Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրում ամենավերջինն է

Հուլիս 11,2012 10:36

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի անդամ 6 երկրների շարքում բարեփոխումների առումով Հայաստանը զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը` առաջ անցնելով միայն Բելառուսից և Ադրբեջանից: Դա արձանագրել են եվրոպացի փորձագետները՝ Արևելյան գործընկերության ծրագրի նախորդ տարվա վերջին և ընթացիկ տարվա առաջին ամիսները ներառող ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում: Հայաստանից առաջ են Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը:

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում սիրում են հպարտանալ Եվրամիության հետ համագործակցության ուղղությամբ ձեռք բերած հաջողություններով, բարեփոխումների ընթացքով, եվրոպական կառույցների բարձր գնահատականով: Իրականում, սակայն, ահա այս ինդեքսը լավագույնս է ցույց տալիս, թե որն է Հայաստանի արդյունքը: Հայաստանը կարողացել է լինել ընդամենը Բելառուսից և Ադրբեջանից ավելի լավը: Երկրներ, որոնք ըստ էության երբեք էլ ձևեր չեն թափել, թե ինչ-որ առանձնակի մղումներ ունեն դեպի Եվրամիություն: Կարելի է նույնիսկ ասել, որ այդ երկրները Արևելյան գործընկերության մեջ ներգրավվել են անկախ իրենց կամքից, և եթե չներգրավվեին, ապա չէին էլ ընդդիմանա այդ առիթով:

Բելառուսին ու Ադրբեջանին Արևելյան գործընկերության երկրների շարք են ներառել զուտ քաղաքական նկատառումներով. Բելառուսին հասկանալի զարգացումների համար՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, քանի որ նման կերպ հույս ունեին Լուկաշենկոյին փոքր-ինչ մղել զիջումների, սակայն հույսերը չարդարացան, իսկ Ադրբեջանին էլ ներառել են ընդամենը Հայաստանի հետ հավասարության նշանի համար:

Եվ այս իմաստով Բելառուսն ու Ադրբեջանը Հայաստանի հետ համեմատելը կամ Հայաստանը այդ երկրների հետ համեմատելը այնքան էլ ճիշտ չէ: Այսինքն` ըստ էության ստացվում է, որ իրական առումով Հայաստանը Արևելյան գործընկերության ծրագրում ամենավերջինն է, այսինքն` ամենավատն է իր բարեփոխումների արդյունավետության առումով:

Սա է այսօր Հայաստանի ցուցիչը, Հայաստանի իշխանությունների գործունեության լավագույն ինդիկատորը, իհարկե` վատագույն, նույնիսկ ամոթալի իմաստով: Իսկ մնացյալ ամեն ինչ` սկսած ընտրություններին տրված զանազան գնահատականներից մինչև Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը ՀՀԿ անդամակցումը, այս ամենի մոտ ընդամենը ձևականություն են, դատարկ քարոզչություն, որոնք ոչ մի կապ չունեն Հայաստանի և հայաստանցու կյանքի հետ:

 

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031