Ավանում, Զովունիում, Արտաշատում, Խարբերդում եւ Ուշիում կամավորների խնամակալության տակ են գտնվում օրավարձով ապրող կենդանիներ, որոնց խնամքն անհրաժեշտ է շարունակել` մինչ կգտնվեն տերեր: Յուրաքանչյուր շան համար վճարվում է նվազագույնը 1000 դրամ` մեկ օրվա համար, բացի այդ, անհրաժեշտ է նրանց ապահովել սնունդով եւ հոգալ նաեւ բժշկական ծախսերը:
Այդ նպատակով կենդանասերները կազմակերպում են դրամահավաք-սննդահավաքներ, որոնց ընթացքում կամավորները կարող են օգնություն ցուցաբերել կենդանիներին: Հերթական դրամահավաքն երեկ Թամանյանի արձանի մոտ էր. մարդկանց, հատկապես` երեխաների հետ ակտիվ խաղում էին նաեւ ժամանակավոր խնամակալության տակ գնտվող շներից մի քանիսը:
Aravot.am-ի հետ զրույցում Լյուսի Հարությունյանն ասաց, որ կենդանասերներն առաջնահերթ նպատակադրվել են փրկել կենդանիներին եւ մարդկանց հասկացնել, որ չպետք է նրանց վատ վերաբերվել. «Վերջերս Զավարյան 1 հասցեում ձագերից մեկին գցել էին օդատար նեղ խողովակի մեջ` 8-րդ հարկում: Նրա կյանքի համար երկար ժամանակ պայքարելուց հետո հարեւաններից մեկը թույլ տվեց քանդել պատը` հատուցման պայմանով: Ձագը դուրս բերվեց եւ այժմ կամավորներից մեկի տանն է ապրում»:
Քրիստինա Ադումյանը նշեց, որ վերջին տարիներին ավելացել է կենդաիների ճակատագրերով մտահոգ անձանց թիվը. «Յուրաքանչյուր ամիս մեր կատարած գործողություններն ամփոփելով` կազմում ենք հաշվետվություն, թե քանի կենդանի է որդեգրվել կամ բուժվել: Այդ նպատակով կամավորների ջանքերով ստեղծվել է Dingo.am-ը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ