Մինչեւ Գերագույն ժողովի անցկացումը նկատելի լարվածություն կար դաշնակցական եւ կուսակցությանը համակիր շրջանակներում։ Խոսակցություններ էին շրջանառվում, որ հստակ տրամադրություն կա փոխելու Դաշնակցության հայաստանյան կառույցի ղեկավար կազմն ամբողջությամբ, որի արդյունքում ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմություն գործող իշխանություններին՝ ներքաղաքական հիմնահարցերում որդեգրելով կոշտ եւ նույնիսկ հեղափոխական կեցվածք: Այլ կերպ ասած՝ կարծես խնդիր էր դրված փոխել կուսակցության վերջին 14 տարիների ռազմավարությունը, որի արդյունքում Դաշնակցությունը 11 տարի, այս կամ այն կերպ, մաս էր կազմում իշխանության՝ համապատասխանաբար ներկայացված լինելով նաեւ կառավարությունում։ Իսկ վերջին 3 տարիների ընդդիմադիր կեցվածքը (հիմնականում պայմանավորված հայ-թուրքական արձանագրություններով) գործնականում որեւէ խնդիր չի ստեղծել իշխանության համար, քանզի ՀՅԴ ղեկավարությունը կուսակցությունը գործնականում պահել է «կառուցողական» ընդդիմության դաշտում։ Այդ հանգամանքը, սակայն, որեւէ նշանակություն չունեցավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, և Դաշնակցությունը ստացավ խիստ համեստ քվե՝ երկու երրորդով կրճատելով իր ներկայությունը Ազգային ժողովում։
Ընտրությունների այսպիսի ոչ մխիթարական արդյունքները նույնպես դիտարկվում էին ներկուսակցական «հեղափոխության» շարժառիթների շարքում։ Ըստ ամենայնի, երկրորդական դեր չուներ նաեւ անցած տարվա ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո սկսված ներկուսակցական ճգնաժամը։ Գաղտնիք չէ, որ Դաշնակցության ներկայիս Բյուրոյի ընտրությունների ժամանակ որոշակի ջրբաժան առաջացավ ՀՅԴ ամերիկյան ու եվրորղական կառույցների եւ Հայաստանի կառույցի միջեւ։ Արդյունքում ԱՄՆ եւ եվրոպական կառույցներից որեւէ ներկայացուցիչ չընտրվեց Բյուրոյի կազմում, եւ կային կանխատեսումներ, որ դրսի կառույցները կփորձեն ազդել Հայաստանի Գերագույն ժողովի ընթացքի վրա՝ նոր, ներկայիս Բյուրոյին ընդդիմադիր կազմ ձեւավորելու համար։ Ըստ երևույթին, այդպիսի ազդեցության փորձեր եղել են, հակառակ դեպքում դժվար է հասկանալ Գերագույն ժողովից անմիջապես առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Մարգարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունը, թե որոշ շրջանակներ փորձում են կուսակցության ղեկավարության ընտրությունների վրա ազդելու ճանապարհով ՀՅԴ-ին կողմնորոշել դեպի Արեւմուտք, դարձնել ամերիկամետ։
Ինչեէ, եթե անգամ իրական լուրջ պայքար է ընթացել Գերագույն ժողովում, ապա արդյունքները ցույց են տալիս, որ այն ավարտվել է Հ. Մարգարյանի «թեւի» հաղթանակով։ Դա է վկայում ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը, որը կիսով չափ նախկին կազմի կրկնությունն է։ Ըստ այդմ կարելի է կանխատեսել, որ չնայած հրապարակված հայտարարության մեջ տեղ գտած՝ Դաշնակցության հեղափոխականության մասին հղումներին, ՀՅԴ գործելաոճը առաջիկա երկու տարում հազիվ թե որեւէ փոփոխություն կրի նախկինի համեմատ։ Հաստատումը, թե ՀՅԴ-ն ինքնուրույն մասնակցություն է ունենալու տեղական ինքնակառավարման եւ նախագահական ընտրություններին, ավանդական-հերթապահ պնդում է, ոչ ավելի։ Որովհետեւ այդ մասնակցությունը հազիվ թե ավելի լուրջ արդյունքների հանգեցնի, քան խորհրդարանական ընտրություններում։
Կարդացեք նաև
Թեպետ չհաջողված ներկուսակցական հեղափոխության կապակցությամբ որոշակի հիասթափություն կա դաշնակցականների այն շրջանակում, որը ձգտում էր արմատական փոփոխությունների։ Կան նաեւ կարծիքներ, որ ներկուսակցական ճգնաժամը նոր Գերագույն մարմնի ընտրություններով ամենեւին էլ չհանգուցալուծվեց։ ՀՅԴ ռազմավարության եւ մարտավարության հետ կապված խնդիրները մնում են վիճելի, եւ, ըստ ամենայնի, խմորումները կշարունակվեն ինչպես Դաշնակցության սփյուռքյան կառույցներում, այնպես էլ Հայաստանի կազմակերպությունում։ Անուղղակիորեն այդ մասին է վկայում նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարության այն պարբերությունը, որ ժողովն անցել է «միասնականության եւ համախմբվածության» մթնոլորտում։ Դժվար է հիշել, որ Դաշնակցության ղեկավար մարմինների հավաքները ավարտվեին միասնականության մասին հատուկ շեշտադրումներով, ինչը ինքնին վկայում է, որ հենց այդ կապակցությամբ խնդիրներ կային եւ գուցե դեռ «օրակարգում» են։ Ընդ որում, ներքին խմորումների այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն Դաշնակցությանը, այլեւ Հայաստանի ողջ քաղաքական դաշտին առհասարակ։ Հակառակը, ՀՅԴ-ն նախկինում համարվել է ներքին տարաձայնություններից զերծ, ամենակուռ կուսակցական կառույցը ոչ միայն Հայաստանում, այլեւ առհասարակ հայ իրականության մեջ, եւ հենց դրանում էր Դաշնակցության ուժը։ Հիմա այդ թեզը այլեւս վիճելի է։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Հայացք»