Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մի խումբ տղամարդիկ մտնում են մեր անկողին, ի՞նչ պետք է անեմ ես՝ արժանապատիվ տղամարդս. Արման Հարությունյան

Հուլիս 10,2012 21:22

Երբ երգչուհի Շուշան Պետրոսյանի մասին գրում են ամենավերջին սեռական հայհոյանքները, ապա նրա ամուսինը՝ Արման Հարությունյանը համարում է, որ կարող է իրեն թույլ տալ նույն սոցիալական ցանցի իր էջում գրել այն, ինչ գրել է. «Զզվելի է իրենց պատմությունն են կերտում՝ ողբերգությունը դրոշակ դարձնելով, սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»:
Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանի Facebook-ում կիրակի օրը կատարած նման բովանդակությամբ գրառումը երեկ երեկոյան և այսօր բուռն քննարկման առարկա դարձավ նշված սոցիալական ցանցում և մամուլում:
Tert.am –ի հետ զրույցում հաստատելով, որ վերոնշյալը իր մտքերն են և գրված են իր ձեռամբ, Արման Հարությունյանը, ի պատասխան Tert.am –ի այն հարցին, թե ինչու է ուզում ոմանց «սատկացնել», հավելեց, որ, վերը նշված պատճառներով, իհարկե պետք է դիմի նման քայլի: Պատկերացնելու համար, թե դա ինչ է նշանակում հայ տղամարդու համար, Արման Հարությունյանը առաջարկում է պատկերացնել, թե ինչ կզգան այն ամուսինները, որոնց կանանց մասին նման գրառումներ կլինեն:

«Հայ տղամարդը տարբերվում է եվրոպական, կներեք, էն թրաշով, մորուքով տղամարդկանցից նրանով, որ ինքը արժանապատիվ է, առողջ է իր դատողություններում: Ինչ-որ տղամարդկանց խումբ, որ ապրում է Կանադայում, մեկը ուրիշը՝ աշխարհի ինչ-որ ուրիշ աշխարհագրական դիրքում քննարկում են, մտնում են մեր անձնական կյանք, մտնում են մեր անկողին, մեր կենցաղ: Ամեն տեղ մտնելուց հետո ես ի՞նչ պիտի անեմ: Ես արժանապատիվ տղամարդ եմ, շատ բարեկիրթ, նորմալ ընտանիքի տղա եմ»,- այսպես մեկնաբանեց Արման Հարությունյանը՝ հստակեցնելով, որ «սատկացնելն» ամենևին էլ պատկերավոր խոսքեր չեն, քանի որ ամենահամեստ մարդն էլ ինչ-որ ժամանակից հետո կարող է «հուներից դուրս գալ»:
Վերջինիս խոսքով՝ նախքան «ստատուս» գրելը, ինքը փորձել է կնոջ մասին հայհոյանքներ գրողների հետ խոսել «բարոյական, մարդկային լեզվով», սակայն խնդրանքը չեն հասկացել: Սկզբում նրանց անձնական էջերի միջոցով, խնդրել է ջնջել Շուշանի հասցեին գրվածները, սակայն պատասխաններից հասկացել է, որ «դեմոկրատիա» ասվածը խեղաթյուրվել է շատ-շատերի կողմից ու խոսքի ազատությունը վերակերպվել է մարդկանց վիրավորելու միջոցի:
Արման Հարությունյանը, իր խոսքով, փորձել է նաև հանդիպել այդ մարդկանց հետ, բայց իր բոլոր առաջարկներին ի պատասխան ասել են՝«քո հանդիպման տեղը քաղմասն ա՞»:
Հիշեցնենք, որ Արման Հարությունյանը աշխատում է Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում (6-րդ վարչություն): Արման Հարությունյանն ասաց, որ ինքը երբեք չի նախընտրում քաղմասը, քանի որ գիտի ավելի քաղաքակիրթ բազմաթիվ տեղեր:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել