Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 10-ի նիստում շարունակվեց գործով գլխավոր ամբաստանյալ,գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը:
Պատասխանելով հարցերին` նա ասաց, որ ինքը զորամասում օրինակելի սպա է եղել, մարտական հենակետում ոչ կանոնադրական հարաբերություններ չեն եղել: Անդրադառնալով իր եւ դասակի հրամանատար Արտակ Նազարյանի միջեւ եղած ընդհարմանը՝ Մանուկյանն ասաց, որ դա իր կողմից ծեծ չի եղել, այլ՝ երկուստեք հարվածներ են հասցրել: Մանուկյանը հայտարարեց, որ իր դեմ ցուցմունքներ տված զինվորներից յուրաքանչյուրը սուտ խոսելու իր պատճառներն է ունեցել: Կապիտանի ցուցմունքների ամենահետաքրքիր մասը վերաբերում էր ինքնաձիգի ասեղը հանելու անհրաժեշտության մասին նրա արած հայտարարությանը եւ Արտակ Նազարյանի ծոցատետրին: Մանուկյանը դատարանում ասաց, որ մինչեւ Արտակ Նազարյանի մահը ինքնաձիգի ասեղը հանելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը չի վերաբերում Արտակ Նազարյանի ինքնաձիգին,այլ՝ ինքն ուղղակի հայտարարել է, հետո էլ ասաց, որ դա առնչվում էր ինքնաձիգների ասեղների շուրջը մաքրելու մասին զինվորներին ուղղված իր պահանջին: Ասեղը հանելու դեպքում ինքնաձիգը չի կարող կրակել: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի հարցերին` Մանուկյանն ասաց, որ ինքնաձիգի ասեղն առանձին հնարավոր է հանել միայն գործարանային պայմաններում: Մանուկյանը հայտնեց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը զանգահարել է իրեն եւ ասել,որ Արտակ Նազարյանի գրպանում հնարավոր է, որ թուղթ լինի: Մանուկյանն ասաց, որ ինքն ժայռի մոտ Արտակի գրպանից հանել է նրա ծոցատետերը, որի մեջ դրանից պոկված երկու թուղթ է եղել: Նրա խոսքերով՝ թղթերից մեկի վրա Արտակ Նազարյանը գրել էր , որ գոհ է իր ծնողների դաստիարակությունից,մյուսի վրա՝ ինքնասպան լինելու իր ցանկության մասին: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ամբաստանյալին հարցրեց, թե արդյոք իրեն տարօրինակ չթվաց,որ Արտակի մահից հետո Ուդումյանը զանգահարեց իրեն եւ առաջարկել Արտակի գրպանից ծոցատետրը հանել:
-Տարօրինակ թվաց, բայց ես ուշադրություն չեմ դարձրել,-պատասխանեց Հակոբ Մանուկյանը եւ հավելեց, որ այդ պահին ինքը խառնված է եղել:
Կապիտան Մանուկյանի հարցաքննության ավարտից հետո ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան , փաստաբան Ալվարդ Մնացականյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը: Դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար ինքը հեռանում է խորհրդակցական սենյակ: Միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հուլիսի 11-ին, ժամը 11-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ