«Վերջին 6 ամսվա ընթացքում Լեզվի պետական տեսչության արձանագրած խախտումների թիրախ են հանդիսացել 60 տնտեսվարող սուբյեկտների ցուցանակները: Բոլոր դեպքերում կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ ուղարկվել դատարան: Այս ընթացքում տնտեսվարող սուբյեկտները տուգանվել են ընդհանուր՝ 3 միլիոն դրամի չափով, այդ թվում՝ «Կաշառելը», «Բեյսիկ Հաուսը» եվ այլն»,-այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Բանախոսն արձանագրեց, որ խախտումները հիմնականում կապված են տնտեսվարող սուբյեկտների՝ օտարալեզու ցուցանակների եւ գովազդների հետ. «Հաճախ խախտումների պատճառ է հանդիսանում անիրազեկությունը. օրինակ՝ հայերենում կարդում են ձախից աջ, հետեւաբար, սկզբում պետք է լինի հայատառ ցուցանակ կամ գովազդ»:
Պարոն Երիցյանի փոխանցմամբ՝ Լեզվի պետական տեսչությունն առաջիկայում ԱԺ-ին առաջարկելու է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Առաջնահերթ, տուգանքների չափը որոշելու գործընթացը պետք է վերապահվի ոչ թե դատարանին, այլ տեսչությանը. «Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք՝ մեր կառույցի մասին: Բացի այդ, անհրաժեշտ է ստեղծել տերմինաբանական խորհուրդ, քանի որ տերմինների եզրույթների վերաբերյալ տարբեր հիմնավորումներ կան»:
Չնայած այն հանգամանքին, որ հեռուստաեթերը չի գտնվում Լեզվի պետական տեսչության վերահսկողության ներքո, Սերգո Երիցյանը նշեց, որ տեսչությունն ընդամենը կարող է վերաբերմունք արտահայտել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ