Այսօր առավոտից մոտ 80 ավտոբուս, որոնք սպասարկում են Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիները, գիծ դուրս չեն եկել: Բանն այն է, որ վարորդները հրաժարվում են աշխատանքի դուրս գալ, քանի որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական անվճար ավտոբուսները արդեն 6 ամիս է՝ նշված երթուղով աշխատում են եւ, այսպես ասած՝ ուղեւոր փախցնում, ինչի արդյունքում իրենք տուժում են:
Aravot.am-ի հետ զրույցում վարորդները վստահեցրին, որ անգամ վառելիքի գումարը չեն կարողանում հանել, էլ ուր մնաց՝ եկամուտ ունենան: Վարորդները սպառնացին, որ եթե կառավարությունը ոչ մի քայլ չձեռնարկի, իրենք վաղն առավոտից փակելու են Երեւան-Սեւան մայրուղին: Ընդ որում, նրանց են միանալու նաեւ Հրազդան-Աբովյան եւ շրջակա գյուղերը սպասարկող մի քանի երթուղագծերի ավտոբուսների վարորդները:
Խնդրի առնչությամբ Երեւան-Չարենցավան եւ Երեւան-Աբովյան գիծը սպասարկող «Կինգ դելյուքս» ընկերության տնօրինությունը ամիսներ առաջ նամակ էր ուղղել կապի եւ տրանսպորտի նախարարություն, սակայն մինչ օրս ոչ մի արդյունք չեն ունեցել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ