Խնդրեմ, պատրաստ եմ՝ նետեք ինձ վրա առաջին քարը, հետո երկրորդը… հետո՝ մինչեւ վերջին քարը նետեք, ծվատեք, ոչնչացրեք ինձ։ Ես ասում եմ՝ առնվազն էշություն է Վահե Ավետյանի հիշատակի օրերին «Հարսնաքարը» գրոհելը, երթով Ռուբեն Հայրապետյանի տուն գնալը, ոստիկանության հետ քաշքշուկի մեջ ընկնելը։ Եթե ձեր նպատակը Վահեին հետ բերելն է, ապա նման բան չի լինում, իսկ եթե ցանկանում եք ձեզ ցուցադրել, շարժում սկսել, ցույց տալ, որ պայքարում եք ամենաթողության, անպատժելիության դեմ, ապա դա մի արեք Վահեին պատուհասած դժբախտության տեղում եւ հատկապես դա մի արեք վհուկներին սազական ոճով՝ ցատկոտելով, ճիչ-աղաղակով։ Վահեի հիշատակի օրերին այցելեք նրա շիրիմին, մոմավառություն արեք այնտեղ, աղոթեք եկեղեցում, հավաքվեք հրապարակներում, ելույթներ ունեցեք, ցույց արեք, պայքարեք, բայց մի գրգռեք Վահեի հարազատներին, ընկերներին ու ողբերգության պատճառ հանդիսացած կողմին։ Սա ձեզ համար Մաշտոցի պուրակ չէ, կրպակների ապամոնտաժման հարց չէ։ Սա, հասարակական հնչեղություն ստացած հարց լինելուց զատ, խիստ անձնական հարց է նաեւ, ու պիտի հասկանաք՝ դուք ձեր նմանօրինակ քայլերով կարող եք մինչեւ վերջ թշնամացնել երկու հայ ընտանիքների։
Բայց չէ՞ որ ձեր նպատակը, ձեր ուզածը դա չէ։
Հուսամ՝ ձեր մեջ հավատաքննիչներ չկան, ու չեք կարող ասել, թե որքանով է անկեղծ Ռուբեն Հայրապետյանի զղջման հայտարարությունը։ Ուրեմն ինչո՞ւ չհավատալ նրա քայլին, նրա խոստումին, որ պատրաստ է ամեն ինչ անել այդ ընտանիքի եւ Վահեի երեխաների առջեւ իր մեղքը քավելու համար։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Հրապարակ»