Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի»

Հուլիս 11,2012 12:07

Ասում են` Վահրամ Սահակյանը գրող է: Չեմ հավատում: Գրողը քաղաքացու իր անձնագիրը չէր պատռի: Մանավանդ հայ գրողը: Որովհետեւ հայ ԳՐՈՂԻ համար անկախությունը, ազգային պետությունը եղել են երազանք:
Վահրամ Սահակյանը նախ լուր տարածեց, թե իրեն «դաժանորեն ծեծել են», հետո, երբ ոստիկանությունը հերքեց, հայտարարեց, թե կատակել է: Երբ մեկը տաքսաֆոնից զանգում է ոստիկանություն եւ կեղծ ահազանգ տարածում, եթե նրա ինքնությունը պարզվում է, ենթարկվում է պատասխանատվության: Օրենքն է պահանջում:
Նույն օրենքը չի՞ սահմանում պատիժ հասարակությանը կեղծ լուրերով ահաբեկելու, համատարած վախի մթնոլորտ սերմանելու համար: Իսկ Վահրամ Սահակյանը չի կատակել: Նա «ահաբեկչություն» է արել:
Բառը կարելի էր եւ չչակերտել: Քանի որ «գրողը» փաստորեն մարդկանց ահաբեկել է, որ Երեւանում ինչ-որ «անհայտ անձինք կարող են ցանկացած անցորդի վրա փողոցում հարձակվել, ծեծել եւ անպատիժ հեռանալ»: Սա բարոյական տեռոր է, որի համար եթե ոչ օրենքը, ապա հասարակությունը պարտավոր է պատասխանատվության ենթարկել Վահրամ Սահակյանին:
Եվ ոչ միայն նրան: Բոլորը, որ պարապությունից կրքեր են բորբոքում, կեղծուպատիր լուրեր տարածում, անվանարկում, հասարակության կողմից պետք է մերժվեն: Նմաններին լսելու փոխարեն մարդիկ պետք է նրանց լռեցնեն: Այո, պահանջեն, որ լռեն, իրենց հանգիստ թողնեն: Թե չէ իր բնագավառում ամեն ձախողված մաղձը թափում է հասարակության գլխին:
«Ես հիմա ոչինչ չեմ անում»,- մամուլին ասել է նույն Վահրամ Սահակյանը: Գրողն է՞լ ասի՝ «ես ոչինչ չեմ անում»: Բա էլ ի՞նչ գրողի տարածն է, որ անելիք չունի: Փոխանակ նստի եւ գրի: Թեկուզ օլիգարխիայի մասին: Թե՞ սպասում է, որ «մի հարյուր-երկու հարյուր դոլար փող տան»` գնա «Առագաստում» խմի: Կամ էլ` հենց «Հարսնաքարում»:
Պետք է համոզված լինել` ՀՀ քաղաքացու անձնագիրը ցուցադրաբար (այդպես 88-89-ին «քարթու» կոմունիստներն էին կուստոմսը վառում), պատռողը, իրեն «դաժանորեն ծեծելու» մասին սուտ լուր տարածողը քաղաքացիական արժեքներ չէ, որ դավանում է, այլ միայն «փորի խնդիր» է լուծում։ Եվ հաստատ ցանկացած օլիգարխի կամ նրա թիկնապահի անգամ կեսբերան հրավերով կգնա, կնստի «Հարսնաքարի» նույն սեղանին, որտեղ Վահե Ավետյանն է հունիսի 17-ին եղել, կուտի տրված «կուտը», կխմի` ինչ հյուրասիրեն: Եվ լկտիաբար կասի, թե գնացել էր «գրական տիպեր ուսումնասիրելու»:
Հարցազրույցներից մեկում Հ.Մաթեւոսյանը միտք է զարգացնում, որ եթե հասարակությունը վատն է, ուրեմն վատն են գրողները, որովհետեւ իրենք է, որ պիտի ե՛ւ օրինակ լինեն, ե՛ւ բարքերի, վարքի, վարվեցողության ստեղծողներ: Ի՞նչ եք ուզում հասարակությունից, եթե նրա «սերուցքը» բարոյական ահաբեկիչ եւ պետական սրբությունները, քաղաքացու անձնագիրը, որ ցանկացած երկրում պետական խորհրդանիշ է, ոտնահարող, իրեն գրականության մարդ հռչակած Վահրամ Սահակյանն է:
Ուրիշ բան չասենք. եթե անձնագիր պատռելու համար Վահրամ Սահակյանը հասարակության կողմից չպարսավվի, ուրեմն երկրում իրոք ինչ-որ բան այն չէ: Եվ մենք արժանի ենք, որ ունենանք Վահրամ Սահակյանի նման «գրող»:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031