Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին

Հուլիս 10,2012 22:20

Պավել Անդերսոնն այժմ ԱՄՆ-ում է, ինչպես ինքն է ասում՝ Հայաստանից ուղղակի փախել է: Նա «Վիզկոն» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, որին նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի լիազորմամբ կառավարությունը շնորհել էր կառուցապատման իրավունք Երեւանի Բուզանդի փողոցին հարող հատվածում: «Վիզկոնն» էլ ձեռնամուխ եղավ «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի՝ Բուզանդի 13-21 հասցեներում ապրող բնակիչներին վտարելու գործընթացին:

Եվ ահա տարիներ անց Անդերսոնը պատմում է, որ կառուցապատման իրավունքի ձեռքբերման համար միջնորդավորված եւ ուղղակի քաղաքապետարանի ներկայացուցիչներին կաշառել է, ընդ որում՝ նա նշում է այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի անունները: Մի դեպքում, Անդերսոնի խոսքերով, «Վիզկոնին» տրվելիք իրավունքի համար իր գործընկերոջ՝ Սիմոն Աղազարյանի միջոցով փոխանցել է 550 հազար ԱՄՆ դոլար, մեկ այլ դեպքում, ըստ Անդերսոնի, Կարեն Դավթյանին անձամբ վճարել է ավելի քան 200 հազար ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2004թ. հունիսին 909-Ն որոշմամբ Բուզանդի փողոցին հարող տարածքի կառուցապատման իրավունքը տվել էր «Ավանտ Տուր» ընկերությանը: Սակայն մի քանի ամիս անց քաղաքապետ Երվանդ Զախարյանն առանձին որոշմամբ փոխել էր Կառավարության հիշյալ որոշումը եւ սահմանել՝ ««Ավանտ-Տուր» ՍՊԸ-ի փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ»: Քաղաքապետը Կառավարության որոշումը փոփոխելու լիազորություն չունի, եւ Երվանդ Զախարյանի ինքնագործունեությունը Կառավարությունը, առանձին որոշմամբ, «շտկել» էր միայն 1 տարի անց՝ 2005թ.:

«Հետքը» փորձեց մեկնաբանություններ ստանալ ներկայումս Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանից եւ վերջինիս տեղակալ Կարեն Դավթյանից: Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը, տեղեկանալով, թե ինչի մասին է խոսքը, նշեց. «Դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում, եւ ես չեմ հասկանում՝ էդ ստահոդ լուրերը տարածելով ինքն (Պավել Անդերսոնն) ինչ է հետապնդում: Բայց պետք է քաջ գիտակցի, որ այդ ամենը հանգեցնելու է պատասխանատվության»:

Պավել Անդերսոնի գործընկերների՝ Գագիկ Պապոյանի եւ Սիմոն Աղազարյանի գործունեությանը եւ դրա արդյունքում դատարանում հայտնված գործերի մանրամասներին «Հետքն» արդեն անդրադարձել է: Մեզ հետ զրույցում Սիմոն Աղազարյանը վստահեցրեց, որ Անդերսոնի ասածներն իրականությանը չեն համապատասխանում:

«Ես ինքս ոստիկան եմ (նախկին ոստիկան – հեղ.), բացառվում է նման բան: Փաստորեն, ասում է, որ ես իմ ձեռքով տարել կաշառք եմ տվել, ես հո հիմա՞ր չեմ: Պավել Անդերսոնն ուրիշ տարբերակ չունի կպնելու, նման բաներ է ասում: Իսկ եթե իսկապես նման բան եղած լիներ, ես հաճույքով նրա վրա ցուցմունք կտայի, որ բռնեին ու բերեին»,- ասում է Սիմոն Աղազարյանը եւ հավելում, որ ինքն անմեղ է, իսկ հիմա դատվում է Անդերսոնի արարքների համար:

«Այնպես չլինի, որ Պավել Անդերսոնն Ամերիկայից մեր երկիրն ապականի: Նա մանթրաշ է, որ երկիրն իրա ձեռքից լոտը վերցրեց (նկատի ունի այն, որ քաղաքապետարանը լուծել է «Վիզկոնի» հետ կնքած պայմանագիրը եւ կառուցապատման իրավունքը նրանից վերցրել: Բայց դա տեղի է ունեցել նկարագրվող իրադարձություններից տարիներ անց. քաղաքապետարանը նման հայցով դատարան է մտել 2008թ., իսկ համապատասխան վճիռն օրինական ուժ է ստացել անցյալ տարի – հեղ): Պավել Անդերսոնն իսկի 500 դրամ իրա մազերի համար չի տվել. ես էի 500-ից 5000 դրամ տալիս, որ մազերը կտրեր, ուր մնաց 550 հազար դոլար կաշառք տար»,- ասում է Սիմոն Աղազարյանը:

Բացի այդ՝ Skype-ի տեսակապով «Հետքին» տված հարցազրույցում Պավել Անդերսոնը պատմում է, որ «պետական կարիքների» անվան տակ բոլոր բնակիչներին սեփական տներից վտարելու համար դատարաններին կաշառել են. «Բոլոր դատավորները կաշառք էին վերցնում և ունեին իրենց ստավկաները՝ առաջին ատյանում 300-ից 500 դոլար, վերաքննիչում՝ 3 դատավորին 1000 դոլար, Վճռաբեկ դատարանում ամեն մի գործի համար ևս 1000 դոլար՝ 5 դատավորի համար»: Ավելին՝ Անդերսոնն ասում է, որ վտարվողներից մեկի՝ Յուրի Վարդանյանի գործով անձամբ է կաշառել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ վճարելով 5000 ԱՄՆ դոլար:

«Դատական դեպարտամենտի գործառույթների մեջ չի մտնում բարձրացված հարցը, հետեւաբար, իրավասու չեմ որեւէ մեկնաբանություն տալ»,- ասում է դատական դեպարտամենտի հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:

Իսկ Անդերսոնի հայտարարությունների վերաբերյալ դատավորներից մեկնաբանություն ստանալու «Հետքի» խնդրանքին ի պատասխան՝ Բաբայանը նշում է, թե հայտարարությունը քրեաիրավական դաշտում է, ուստի հարցազրույց տալը նպատակահարմար չէ. «Դատավորները հրաժարվում են հերյուրանքների վերաբերյալ հարցազրույց տալ»:

Յուրի Վարդանյանի կամ դատավոր Մարտիրոսյանով սկսվող գործի մանրամասները

Յուրի Վարդանյանը, ում գործի շրջանակներում, Անդերսոնի ներկայացմամբ, 5000 դոլար կաշառք է վերցրել դատավոր Մնացական Մարտիրոսյանը, Բուզանդի փողոցի «իրացված» տարածքի ամենամեծ հողակտորի եւ տան սեփականատերն է:  Վարդանյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է, ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկանը: Վարդանյանները Հանրապետության հրապարակից ուղիղ գծով 100 մ հեռավորության վրա գտնվող, մոտ 1500 քմ մակերեսով հողամասի եւ տան համար արդեն 100 տարի է՝ պայքարում են:

Յուրի Վարդանյանի պապը 1912թ. այն ձեռք է բերել 3000 ոսկով: 1933թ.՝ կուլակաթափության շրջանակներում, Վարդանյանների ունեցվածքը, իբրեւ նվիրատվություն, փոխանցվել է սովետական իշխանությանը, իսկ իրական սեփականատերերին հնարավորություն է տրվել զբաղեցնել հսկայական տան ընդամենը 2 սենյակը: Անկախությունից հետո Յուրի Վարդանյանը դիմել է դատարան եւ պարզվել է, որ ժամանակին կատարված նվիրատվությունը նոտարական պատշաճ վավերացում չի ստացել: Ավելին, նվիրողը՝ Յ. Վարդանյանի հայրը, համապատասխան փաստաթուղթը նույնիսկ չի ստորագրել:

Դատարաններում տարիներով դեգերելուց հետո, ի վերջո, 1990-ականների վերջին հողամասի եւ տան նկատմամբ ճանաչվել է Յուրի Վարդանյանի սեփականության իրավունքը: 2004թ., երբ «պետական կարիքների» համար Երեւանի կենտրոնում մեկնարկել էր բնակիչներին վտարելու գործընթացը, կադաստրը հրաժարվել է Յ. Վարդանյանին տրամադրել սեփականության իրավունքի նոր նմուշի վկայական: Այստեղից դիմել են գլխավոր դատախազություն եւ խնդրել՝ Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու պահանջով մտնել դատարան: Բայց դատախազությունից պատասխանել են, որ նման բողոք ներկայացնելու հիմքեր չկան, եւ կադաստրը ստիպված Վարդանյանին հատկացրել է սեփականության նոր նմուշի վկայական:

Որոշ ժամանակ անց, սակայն, դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով Յուրի Վարդանյանը զրկվել է հողամասի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից, եւ գործը կրկին հայտնվել է դատարանների կարուսելում: Արդյունքում, ինչպես գերակա հանրային շահ ճանաչված տարածքների մյուս իրավատերերը, Յուրի Վարդանյանն ունեզրկվել է:

Վերջինիս փաստաբանը Վահե Գրիգորյանն է: Նա նշում է, որ Պավել Անդերսոնի շարադրած փաստերը ու դրանց ժամանակագրությունը չնչին բացառություններով համընկնում են:

«Ինչ վերաբերում է Անդերսոնի բարձրաձայնած կաշառքներին, ապա գործում դատավորների ու դատարանների կողմից բերված պատճառաբանությունները, իսկ ավելի հաճախ՝ պատճառաբանությունների բացակայությունը, ողջամտորեն կարող էր հիմքեր տալ մտածելու, որ կոնկրետ դատավորները, սկսած Մնացական Մարտիրոսյանից, կոնկրետ շահագրգռվածություն ունեն այդ գործում»,- ասում է փաստաբան Գրիգորյանը: Հղում անելով համապատասխան դատական նիստերի ձայնագրություններին՝ վերջինս նշում է, որ արդեն Վճռաբեկ դատարանում դատավոր Արման Մկրտումյանը հստակ կողմնակալություն է դրսեւորում. ուղղակի թույլ չի տալիս Յուրի Վարդանյանին ներկայացնել հիմնավորումներ եւ ստիպում է «Վիզկոնի» հետ կնքել հաշտության համաձայնագիր՝ անուղղակի սպառնալով, որ հակառակ դեպքում վատ է լինելու:

Այս գործն այժմ Եվրոպական դատարանի վարույթում է, եւ փաստաբան Գրիգորյանը տեղեկացնում է, որ Եվրադատարանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված առաջին հարցերից մեկը վերաբերում է հենց Արման Մկրտումյանի անաչառությանը: Իսկ Պավել Անդերսոնը մեզ տված հարցազրույցում շոշափում է նաեւ այն ժամանակ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանի անունը:

Անդերսոնը պատմում է, որ Վճռաբեկ դատարանում Յ. Վարդանյանի գործի քննությունը ամիսներով ձգձգվել է: Այդ ընթացքում իրեն կանչել են ՀՀ նախագահի նստավայր, եւ այն ժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն իրեն ստիպել է 100 հազար ԱՄՆ դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Վճռաբեկ դատարանը որոշում կկայացնի հօգուտ Յ. Վարդանյանի, «Վիզկոնի» ձեռքից կխլեն կառուցապատման իրավունքը, իսկ իրեն կենթարկեն քրեական պատասխանատվության՝ դատավորներին կաշառելու, ավելի ստույգ՝ Արման Մկրտումյանին 200 հազար ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու համար: Եվ երբ ինքը պահանջված գումարը՝ 100 հազար դոլարն ամբողջությամբ փոխանցել է հիմնադրամի հաշվեհամարին, 2 օր հետո Վճռաբեկ դատարանը Յ. Վարդանյանին սեփականության իրավունքից զրկել է:

Արմեն Գեւորգյանն այժմ երկրի փոխվարչապետն է եւ տարածքային կառավարման նախարարը: Վերոգրյալի առնչությամբ «Հետքի» հարցադրմանը նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը գրավոր պատասխանել է. «Նշված հանդիպումը կայացել է բացառապես «Վիզկոն» ընկերության նախաձեռնությամբ եւ աշխատանքային բնույթ է կրել: Հանդիպման ժամանակ ընկերության ներկայացուցչին պարզաբանվել է, որ դատական ատյանների վարույթում գտնվող գործերին ՀՀ նախագահի աշխատակազմը որեւէ կերպ չի կարող միջամտել:

Հայտնում ենք, որ Արմեն Գեւորգյանը ինչպես ՀՀ նախագահի աշխատակազմում, այնպես էլ ներկայիս զբաղեցրած պաշտոնում աշխատելիս երբեւէ որեւէ մեկին չի առաջարկել վճարում կամ նվիրատվություն կատարել «Հայաստան» հիմնադրամի հաշվին:

Ելնելով նշվածից, կարծում ենք, որ հիմնադրամի հետ հարաբերությունները «Վիզկոն» ընկերության սեփական նախաձեռնության շրջանակում են»:

Իսկ Անդերսոնի նախկին գործընկեր Սիմոն Աղազարյանը նույն իրադարձության կապակցությամբ ասում է. «Եղել է դեպք, որ Արմեն Գեւորգյանը, երբ իրացումը երկարել էր (մեկը կար (Յուրի Վարդանյան), որ ըտեղ շատ մեծ գումար էր ուզում՝ 1,5 թե 2 մլն դոլար), նախագահի ցուցումով դատարաններին ասաց՝ ինչո՞ւ եք ջուր ծեծում, եթե (Յ. Վարդանյանին) հասնում է 1,5 մլն, ապա կառուցապատողը պետք է 1,5 մլն վճարի, եթե չի հասնում, ինքներդ որոշում կայացրեք, ինչո՞ւ եք 6 ամիս ձգել: Հետո Արմեն Գեւորգյանը կանչեց, ինքն (Պավել Անդերսոն) էդ ժամանակ «Վիզկոնի» տնօրենն էր, գնաց պարոն Գեւորգյանի մոտ, լրիվ բացահայտ ասաց՝ որը որտեղից ոնց են սկսել, ինչ դատ է: Էս մարդը (Արմեն Գեւորգյանը) դատավորին ասաց, որ նախագահի կանտրոլի տակ է, խորացված ստուգում տարեք: Խորացված ստուգում տարան, գումարն ասացին՝ ինչքան է, տվեցինք (խոսքը Յ. Վարդանյանին դատարանի որոշմամբ բնակարանի դիմաց տրամադրված փոխհատուցման մասին է՝ մոտ 53 մլն դրամ, իսկ հողատարածքի համար Վարդանյանն առհասարակ փոխհատուցում չի ստացել – հեղ.) ու էդ մարդուն հանեցին էդ հողատարածքից»:

Հաշտության համաձայնագիր կնքելու դեպքում, ինչից Յուրի Վարդանյանը հրաժարվել է, «Վիզկոն» ՍՊԸ-ն իբրեւ փոխհատուցում առաջարկել է 200 հազար դոլար եւ կառուցվելիք նորակառույց շենքում 700 քմ մակերեսով տարածք:

«Իմ դիրքորոշմամբ՝ նրանք ընտրել են կաշառքների ճանապարհը, որը շատ ավելի էժան պետք է նստեր իրենց վրա: Եվ եթե Անդերսոնը նկարագրում է, թե ում ինչքան կաշառք է տվել, դա լիովին համապատասխանում է գործում եղած փաստերի վրա օբյեկտիվ դիտորդի կողմից կազմելիք տպավորության վրա»,- հավելում է Վահե Գրիգորյանը:

Նա հատուկ ընդգծում է, որ Անդերսոնի ասածներին հավատում է, թեեւ չի բացառում, որ վերջինս, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, կարող է որոշ թվեր կամ տվյալներ աղավաղված ներկայացնել:

«Այն, որ Յուրի Վարդանյանի գործով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ են շահագրգռված եղել, միայն Անդերսոնից չէ, որ մենք լսել ենք: Իմ տեղեկություններով՝ հանրապետության նախագահի մակարդակով է այս հարցը լուծվել, այսինքն՝ շատ հնարավոր է, որ Արմեն Գեւորգյանի միջոցով է արվել: Եվ ոչ միայն այս գործը, ավելին՝ իրացման տարածքում եղած բոլոր գործերի վերահսկողությունն անմիջապես իրականացվում էր նախագահի աշխատակազմի եւ իմ կարծիքով՝ անձամբ նախագահի կողմից»,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը:

Պավել Անդերսոնն էլ «Հետքի» հետ հարցազրույցում նշում է, որ «գերակա հանրային շահի» համար իրացվող տարածքներն իրականում կառուցապատողներին տրվել են կաշառքով՝ քմ-ն մոտ 100 դոլարով, եւ այս ամենի գլխավերեւում Ռոբերտ Քոչարյանն էր:

«Դա ընդամենը հերյուրանք է, ուրիշ բան չեմ կարող ասել»,- նշում է երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Հարցազրույցում Պավել Անդերսոնն ընդունում է, որ իր արարքներով, մասնավորապես կաշառելով կատարել է հանցագործություն:

HETQ.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031