Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում։ Բայց պետք է որ հերքեին, ընդ որում՝ իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ՝ «հիվանդագին երեւակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել…», «իրականությունը միայն սեւ գույներով…» տիպի բառակապակցություններով։ Բայց ոչ մի հերքում չկա։ Ավելին, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, գազի գնի բարձրացման շուրջ մեկնաբանությունների փոխարեն, ԶԼՄ-ներին ասել է. «Բանակցությունները շարունակվում են»։ Այս պատասխանից պարզ չի դառնում՝ ի վերջո գազի գինը բարձրացե՞լ է, թե՝ ոչ։ Այս իրավիճակում ամենակարեւորն այն չէ՝ գազի գինը բարձրացել է, թե՝ ոչ։ Ամենակարեւորն այն է, որ գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում։ Ընդ որում՝ ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ փաստերով ապացուցվում է, որ գազի գինն իրոք բարձրացել է։ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքում ներկայացված ցուցանիշներով դեռ այս տարվա փետրվարին ապացուցել էինք, որ 2011 թվականի վերջին երեք ամիսներին Հայաստանը գազը ներկրում է ոչ թե 180 դոլարով, ինչպես պաշտոնապես հայտարարվում էր, այլ՝ 209 դոլարով։ «Հայռուսգազարդից» հերքեցին, ասացին՝ չգիտենք ինչ տվյալներ է ներկայացնում մաքսային ծառայությունը, բայց Ռուսաստանից ներկրվող գազի գինը չի փոխվել եւ կազմում է 180 դոլար։ Հետագայում, հենվելով նույն այդ մաքսայինի հրապարակած՝ արդեն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներին, ապացուցեցինք, որ գազը Ռուսաստանից գնում ենք արդեն 220 դոլարով։ Դրանից հետո հերքումներ չեղան ու մինչեւ հիմա չկան։ Ո՞րն է սրա պատճառը։ Ինչո՞ւ մի ամբողջ համակարգ ստիպված է սուտ խոսել։ Իսկ պատճառը պարզ է։ Որ գազը թանկացել է, այլեւս կասկածից վեր է։ Որ գազի գնի բարձրացումը պետք է հանգեցներ սպառողներին վաճառվող գազի սակագնի բարձրացմանը, նույնպես ակնհայտ էր։ Բայց՝ չեն բարձրացրել։ Չեն բարձրացրել զուտ քաղաքական նկատառումներով։ Դե՛, խորհրդարանական ընտրություններ էին, մի քիչ «սիրուն չէր լինի» ընտրություններից առաջ գազի սակագին բարձրացնելը։ Հետո հետընտրական շրջան էր, էլի սիրուն չէր լինի՝ կստացվեր, որ հավատացին, բայց սակագինը փոխվեց։ Մի քանի ամսից նախագահական ընտրություններն են, ու էլի սիրուն բան չի ստացվում՝ ընտրություններից առաջ ո՞վ է տեսել գագի սակագին բարձրացնեն, այն էլ այն դեպքում, երբ սակագինը արդեն իսկ չափազանց բարձր է՝ բնակիչներին գազը վաճառվում է 1000 խմ-ն 132 հազար դրամով։ Ու հիմա եթե խոստովանեն, որ ՌԴ-ն թանկացրել է գազը, բայց բնակչության համար սակագինը չի փոխվել, նշանակում է՝ պետք է խոստովանեն, որ այդ սակագինը արդեն իսկ «զապասով էր»։ Այսինքն, ժամանակին կարող էին այդքան չբարձրացնել, կարող էին գազն ավելի էժան վաճառել բնակչությանը, բայց չեն արել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»