Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշակույթն ու պատմությունը իմ հոբին են»

Հուլիս 11,2012 13:44

Նորանշանակ ռեկտորը տպավորված է Հայաստանով եւ իր նոր աշխատավայրով

Ժան-Ժակ Մոնտուան՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը, տպավորված է Հայաստանով. իր համար գունեղ երկիր է հայտնագործել: «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ հետաքրքրված է հայկական պատմությամբ ու ճարտարապետությամբ, ծրագրել է առաջիկայում այցելել փոքրիկ, գողտրիկ հայկական եկեղեցիներ, որոնք հեռու են քաղաքային աղմուկից ու մոտ են բնությանը: Պարոն Մոնտուան հասցրել է զբոսնել Երեւանի փողոցներում ու հաճելիորեն զարմացել է. «Առաջին անգամն է, որ Հայաստանում եմ, դրականորեն եմ տպավորված: Հանդիպեցի ժպտացող երիտասարդների ու շատ շարժում տեսա: Երեւում է՝ մարդիկ ցանկություն ունեն ինչ-որ բան անելու, իսկ երբ երիտասարդներն ուրախ են ու պատրաստակամ, ուրեմն՝ հրաշալի ապագա են կառուցելու»:

Երեկ ռեկտորի առաջին աշխատանքային օրն էր բուհում, ուր ընդունելության քննություններ էին ընթանում, եւ Ֆրանսիականի բակում դիմորդներին սպասող բազմություն էր հավաքվել:

Ռեկտորի համոզմամբ՝ մարդկանց նման հոսքը փաստում է, որ ծնողների կողմից մեծ հետաքրքրություն կա համալսարանի նկատմամբ. «Դիմորդների մեծ թիվը ոչ միայն պարտավորեցնող է, այլեւ հաճելի է՝ նշանակում է, որ վստահություն կա համալսարանի հանդեպ: Այդ հաջողությունը տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ որակյալ կրթության փաստն է արձանագրում: Ունենք քաղաքական իշխանությունների աջակցությունը՝ հայ երիտասարդներին կրթելու գործում: Ինձ տեղեկացրել են, որ այս տարի դիմորդների թիվը կրկնակի ավելացել է: Կարծում եմ, որ Ֆրանսիական համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները լավ աշխատելու համար, բնականաբար՝ հայկական իշխանությունների հետ համագործակցաբար»:

Ռեկտորի ձեւակերպմամբ՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը լավ վիճակում է, եւ ինքն այստեղ տեսնում է այնպիսի խստապահանջություն ու ուշադրություն, ինչպիսին առկա է Ֆրանսիայի՝ իր ղեկավարած ինստիտուտում: «Իմ նախկին եւ ներկա աշխատատեղերը մեկ ընդհանրություն ունեն՝ երկու հաստատություններն էլ մասնագիտացված, որակյալ կրթություն են տրամադրում: Ինչ վերաբերում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին, այն լավ մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի տնտեսության համար, այլեւ բաց է միջազգային հանրության համար»:

Մեր հանդիպման ավարտին Ժան-Ժակ Մոնտուան խոստացավ. «Մշակույթն ու պատմությունը իմ հոբին են, եթե մի քանի ամիս անց հանդիպեք, կհամոզվեք, թե որքան տեղյակ եմ Հայաստանի պատմությանն ու մշակույթին»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031