Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին այլեւս ազատամարտիկներ պետք չե՞ն

Հուլիս 11,2012 13:31

Արցախյան պատերազմի մասնակիցներին այնպես են անտեսում ու հալածում, որ նույնիսկ չեն մտածում «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման մասին:

Երկու օր առաջ գյումրեցիները հրաժեշտ տվեցին ընդդիմադիր ազատամարտիկ, 55-ամյա Ժորա Աթոյանին, որին բառի իսկական իմաստով մահվան հասցրին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Սարոյանն ու դատախազ Հարություն Հարությունյանը: Մեկ տարի շարունակ հիվանդ ազատամարտիկին դատեցին իբրեւ կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու, բնակարան ձեռք բերելու ու պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու: Այս պատմությունն ավարտվեց ազատամարտիկի մահով, որը չդիմացավ իր անցած ուղին «սեւացնելուն» ու իրեն նսեմացնելուն: Հուղարկավորությանը մասնակցած գյումրեցիների հավաստմամբ՝ նա մեռավ ծայրահեղ թշվառության մեջ, այդպիսի պայմաններ, որտեղ ապրում էր Արցախյան պատերազմի մասնակիցը, տնակների մեջ թաղված Գյումրիում դժվար թե գտնվի:

Պարզվում է՝ անկախ քաղաքական հայացքներից, նույն վերաբերմունքն են ցույց տալիս բոլոր ազատամարտիկներին՝ հասկացնելով, որ մեր երկրին իրոք ազատամարտիկներ պետք չեն: Այս կարծիքին է 1-ին կարգի հաշմանդամ, Արցախյան պատերազմի ժամանակ Ֆիզուլիում երկու ոտքը կորցրած Հովհաննես Շեկոյանը, որին էլ սկսել են հալածել փոքրիկ վարսավիրանոց հիմնելու համար: Մոտ 8 տարի առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փոքր կրպակներ նվիրեց հաշմանդամ-ազատամարտիկներին, որպեսզի վերջիններս կարողանան օրվա հաց վաստակել ու ինտեգրվել հասարակությանը: Հովհաննես Շեկոյանին էլ այդպիսի մի կրպակ հասավ, որը, սակայն, մի քանի անգամ սրտի կաթված ու ինսուլտ տարավ, պարտքերի մեջ ընկավ ու չկարողացավ աշխատեցնել իր կրպակը:

Ազատամարտիկի պատմելով՝ ամռանը որոշեց վարսավիրանոց հիմնել, իր ծանոթ տղային էլ խնդրեց գալ ու այն աշխատեցնել. «Ես չէի մտածում, որ սա ինձ էնպես պետք է նյարդայնացնի, որ մեջս ցանկություն առաջանա այդ կրպակը վառելու, վերացնելու: Հունիս ամսին այդ վարսավիրանոցով ընդամենը 5 հազար դրամ աշխատեցինք, բայց 3 օր առաջ ինձ այցելեց հարկայինի տեսուչը ու պարտադրեց լիցենզավորել գործունեությունս: Իսկ սա նշանակում է՝ ես ամեն ամիս 17 հազար դրամ փող պետք է մուծեմ, այսինքն՝ ստացվում է, որ ես իմ միակ եկամուտը՝ զինվորական թոշակը, պետք է իրենց տամ ու պրծնեմ: Էնքան զայրացա, որ զայրույթից կոտրեցի կրպակի ապակիները: Փառք Աստծո, կարողացա ինձ զսպել ու էդ տղային չխփեցի, այլ ապակին կոտրեցի: Բա ազատամարտիկների հետ էսպես կարելի՞ է վարվել, չէ՞ որ ես իմ կյանքն եմ հայրենիքին նվիրել, կյանքից թանկ բան կա՞ էս աշխարհում: Ես հող ու ջուր եմ ազատել, իսկ ինձ ջրի պարտքի համար 2 տարի առաջ դատի տվեցին, քաշպատառ արեցին դատարան, 24 հազար դրամը ձեռքիցս առան, 24 հազարի համար էլ ժամանակացույց կազմեցին, որ կամաց-կամաց մուծեմ. ահա էս երկրի պահած ազատամարտիկը»:

Ազատամարտիկը երկրաշարժին կորցրել է իր ընտանիքը, կնոջը, երկու երեխաներին, այնուհետեւ նոր ընտանիք է կազմել, հիմա խնամքին ունի մեկ անչափահաս որդի, որին, սակայն, պահում է իր թոշակով, քանի որ երեխային հասանելիք նպաստը եւս կտրել են: «Ոչ մի արտոնություն չեն տալիս ազատամարտիկներին, հարկային արտոնությունն ի՞նչ է, որ սա նույնիսկ խնայում են, լույս, գազ, ջուր, այս բոլորը վճարովի են, ասա՝ ո՞վ է մի անգամ մեզ հիշում: Հոկտեմբերի 3-ը հաշմանդամների օրն է, ոչ մեկը մեզ չի հիշում, ցույց են տալիս, նախարարն ամեն տեղ ֆռում է, բայց մարզեր երբեք չի գալիս: Մի հատ նայեք, էս մի սենյականոցը ապրելու տո՞ւն է, ես երկրաշարժին 2 զոհ եմ ունեցել, երկու սենյականոց եմ կորցրել, բայց հիմա չեն ուզում փոխհատուցել, չնայած դիմում եմ տվել բարելավման, նախարարությունը բարելավում սկսեց, բայց միչեւ օրս ոչ խեր կա, ոչ խաբար: Ապրում ենք մի սենյականոցի մեջ՝ կնոջս ու 17 տարեկան տղայիս հետ»:

Նշենք, որ այս ազատամարտիկն էլ չի օգտվում անվճար բուժօգնությունից ու դեղորայքից: Մի քանի ամիս առաջ նա ինսուլտ է ստացել, սակայն այդպես էլ ստացիոնար բուժում չի ստացել: Նրա միակ հույսը Աստվածն է: Ըստ նրա՝ այս երկրի պաշտոնյաները ցավալիորեն չեն ճանաչում Աստծուն, դրա համար էլ չարացած են, նյութապաշտ, հազար օբյեկտների ձեռք կգցեն, բայց հաշմանդամ մարդկանց էլ կզրկեն հաց ուտելու վերջին հնարավորությունից: «Ես երբեք չեմ բողոքել, ձայն չեմ հանել, մտածել եմ, որ պատերազմ ինքնակամ եմ գնացել, ումի՞ց բողոքեմ: 15 տարի շարունակ անչափահաս երեխային նպաստ չտվեցին, կտրեցին, ես էլի չբողոքեցի, ես միշտ մտածում եմ՝ հաշմանդամ եմ դարձել իմ հողի, իմ ժողովրդի համար, բայց էսպես չի կարելի: Երկիրն այնպիսի մարդիկ են ղեկավարում, որոնք մտածում են միայն իրենց մասին: Ես երբ պատերազմ էի գնում, մի բանի մասին էի մտածում՝ կամ մահ, կամ ազատություն, չէի էլ պատկերացնում, որ մարտի դաշտից դուրս սարսափելի կյանք է սպասվում: Հայրենիքը անունով մերն է, բայց ապրելակերպը իրանցն է: Մեր արյան ու քրտինքի տակ իրանք պետք է վայելեն, անունը մերն է, գործը՝ իրենցը: Նման վերաբերմունք չի կարելի, մի քիչ ձեզ քրիստոնեավայել պահեք, փողի համար խիղճներդ եք կորցրել, եթե մի քանի հոգի իրենց միլիոնները բաշխեն, բոլորը էս երկրում հավասար կապրեն, մի բուռ ժողովուրդ ենք՝ վերջիվերջո: Մեկը պիտի ապրի լիության, մյուսը՝ նեղության մեջ, էսպես էլ երկրի ղեկավար կլինի՞: Ես հույսս Աստծո վրա եմ դրել, ինձ Աստված է տիրություն անում, այլապես, եթե ձեռքերը հնար լինի, ինձ էսօր էլ կթաղեն, ես այլեւս իմ երկրին պետք չեմ»,- նեղսրտել էր Հովհաննես Շեկոյանը: Ազատամարտիկի պատմելով՝ իր ամբողջ կյանքում մի անգամ է վերաբերմունք տեսել, ընդ որում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից: Տեղի հեռուստաընկերություններից մեկը, այցելելով իր տուն, ֆիքսել է, որ նա անգամ հեռուստացույց չունի, այդ նյութից հետո անսպասելիորեն թակել են ազատամարտիկի դուռը ու նրան Գագիկ Ծառուկյանի կողմից հեռուստացույց, DVD, մսաղաց ու $500 են նվիրել, որի շնորհիվ նա կարողացել է փոքր-ինչ կարգի բերել տունը: «Ինձ երբեմն հարցնում են՝ դու ԲՀԿ-ակա՞ն ես, ասում եմ՝ ես ոչ մի կուսակցության չեմ պատկանում, ինձ կուսակցությունները պետք չեն, հիմա կրակն ընկա՞նք, որ էս ամբողջ Հայաստանում մի մարդ կա՝ Գագիկ Ծառուկյան անունով»,- ասում է ազատամարտիկը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031