Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան քաղաքական գործիչներ, ովքեր անձնական վրեժ են լուծում Հայրապետյանից»

Հուլիս 11,2012 13:24

Սուրեն Սիրունյանը՝ «Հարսնաքարի» դեպքերի մասին

«Մասնավոր անձանց թիկնապահների ուշքն ու միտքը մեծ մատնաքաշով երշիկն ամբողջությամբ ուտելն է: Խոսքը միայն Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներին չի վերաբերում, այլեւ ընդհանրապես: Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ոչ թե ինքնագործունեությամբ պետք է զբաղվեին, այլ պարտավոր էին զանգահարել ոստիկանություն: Ոստիկանությունը կգար եւ կարգի կհրավիրեր տվյալ անձանց, եթե հարկ լիներ՝ նաեւ ոստիկանական բաժանմունք կտանեին, կտուգանեին, ինչ-որ մի պատժաչափ կկիրառեին՝ հասարակական վայրում ոչ վայել պահվածքի համար, բայց նման ողբերգություն տեղի չէր ունենա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվտանգության ծառայության պետ Սուրեն Սիրունյանը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները նրան ստիպել են մասնագիտական առումով վերլուծության ենթարկել «դաշտը», ինչի արդյունքում Սիրունյանը հետեւյալ եզրահանգման է եկել. «Մասնավոր անձանց թիկնազորային ծառայությունների աշխատակիցները, որոնք բավականին շատ են Հայաստանում, 95 տոկոսով ոչ թե տվյալ անհատին պաշտպանելու համար են, այլ մարդկանց աչքը վախեցնելու: Այդ «թիկնազորայիններ» կոչվածները միայն մտածում են մարմնի որոշ հատվածներն ուռացնելու եւ դիմացինների վրա սարսափազդու տպավորություն թողնելու մասին»: Խստագույնս դատապարտելով «Հարսնաքարում» կատարվածը՝ նա նաեւ արդարացի չի համարում Վահե Ավետյանի մահվան արդյունքում ձեւավորված հասարակական խմբի՝ Ռուբեն Հայրապետյանին պատժելու պահանջը: «Առավոտի» դիտարկմանը՝ տվյալ պարագայում Ռուբեն Հայրապետյանը եւ, ընդհանրապես, մնացյալ մարդիկ, ովքեր ունեն թիկնապահների կարիք, մեղքի իրենց բաժինն ունեն, քանի որ թիկնապահներ ընտրելիս առաջնորդվում են ոչ թե տվյալ անձի մասնագիտական ունակություններով, այլ հենց սարսափազդու արտաքինն են նախընտրում, եւ ինքնագլուխ գործելու հնարավորություններն էլ իրենք են տալիս, մեր զրուցակիցը հակադարձեց. «Դա նորություն չէ մեզանում: Ցավոք, վաղուց է այդպես. եթե տվյալ անձի գլուխը մեծ է կամ բոյը երկու մետր է, տպավորություն է ստեղծվում, թե ինքն ավելի հզոր է: Հայաստանում թիկնազորայիններին ընտրում են այն սկզբունքով, որ մարդիկ նրա դեմքին նայեն՝ արդեն վախենան: Եվ եթե ոլորտը համակարգված լիներ, այսօր նման ողբերգական իրողության առջեւ չէինք կանգնի»: Մեր զրուցակիցը վստահ է՝ շատերն են իր հետ համակարծիք, որ ոլորտը համակարգման կարիք ունի, որ թիկնապահները պետք է լինեն մասնագիտական պատրաստվածությամբ, գրագետ եւ իմանան, թե որ դեպքում իրենց ինչպես պետք է դրսեւորեն: Սիրունյանը կողմ է, որ ՀՀ-ում գտնվող բոլոր հասարակական հաստատությունները՝ անկախ նրանց բնույթից, պահպանված լինեին ոստիկանության կողմից. «Որեւէ հասարակական վայրում որեւէ միջադեպ բացառել չես կարող, բայց եթե հասարակական նշանակության հաստատությունները պահպանվում են պետական կառույցի՝ ոստիկանության կողմից, դա օգուտ է բերում եւ պետությանը, եւ հասարակությանը, այն առումով, որ հարսնաքարերը կարելի է բացառել: Այն մասնավոր անձինք, ովքեր թիկնապահների կարիք ունեն, դա նույնպես պետք է համակարգվի ոստիկանության կողմից: Որեւիցե այլ կառույց չի կարող այնպես ապահովել մարդու անվտանգությունը, ինչպես ոստիկանությունը»:

Գնահատելով «Հարսնաքարի» ողբերգությունը ոչ միայն անվտանգության, այլ նաեւ հասարակական-քաղաքական հնչեղության տեսանկյունից՝ Սիրունյանը նկատում է. «Եթե հասարակությունը նմանապես արձագանքեր եւ հետեւողական լիներ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի՝ Կուկուի կողմից դաժանաբար սպանված Պողոս Պողոսյանի սպանությանը, ապա «Հարսնաքար» չէր լինի: Հասարակությունն այն ժամանակ համարժեք չարձագանքեց: Այսօր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ Դաշնակցությունը, պահանջում են «Հարսնաքարի» դեպքի հետ կապված արտահերթ նիստ հրավիրել եւ պատժամիջոցներ կիրառել Ռուբեն Հայրապետյանի դեմ: Զարմանալին այն է, որ նույն ՀՅԴ-ն այն ժամանակ էլ ԱԺ-ում էր, բայց Կուկուի դեպքի հետ կապված արտահերթ նիստ չպահանջեց: Այստեղ մի քիչ անձնավորված խնդիրներ կան»: Մեր զրուցակիցը վստահ է, որ շատ քաղաքական գործիչներ, ովքեր այսօր հայտնվել են հասարակական ալիք բարձրացրած մարդկանց շարքերում, փորձում են դժգոհությունն իրենց նպատակներին ծառայեցնել եւ «ալիքը շեղել տարբեր ուղղություններով»: Սիրունյանը չափազանցված է համարում Հայրապետյանին կալանավորելու կոչերը. «Քննություն է գնում, կան ձերբակալվածներ: Պետք է հետեւողական լինել, որպեսզի այդ մարդիկ ստանան իրենց պատիժը, այլ ոչ թե 37 թվականների ոճով հայտարարություններ անել՝ ձերբակալեք Հայրապետյանին, ունեցվածքը խլեք: Այդ դեպքում՝ ի՞նչ տարբերություն նրանց միջեւ: Անօրինական կերպով մարդու ունեցվածքին տիրանալն էլ է հանցագործություն, ինչի իրավունքը ոչ ոք չունի: Կամ՝ կալանավորելու կոչեր անելը: Եթե քննությունը կպարզի, որ Հայրապետյանն է մեղավոր, թող կալանավորեն, բայց այսօր իրավիճակն այնպես է, որ Հայրապետյանը դեպքի վայրում չի եղել: Բուն քննությունը թողել եւ ուղղությունը շեղել դեպի Ռուբեն Հայրապետյանը՝ ես գտնում եմ, որ դա անձնավորված է, եւ կան քաղաքական գործիչներ, ովքեր անձնական վրեժ են լուծում Հայրապետյանից»:

Առավել պատկերավոր լինելու համար մեր զրուցակիցն այսպիսի համեմատություն արեց. «2008 թվականի մարտիմեկյան հայտնի իրադարձություններից հետո համաժողովրդական շարժման շատ ակտիվիստների, այդ թվում ինձ եւ եղբորս, ձերբակալեցին: Մյուս կողմից՝ համաժողովրդական շարժման շատ ղեկավարների, այդ թվում՝ Լեւոն Զուրաբյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չձերբակալեցին: Այսինքն՝ ի՞նչ… Մենք պահանջեինք, որ որպես շարժման ղեկավարների իրե՞նց էլ ձերբակալեին: Կամ, եթե ես ժամանակին ինչ-որ մի վատ բան անեի՝ Վանո Սիրադեղյա՞նը պիտի պատասխան տար»: Որ ողբերգությունը փորձում են քաղաքական շոուի վերածել, ըստ Սիրունյանի, ցույց տվեցին նաեւ Վահե Ավետյանի յոթնօրեքի առիթով կազմակերպված մոմավառության առիթով զարգացած իրադարձությունները:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031