Ռուսաստանի ֆուտբոլային միությանն առընթեր պայմանավորված խաղերի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Անզոր Կավազաշվիլին պատմել է, թե Եվրո 2012-ի մեկնարկից առաջ Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ինչ պայմաններ են դրել ՌՖՄ-ի առջեւ:
«Չեխիայի հետ մեկնարկային հանդիպումից առաջ ֆուտբոլիստները պայման են դրել, թե չեն խաղա, եթե իրենց կոնկրետ գումարներ չտան: Ի վերջո, պայմանավորվել են, որ խմբային մրցաշարում յուրաքանչյուր հաղթանակի համար նրանք ստանալու են 800, ոչ-ոքիի համար՝ 400 հազար եվրո: Դրանք շատ լուրջ գումարներ են՝ հավասար մեկ եւ ավելի լավ մանկապատանեկան մարզադպրոցի տարեկան բյուջեին եւ դա սարսափելի է», – ասել է խորհրդային նախկին դարպասապահը:
Եվրոպայի առաջնությունում ռուսները տարան մեկ հաղթանակ եւ մեկ խաղ էլ ավարտեցին ոչ-ոքի: Եթե Կավազաշվիլու ասածները համապատասխանում են իրականությանը, ապա ֆուտբոլիստները պետք է որ հարստացած լինեն 1 միլիոն 200 հազար եվրոյով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ