ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում պահված անձանց մասին տեղեկատվություն ներկայացնելիս՝ ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Ալինա Դերձյանը ներկայացրեց ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների խախտման դեպքերը: Դերձյանը նշեց. «Այնտեղ պահվող անձանց իրավունքների խախտման դեպքերը հիմնականում գրանցվում են քննիչների կողմից: Ամենաբարդ վիճակում քննչական գործողություններն են: Նրանք շատ իրավախախտումներ են թույլ տալիս, մասնավորապես՝ անկանոն քննչական գործողություններ կատարելը գիշերային ժամերին, առավելագույն ժամկետից ավելի քննություն կատարելը՝ առանց հանգստի եւ սնունդի. եղել են դեպքեր, երբ մարդուն քննել են 20 ժամից ավելի եւ այլն»:
Դերձյանը նաեւ ասաց, որ արձանագրվել է հետեւյալը՝ հետախուզվող մեղադրյալին առանց դատարան տեղափոխելու եւ կալանավորումը վերահաստատելու, ՔԿՀ տեղափոխելու դեպքեր են եղել, ինչպես նաեւ՝ ձերբակալման արձանագրության մեջ կասկածյալի հիմքերը չնշելու փաստը: Դիտորդական խումբն իր աշխատանքների ընթացքում պարզել է, որ անձին ազատ արձակելու մասին որոշումը ուշացումով է ՁՊՎ ներկայացվում, ինչպես նաեւ այդ որոշման մեջ ժամ չի նշվել, խախտում է եղել նաեւ հետեւյալում՝ շտապօգնության բժիշկների կողմից արձանագրած փաստերին ընթացք չի տրվել:
Դերձյանը անդրադարձավ նաեւ կալանավորվածին ՁՊՎ-ներում պահելու, շտապօգնության բժիշկների ցուցաբերած մոտեցմանը, ինչպես նաեւ ՁՊՎ-ների վարչական ոչ պատշաճ ծառայություն իրականացնելուն եւ այլն:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ