Լրահոս
Օրվա լրահոսը

Առանցքային վկան ծանր հիվա՞նդ է

Հուլիս 11,2012 13:40

 Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարությունում ավարտվել է վկաների եւ ամբաստանյալների հարցաքննությունը, բացառությամբ գործով առանցքային վկա Արման Մնացականյանի:  Չնայած դատարանից  ուղարկած բազմաթիվ ծանուցումներին, Մնացականյանը դատին չի ներկայանում, դատարան տեղեկանքներ են ներկայացվում նրա առողջական վատ վիճակի մասին: Հուլիսի 10-ի  նիստում  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, թե  պարզ չէ՝ Արման Մնացականյանի առողջական վիճակը թույլ չի տալի՞ս, որ  նա  կարողանա համարժեք ընկալել դատավարության մասնակիցների հարցերը, թե՞ նա  ֆիզիկական  վատ վիճակի պատճառով չի կարող գալ Իջեւան, այդ դեպքում միգուցե դատարանն արտագնա նիստ անցկացնի Արման Մնացականյանի գյուղում՝ Էջմիածնի տարածաշրջանում:  Փաստաբանն ասաց, որ բժշկի տեղեկանքը չի կարող դատին նրա չներկայանալու  հիմք ծառայել, պետք է  ներկայացվի նրա հիվանդության պատմությունը կամ նրա ամբուլատոր քարտը, այնտեղ պարբերաբար արված գրառումները, որպեսզի իրենք  համոզվեն, թե նա  ինչ հիվանդությամբ է տառապում, տեսնեն հիվանդության դինամիկան եւ հավելեց.

-Մի օր ոստիկանապետն է դատարան գրություն ուղարկում, մի օր  գյուղապետը, մի օր էլ գյուղի բժիշկը, մի օր էլ ասում են, որ  բացակայում է, գնացել է` Ռուսաստանում բուժվի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ ինքը միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը պարզի՝ արդյոք Արման Մնացականյանը բացակայե՞լ է Հայաստանից, դատավորն էլ  իրավապաշտպանին պատասխանել է, թե թող իրենք կատարեն հարցումը: Իրավապաշտպանն ասաց, որ իրենց հարցմանը կարող են չպատասխանել, սովորաբար չեն պատասխանում,սակայն դատարանի հարցմանը չեն կարող չպատասխանել: Մարտիրոսյանը դատավորին  ասաց.

-Եթե դուք այդ հարցումը  կատարած լինեիք, մենք համոզված ենք՝ կտեսնեինք, որ ոստիկանության տված փաստաթուղթը կեղծ է, մենք կմիջնորդեինք պատժել ոստիկանությանը,Արման Մնացականյանն էլ հիմա դատարանում կանգնած կլիներ: Մենք Երեւանում կայացած դատական նիստերի ժամանակ Արման Մնացականյանին տեսել ենք որպես առողջ, ծաղկուն տղա, ձեր մոտ կասկած չէ առաջանո՞ւմ, որ նա հիվանդ չէ: Այստեղ նստած բոլորի մոտ նման կասկած կա, մեղադրողի մոտ  կարող է չլինի: Մենք գիտենք, որ Արմանը ոչ մի հիվանդությամբ չի տառապում: Այդ թղթերը եթե նայում ենք, Արման Մնացականյանը ներկայանում է որպես երկրորդ կարգի հաշմանդամ:

Ռ. Մարտիրոսյանը հավելեց, որ Ա. Մնացականյանը  երկու տարվա ժամկետային ծառայության ընթացքում երբեւէ չի հիվանդացել, իրենք կասկածում են ոստիկանության այն գրությանը, թե Արման Մնացականյանը բուժվում է արտերկրում: Դատավոր Մարդանյանն ասաց, որ ինքը հիմքեր  չունի կասկածելու պետական մեկ այլ մարմնի տրված տեղեկատվության իսկությունը: Դատավորը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստին ներկայանալու  համար  Մնացականյանը կրկին պատշաճ ձեւով կծանուցվի, միաժամանակ կտեղեկացվի, որ դատարան չներկայանալու դեպքում պետք  է  դատարան ներկայացնել նրա բժշկական քարտը, քարտի քաղվածքը,  հիվանդության բուժման պատմությունը, տեղեկություն դատարան ներկայանալ կամ  չներկայանալու հնարավորության մասին: Ս. Մարդանյանն ասաց, որ այս կապակցությամբ  դատարանից գրություններ կուղարկվեն ոստիկանություն եւ այն բուժհաստատություն, որտեղ բուժվում է Մնացականյանը: Արտակ  Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը,  դահլիճից ռեպլիկ հնչեցրեց.

-Հիվանդ է «Վաղարշապատ » բժշկական կենտրոնի համար անհայտ հիվանդությամբ՝ տախիկարդիայով:
Հավելենք, որ այս հիվանդությունը սրտի կծկումների   չափաքանակի խախտումն է:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031