ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը;
– Պարոն Ռուբինյան, օրերս ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը հետեւեց Ձեր օրինակին եւ դուրս եկավ ՀԱԿ–ի կազմից։ Ինչպե՞ս եք գնահատում Շահնազարյանի այդ քայլը։
– Անշուշտ, իր քայլը քաղաքական է, իհարկե, ինքն է որոշողը՝ երբ եւ ինչ կարգի հայտարարություններ կանի, բայց այն փաստարկները, որոնք ինքը ներկայացրել էր «Ազատություն» ռ/կ-ին, համոզիչ են, եւ ես կիսում եմ նրա մոտեցումները։
– Իսկ ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ–ը լքողներն օրեցօր ավելանում են։
Կարդացեք նաև
– Պատճառն այն է, որ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, հիմա հետադարձ հայացքով որ նայում եմ, ըստ երեւույթին 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերից հետո մեկ այլ կուրս է վերցրել, որը չի ենթադրում պայքար, որը չի ենթադրում ինքնամոռաց պայքար, այլ ենթադրում է ինչ-որ համաձայնություններ, ինչ-որ ներքին պայմանավորվածություններ, որից բխում է ժողովրդին ճշմարտությունը չասել կամ ողջ ճշմարտությունը չասել։ Եթե չհաշվենք մի քանի ֆանատների եւ մի քանի վճարովի լրագրողների դիրքորոշումը, համարյա բոլորին պարզ է, որ հիմա, ըստ էության, ռեժիմի դեմ պայքարի մասին խոսք չկա, եւ, բնականաբար, այդպիսի կառույցից պետք է հեռանան, ոչ թե մնան։
– Մամուլում նշվեց, որ Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ–ից դուրս գալու պատճառը զուտ անձնական է։
– Ես զարմանում եմ, որ նման բաներ են ասում, բայց նույնիսկ եթե անձնական խնդիրներ ունենար, Շահնազարյանն ինչո՞ւ պետք է դրա մասին խոսեր։ Դա քաղաքական խնդիր է։
– ՀԱԿ–ի հենասյուներից մեկը համարվող «Հանրապետություն» կուսակցության
առաջնորդ Արամ Սարգսյանը եւս ընտրություններից հետո հայտարարեց, որ ՀԱԿ–ից դուրս է գալիս։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այս քայլը եւ ի՞նչ եք կարծում, նման կուսակցության առաջնորդի հեռանալը ՀԱԿ–ի փլուզման մասին չի՞ վկայում։
– Դա կուսակցության դիրքորոշումն էր, Դուք հիշում եք, որ կուսակցությունը հրաժարվեց նախընտրական ցուցակի բոլոր տեղերից, բացառությամբ Արամ Սարգսյանի տեղից, իսկ ընտրություններից հետո արդեն հայտարարություն արվեց, որ կուրսը, որն ընտրել է Կոնգրեսը, իրենց ձեռք չի տալիս։ Ես նորից կրկնեմ, որ այդ կուրսը պրոգրեսի տանող չէ, անկեղծ չէ, ժողովրդին մոլորության մեջ գցող է, ըստ էության՝ այս ամեն ինչն էլ բերում է քաղաքական նիհիլիզմի։ Եվ մենք այժմ շատ ծանր վիճակում ենք հայտնվել, քանի որ միակ ընդդիմադիր ուժ հորջորջվողը, իսկ մինչեւ 2008թ.-ն իսկապես այդպիսին էր, հրաժարվել է ըստ էության պայքարից եւ ինչ-որ ճղճիմ բանսարկությունների, համաձայնությունների ոլորտ է մտել։
– Ըստ Ձեզ՝ Կոնգրեսից հեռացողներ էլի՞ են լինելու։
– Եթե այս գործելաոճը շարունակվի, եթե հանրահավաքներ հրավիրվեն միայն նրա համար, որպեսզի ապացուցեն, որ ինչ-որ մարդիկ դեռեւս գալիս են մեր հանրահավաքներին, եւ շարունակեն ծիծաղաշարժ վերլուծություններ անել հանրահավաքներում, իհարկե այդ պրոցեսը կշարունակվի։ Արդյոք Կոնգրեսն ունի ռեսուրս, ընդունելով իր սխալները, նոր պայքար վերսկսելու, ցավոք սրտի քիչ, բայց ունի։ Սակայն կգնա այդ քայլին, թե ոչ, ես դրա մասին չեմ կարող ասել։ Կոնգրեսի մոլեռանդ կողմնակիցների համար իրական պայքարող ուժը ՀԱԿ-ն է։ Հիմա երբ մենք նայում ենք, այս օրերին տեսնում ենք, որ ՀԱԿ-ը ոչ մի պայքար էլ չի վարում, մի ստից ձեւական հանրահավաք արվեց, եւ մինչեւ սեպտեմբեր հանգիստ հայտարարվեց, իսկ իրական պայքարող ուժը քաղաքացիական հասարակությունն է, որը դուրս է եկել փողոց եւ պայքարում է օլիգարխների դեմ, պայքարում է արդար քննության համար։ Իրական պայքարողը ՀԱԿ-ը չէ, այդ ձեւական, մոդայիկ ձեւակերպումները պետք է մոռանանք։
– Ի վերջո, ըստ Ձեզ՝ ՀԱ՞Կ-ն է այսօրվա ընդդիմությունը, թե՞ ԲՀԿ-ն։
– (Ծիծաղում է-Ս.Գ.) Դե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում ինձ համոզեց, որ իրական ընդդիմությունը ԲՀԿ-ն է։ Եվ հիմա ես ՀԱԿ-ին էլ չեմ հետեւում, ուշիուշով հետեւում եմ ԲՀԿ-ի ու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին՝ որպես իրական ընդդիմություն։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Ժողովուրդ»