակակրի հավակնություն ունեցող գործիչները, քաղաքացիական հասարակություն կերտելու նվիրյալները:

Միանգամայն արդարացի զայրույթը, ցավոք, հաճախ դուրս է գալիս ողջամտության հունից, հասնում բնազդային մակարդակի եւ ուղեկցվում ծայրահեղ դրսեւորումներով:

Նրանք չեն պահանջում գործի անաչառ քննություն, հանցանքը կատարողի կամ կատարողների պատիժ՝ օրենքի ամբողջ խստությամբ: Նրանք որոշել են, թե ով է բուն հանցագործը, դարձել են դատավոր եւ յուրաքանչյուրը հրապարակում է իր դատավճիռը: Պետք է անհապաղ դատաստան տեսնել նրա հետ: Նվաստացնել: Զրկել ունեցվածքից: Վտարել Հայաստանից…

Նրանց չի հետաքրքրում, թե ով կամ ովքեր են մարդասպանները: Նրանք վարժվել են, որ Հայաստանում ամեն ինչ կատարվում է ինչ-որ մեկի հովանավորությամբ: Սկսած սերիալների նկարահանումից, ավարտված մարդասպանություններով: Շրջանցվում է այնպիսի մի «մանրուք», որ ոչ ոք պատասխանատու չէ իր ձիապանի, սպասավորի, վարորդի, «ախրաննիկի», անգամ հարազատի արարքի համար, եթե անձամբ չի դրդել այդ արարքին: Ենթադրում են, որ անձամբ է դրդել, ենթադրությունը դարձնում համոզմունք, Նեմեցին հռչակում թշնամի, պահանջում անվերապահ կապիտուլյացիա…

Հասարակությունը կարոտ է արդարության, կարոտ է գիտակցությունը մթագնելու աստիճանի: Նրան այս վիճակին են հասցրել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին չբացահայտելը, «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության մեղավորներին չպատժելը, մարտի 1-ի մարդասպաններին թաքցնելը… Արդարության քաղցից գիտակցությունը մթագնելու աստիճանի հասած հասարակության համար այս թվարկվածների հետ անգամ ամենահեռավոր նմանություն ունեցող ցանկացած հաջորդ դեպք այս արձագանքն էր ստանալու: Եթե արդարության քաղցը մթագնում է հասարակության գիտակցությունը, հասարակությունն առաջնորդվում է բնազդներով եւ պատրաստ է այդ քաղցը հագեցնել արյամբ…

Ի՞նչ տարբերություն, ուրեմն, մարդուն հոշոտելու պատրաստ թիկնապահների եւ հասարակության խիղճը մշտարթուն պահելու կոչված գործիչների, «ախրաննիկների» եւ քաղաքացիական հասարակություն կերտելու նվիրյալների միջեւ, եթե երկու դեպքում էլ իշխում են գիշատչական բնազդները: Մի՞թե ակնհայտ չէ, որ այդ բնազդները վերահսկելու անընդունակ հասարակությունը չունի ապագա:

Վասակ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031