Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Ֆաբերլիքի, Օրիֆլեյմի և Մերիքեյի հետևում կանգնած է խարիզմատիկ եկեղեցին»

Հուլիս 11,2012 14:24

«ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ներկայացված միջազգային զեկույցում նշված է, որ ՀՀ-ում բնակվում են ավելի քան 3 միլիոն բնակիչներ, որոնց մոտ 90 տոկոսն է հարում հայկական առաքելական եկեղեցուն, աղանդներին հարում է 5 տոկոսը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նա, իհարկե, չհամաձայնեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացրած 5 տոկոսի հետ՝ նշելով, որ այդ թիվն ավելի բարձր է՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում ընդունված է բնակչության 1-1.5 տոկոսը, իսկ մեզանում այդ թիվը հասնում է 10 տոկոսի:

Պարոն Ամարյանը խոսեց նաև ցանցային մարքեթինգի մասին՝ ներկայացնելով մի սկավառակ, որտեղ ներկայացված են բոլոր այն մեթոդները, որոնք ուղղված են մարդկանց համոզելու, հեռախոսով իրենց կազմակերպություն ներքաշելու մասին: Պարոն Ամարյանն այդպիսի ցանցային մարքեթինգի օրինակ է համարում «Մերիքեյը» և մանրամասնում. «Մերիքեյը կոսմետիկայով զբաղվող ցանցային մաքեթինգ է, այն մինչև 2010-ը ՀՀ-ում գործել է ապօրինի: 2004-ին եղավ մի դեպք, երբ օդանավակայանում բռնեցրին մաքսանենգության միջոցով կոսմետիկայի խմբաքանակի հետ տեղափոխվող Կյանքի խոսքի գրականությունը: Մերիքեյի լիդերը խարիզմատիկ եկեղեցու առաջնորդի զոքանչն է, ուստի ՀՀ-ում էլ Մերիքեյի հետևում կանգնած է խարիզմատիկ եկեղեցին: Մերիքեյի շարքում են նաև Ֆաբերլիքը, Օրիֆլեյմը: Երբ Մերիքեյի դեմ ժամանակին ջարդ տեղի ունեցավ, նրանց մեծ մասը տեղափոխվեցին Ֆաբերլիք և Օրիֆլեյմ»:

Պարոն Ամարյանը նշում է, որ խնդիր է դրված աղանդների միջոցով ստեղծել կառավարելի զանգված, քանի որ աղանդների հիմքում ընկած է ոչ թե հավատը, այլ իշխանությունը: Արտասահմանից էլ աղանդավորական «դեսանտներ» են իջեցվում Հայաստան՝ կամավորների մուտքի և ելքի միջոցով:

Պարոն Ամարյանը նաև փաստեց, որ խարիզմատիկ և ավետարանչական եկեղեցին լուրջ աշխատանքներ է իրականացնում կալանավայրերում: Նա մանրամասնեց. «Աղանդավորական կառույցների ներկայացուցիչներն ունեն պաշտոնական փաստաթուղթ, որով կարող են կալանավայրեր մտնել: Նրանք կալանավորների ընտանիքի անդամներին հետ են աշխատանք տանում, երեխաներին տանում ամառային դպրոցների, այդպիսով կալանավորները հետագայում ներքաշվում են կրոնական կառույցի մեջ՝ իրենց ընտանիքներով հանդերձ: Արդյունքում՝ կառույցներն ունենում են մի մեծ բանակ»: Ա. Ամարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում տարեկան մեկ միլիոն դոլարի շրջանառություն է տեղի ունենում աղանդավորական կազմակերպությունների շրջանում: Պարոն Ամարյանը նշեց, որ մի շարք դպրոցներ կան, որոնք պատկանում են խարիզմատիկ և ավետարանչական եկեղեցուն:

Պարոն Ամարյանը նշեց, որ հայաստանյան կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և Հայաստանի կոմունիստական կուսակցությունից, մասնակցել են աղանդավորական կրոնական կազմակերպությունների հետ բանակցություններին: Նա նկատեց, որ պաշտոնյաները երբեմն ուզած-չուզած ներքաշվում են աղանդների մեջ: Ամարյանը տեղեկացրեց. « Ունենք քննիչ աղանդավորներ, պաշտոնյաներ,որոնց ընտանիքի անդամներն աղանդավորներ են»: Ա. Ամարյանը նշեց, որ «Սիվիլիթասը» հսկայական նվիրատվություններ է ստացել մորմոնների կողմից և կասկած հայտնեց.«Պիտի պարզվի, թե ինչու է այն ֆինանսական աջակցություն ցուցաբերում «Սիվիլիթասին»:

Aravot.am-ի հարցին, շոու -բիզնեսի ներկայացուցիչների՝ աղանդավորական կազմակերպությունների հետ կապերի մասին ինչ կասի, պարոն Ամարյանը պատասխանեց. «Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ինչ,Մհերի խոսքից էլ պարզ է, որտեղից փող տան, կգնան: Նրանց համար ազգայինը դրված է մի կողմ»: Կառավարման օղակներում աղանդավորության ծավալների մասին էլ հետաքրքրվեցին: Պարոն Ամարյանը նշեց. «Որտեղ ուզում ես մատդ դիր, աղանդավորությունը տարածված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031