Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը որեւէ առնչություն ունի՞ ԲՀԿ-ի հետ

Հուլիս 11,2012 13:21

Արմեն Ռուստամյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ

Երեկ Aravot.am-ը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է ճիշտ համարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ-ի մասին արված այն ձեւակերպումները, որ եթե իշխանության այլընտրանք ես, ուրեմն ինքնըստինքյան ընդդիմություն ես, ընդդիմություն լինել-չլինելը բնորոշվում է ոչ թե այդ մասին արված հայտարարությամբ, այլ որեւէ քաղաքական ուժի կոնկրետ կարգավիճակով։ Պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Կան տեղեր, որ հստակ ասվում է, թե ինչ է ընդդիմությունը, օրինակ՝ Եվրախորհրդում, եթե դու իշխանության մեջ չես, կառավարության մեջ չես՝ դու մեխանիկորեն ընդդիմություն ես համարվում: Բայց մեր կանոնակարգում սահմանված է, որ ընդդիմությունը նաեւ պետք է հայտարարի: Եթե չի հայտարարել, չի հանդիսանում ընդդիմություն: Իսկապես, կանոնակարգը դա է ասում: Ի՞նչ է նշանակում դա՝ դա նշանակում է, որ մնացած արտոնությունները, որն այսօր ընդդիմությունն ունի, դրանից «Բարգավաճ Հայաստանն» այսօր չի կարող օգտվել: Արտոնությունները հետեւյալն են՝ ընդդիմության նիստ պարտադրելը, արտահերթ հարցերի իրավունք ունենալ եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ սրանք այն են,որ միշտ իրականացվել են 2008-ից հետո, երբ մենք ընդդիմության դերի մեծացման ուղղությամբ քայլեր սկսեցինք կատարել: Սա է: Դրա համար սահմանվել է այդ կարգը: Եթե ԲՀԿ-ն հայտարարեր, կլիներ ամենամեծաթիվ ընդդիմությունը: Կարգն ասում է՝ եթե, օրինակ, դիմում են ներկայացնում ընդդիմադիր ուժերը, որ արտահերթ նիստ գումարեն կամ պարտադիր ճանաչեն իրենց հարցը, որ ընդդիմության նիստ գումարվի, առաջնահերթությունը տալիս են մեծաթիվ ընդդիմությանը: Այդ առումով մեծաթիվ ընդդիմությունը այսօր ՀԱԿ-ն է: Հիմա մնացածը քաղաքագիտական բան է»: Մենք հետաքրքրվեցինք՝ իրենց, այսինքն, ընդդիմության դաշտում չե՞ք տեսնում՝ իրենց պահվածքով, կեցվածքով, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իրենք իրենց պիտի տեսնեն, ես ի՞նչ տեսնեմ: Դա հասարակությունը պիտի տեսնի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթում նաեւ նշել էր՝ ովքեր ԲՀԿ-ի ետեւում տեսնում են Ռոբերտ Քոչարյանի ականջները, նրա վերադարձով սարսափեցնում են ժողովրդին, փորձում են «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ու հլու-հնազանդ կամակատարը: ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի կապի հետ կապված՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ այդպիսի կապեր տեսնում են նրանք, ովքեր կապերից տեղյակ չեն. «Ես մինչեւ անձամբ կապը չշոշափեմ, չտեսնեմ, դրա մասին չեմ խոսի: Բայց մերոնք այնքան հեշտ են կապեր ստեղծում, որտեղ բացարձակապես այդպիսի կապ հնարավոր չէ, որ լինի»: Մեր դիտարկմանը՝ հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն է ստեղծել ԲՀԿ-ն՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Որտե՞ղ է հայտնի, ձեզ հայտնի է՝ ինձ հայտնի չէ: Եթե չի հերքվել, ուրեմն ճի՞շտ է: Այնքան բան կա, որ ասում են ու չի հերքվում, ուրեմն ճի՞շտ է: Այդպես կլինեն հազարավոր ճշտեր, որոնք իրար հակասող կլինեն»: Մենք ճշտեցինք՝ Դուք առնչություն չե՞ք տեսնում ԲՀԿ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ, նա պատասխանեց. «Առնչություն կարող է լինել, բայց դա իմ խնդիրը չի, դա իրենց խնդիրն է, եւ ես բացարձակապես անիմաստ եմ համարում այդ հարցերի մեջ մտնել: Իրենք իրենց հարցերը թող լուծեն, ում ականջները որտեղ է՝ թող իրենք էլ ճշտեն. ականջ կա-չկա, հարաբերություն ունեն-չունեն: Ես ոչ հետախուզական կառույց եմ, ոչ էլ այդպիսի նպատակ ունեմ ճշտելու, թե մյուսի հետ ինչքան է հանդիպում, եւ որքանով է իրենց հարաբերությունների բնույթը խորը»:

Միասնական շտաբն արդեն լուծարվել է, այնուամենայնիվ, թե որքանով է հնարավոր ՀՅԴ-ի համագործակցությունը ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ նախագահական ընտրություններից առաջ՝ պարոն Ռուստամյանն ասաց, որ ընտրական գործընթացների հետ կապված՝  իրենք կարող են համագործակցել բոլորի հետ. «Դա ուժի մեջ է՝ վերահսկելու առումով, ընտրությունների թափանցիկությունը, արդարությունն ապահովելու առումով՝ բոլորի հետ: Ի դեպ, այդ ժամանակ մենք համագործակցել ենք Հանրապետականի առաջ քաշած որոշ խնդիրների առումով, մեզ համար որեւէ տաբու չկա՝ ում հետ համագործակցել: Եթե մենք խնդիր ենք դնում հասնել ինչ-որ հարցի լուծմանը, պատրաստ ենք բոլորի հետ էլ համագործակցել: Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, եւ եթե մեկը իր մասնակցությամբ, համագործակցությամբ կարող է նպաստել հարցի լուծմանը, մենք պատրաստ ենք համագործակցել»:

Պարոն Ռուստամյանը հարցին, թե «Հանրապետություն», «Հայաստանի լիբերալ» կուսակցությունների, Դավիթ Շահնազարյանի ՀԱԿ-ից հեռանալով՝ Կոնգրեսը, իր կարծիքով, չի՞ թուլանում, ի պատասխան՝ հորդորեց դա ՀԱԿ-ին հարցնել. «Այն հարցերը, որոնք չեն վերաբերում Դաշնակցությանը, տվեք իրենց: Մենք ՀԱԿ-ի գործերի հետ ի՞նչ կապ ունենք, այդ իրենց հարցրեք՝ թույլ են, ուժեղ են…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031