Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերան «այցելեց» գյուղ

Հուլիս 11,2012 13:54

Կամ մինի «Անուշը»՝ Լանջազատում

«Անուշը», «Սարոն», Լավչյանը, գյուղապետն ու փոխմարզպետը:

Գեղամա լեռների հարավ-արեւմտյան փեշին գտնվող Լանջազատ (նախկին Զովաշեն) գյուղում հուլիսի 9-ին իսկապես իրադարձություն էր. շուրջ 350 տնտեսություն, մոտ 1700 բնակիչ եւ 2600 տարվա պատմություն ունեցող գյուղի 130 տեղանոց մշակույթի տանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Արմեն Տիգրանյանի «Անուշը»: Այս նախագծի նախաձեռնողը օպերային թատրոնի մեներգիչ Տիգրան Դավթյանն է, ով արցախյան պատերազմում մտերիմ է եղել ներկայիս գյուղապետ Հրայր Հակոբջանյանի հոր՝ վաղամեռիկ Ռոբերտ Հակոբջանյանի հետ: Իհարկե, սա Գեղամ Գրիգորյանի այն բեմադրությունը չէր, որ կարելի է դիտել Երեւանում: Թատրոնի ռեժիսոր Ալիս Հեքիմբաշյանը Տիգրանյանի «Անուշից» բեմադրել է մինի-ներկայացում, որը հնարավոր է խաղալ փոքր բեմերում: Ի դեպ, այս գարնանը նոր «Անուշը» դիտել են նաեւ կապանցիները: Լանջազատի մշակույթի տանը օպերան խաղացվեց դիրիժոր Կարեն Լավչյանի ղեկավարությամբ, դաշնամուրի (Զարուհի Թոփչյան) նվագակցությամբ:

«Առավոտի» հետ զրույցում գլխավոր դերերգերով հանդես եկած Արծվիկ Դեմուրչյանը (Անուշ), Կարո Խաչատրյանը (Սարո), Պողոս Բեազբեկյանը (Մոսի), Հայկ Տիգրանյանը (Քյոխվա), Արտակ Մելքոնյանը (Անցորդ) նշեցին, որ պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քանի որ հենց իրենց արվեստի շնորհիվ է, որ առաջին անգամ օպերա լսող գյուղացին պետք է կապվի այս էլիտար արվեստի հետ: Կարծում ենք՝ դա կայացավ, քանի որ ներկայացման ավարտին հնչած երկարատեւ ծափահարություններից հետո լանջազատցիները՝ կուլիսներում մեկառմեկ հրաժեշտ տալով արտիստներին, խնդրում էին հաջորդ այցը շատ չուշացնել:

Հանդիսատես գյուղապետը, Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Անահիտ Հակոբյանը, այդ տարածաշրջանից պատգամավոր Մուրադ Մուրադյանը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանը պատասխանեցին մեր դիտարկմանը, այն է՝ համաձայն ընդունված ճշմարտության, էլիտար արվեստը պահանջ է դնում, որպեսզի դեպի իրեն գան, ոչ թե ինքը գնա: Փոխմարզպետն ու մշակույթի վարչության պետը նշեցին մարզային մշակութային ծրագրերը, հավաստիացնելով, որ ամեն ինչ, իրենց խոսքերով՝ նույնիսկ անհնարն արվում է գյուղաբնակներին հաղորդակից դարձնելու: Հիշեցրին, որ այս օրերին իրենց մարզկենտրոնում ընթանում է «Իմ Հայաստան» մշակութային ծրագիրը, իսկ հուլիսի 15-ին՝ Վարդավառը իսկապես տոն դարձնելու համար մարզպետարանը մշակել է հատուկ ծրագիր:

Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանն էլ հավաստիացրեց, որ տարեկան շուրջ 80 ներկայացումներին իրենք մասնակից են դարձնում նաեւ գյուղաբնակներին, քանիցս շեշտելով, թե «մեր հանդիսատեսը մերոնք են»: Հայտնեց նաեւ, որ այս աշնանը Երեւանում կներկայացնեն պրեմիերա՝ Շահան Շահնուրի «Նահանջ՝ առանց երգի» պիեսը:

ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանը ընդամենն ասաց, որ յուրաքանչյուր գործում կարեւորը նպատակն ու դրան ձգտելն է. «Համոզված եղեք, ոչ միայն լանջազատցին, այլ հանրապետության այլ գյուղերի բնակիչները, կգա ժամանակ, հենց օպերային ներկայացում դիտելու համար կգան Երեւան»:

 

Գյուղապետ Հրայր Հակոբջանյանը շեշտելով, որ իրենց գյուղն ապրում է մեկ տան նման, ասաց. «Մշակույթ սիրող ժողովուրդ ենք, ճիշտ է՝ օպերային արվեստը պահանջում է պատրաստված ունկնդիր, սակայն, թեկուզ ուշացումով, դրան էլ կհասնենք: Մեր ուշադրությունը սեւեռել ենք երեխաների վրա: Տարվա ընթացքում մի քանի անգամ ապահովում ենք նրանց ներկայությունը ինչպես Արտաշատի թատրոնում, այնպես էլ Երեւանի տիկնիկային, Սունդուկյանի անվան եւ մյուս մշակութային օջախներում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031