«Եթե բոլորը» ֆիլմի ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեն երազում է իր հաջորդ ֆիլմերը նկարել Հայաստանում: Նրա «Եթե բոլորը» ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագիր խաղարկային մրցույթում: Ֆիլմի պրոդյուսերը ճանաչված դերասան Միքայել Պողոսյանն է:
«Ես ամբողջ սրտով Հայաստանում եմ: Երկուսուկես տարվա ընթացքում իմ հիացմունքը այս երկրի և ժողովրդի համդեպ ավելի է ամրապնդվել»,- ասաց ֆիլմի ռեժիսորը:
Նատալյա Բելյաուսկենեն Միքայել Պողոսյանի հետ ծանոթացել է Մոսկվայում գարեջրի գովազդի նկարահանման ժամանակ:
«Եթե բոլորը» ֆիլմը խաղաղության մասին է: Գլխավոր հերոսը՝ Գուգոն, ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստրը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն որի հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ է արթնացնում:
Նկարահանումներից առաջ ռեժիսորը հանդիպել է պատերազմի միջով անցած բազմաթիվ մարդկանց հետ: «Ինձ համար կարևոր էր շփվել պատերազմ ապրած մարդկանց հետ: Այդ մարդկանց մեջ պատերազմից հետո էլ պատերազմն ապրում է միշտ, և այն հաղթահարելը շատ դժվար է: Ֆիլմը հենց դրա մասին է»,- ասաց ռեժիսորը:
Նատալյա Բելյաուսկենեն շատ է ցանկանում, որ այս ֆիլմը ցուցադրվի նաև Ադրբեջանում: Սակայն ֆիլմի փարիզյան ցուցադրումից հետո դահլիճում գտնվող ադրբեջանցի հանդիսատեսները դժգոհություն են հայտնել:
Մանրամասները կարդացեք այստեղ: