Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

86-ամյա վետերանը 650 հազար դրամ է ծախսել շենքի տանիքը նորոգելու համար, սակայն «պարտք է» 4600 դրամ

Հուլիս 10,2012 18:52

Իջեւան քաղաքի բազմաթիվ բնակիչներ նամակներ են ստացել «Իջեւանի  բնակարանային կոմունալ տնտեսություն» ՓԲԸ սնանկության գծով կառավարիչ  Վարդգես Բալաբեկյանից: Վերջինս իջեւանցիներին հայտնել է, որ նրանք գումարներ  են պարտք 2011թ. լուծարված Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը եւ առաջարկել է  գումարը վճարել համապատասխան հաշվեհամարին: Նման նամակ  է ստացել նաեւ Իջեւանի 86-ամա բնակիչ Կոլյա Ամիրխանյանը:  Վ. Բալաբեկյանը  Կ. Ամիրխանյանին հայտնել է, որ 2012թ. հունիսի 1-ի դրությամբ Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը  նրա պարտքը կազմում է 4600 դրամ: Սնանկության գծով կառավարիչը  պատերազմի վետերանին հայտնել է, որ նրա վճարումից   է կախված պետբյուջեին   այդ հիմնարկության ունեցած պարտքի մարումը եւ առաջարկել  է 10-օրյա ժամկետում  գումարը վճարել  համապատասխան հաշվեհամարին, այլապես հարցը կվճռվի դատարանում: Կ. Ամիրխանյանը  մասնակցել է Մեծ հայրենականին, երեք անգամ վիրավորվել:  Վետերանը  խիստ զայրացած  այդ նամակից` հետեւյալը պատմեց:  2010թ. ուժեղ կարկտից եւ փոթորկից Իջեւանում բնակարաններ են տուժել, այդ թվում՝ նաեւ   Անկախության փողոցի  թիվ 6, եռահարկ շենքը, ուր բնակվում է ինքը: Նա  դեռեւս 1991թ. սեփականաշնորհել է  իր  3 սենյականոց  բնակարանը:

-Կարկտից եւ փոթորկից ջարդված մեր շենքի տանիքը նորոգման խիստ կարիք ուներ, ջուրը լցվում էր   տանիքի տակ գտնվող իմ բնակարան: Տանիքը նորոգող չկար, շենքի բնակիչներն էլ կարիքավոր են, դրա համար գումար չունեն: Ես   իմ անձնական միջոցներով  երկու փուլով՝ 2010 եւ 2011 թվականներին նորոգել  եմ ոչ միայն մեր շքամուտքի, այլ՝ ողջ շենքի տանիքը: Շիֆերից  ծածկի փոխարեն տեղադրել եմ թիթեղյա ծածկ, դրանց տակ տախտակներ եմ դրել, ջրհորդաններ տեղադրել եւ այլն: Ընդհանուր առմամբ, այս նպատակով ծախսել  եմ շուրջ 650 հազար դրամ,-ասաց վետերանը եւ ցույց տվեց այդ պահին իր մոտ գտնվող, տանիքի նորոգման համար իր կողմից    թիթեղի գնման 208 հազար դրամի հաշիվ-անդորրագիրը եւ հավաստիացրեց, որ մնացած ծախսերի փաստաթղթերը  տանն են գտնվում:

Ամիրխանյանը իր արած ծախսերի վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար դիմել է  Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին, քաղաքապետը   շենք  է գործուղել  Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսության տնօրենին: Վերջինս եկել-տեսել  է նորոգված տանիքը, սակայն Կ. Ամիրխանյանին, նրա կատարած ծախսերի համար, որպես մուծված  կոմունալ վճարի անդորրագիր չի  տվել:  Ամիրխանյանն  ասաց, որ 8 տարի առաջ, որպես սպասարկման վարձ, 28 հազար դրամ է մուծել Իջեւանի բնակարանային կոմունալ տնտեսությանը եւ ունի դա հավաստող փաստաթուղթ: Նա այդ գումարը մուծել է որպես փաստացի չկատարված սպասարկման գումար: Մուծել է, քանի որ այդ ժամանակ իր կինը կենդանի էր, ընտանիքն էլ ընտանեկան նպաստ էր ստանում, սոցիալական ծառայություն ներկայացնելու համար կոմունալ տնտեսության հիմնարկությունից տեղեկանք էր պահանջվում:   Այժմ  Կ. Ամիրխանյանը մտադիր է այցելել  Իջեւանի քաղաքապետարան եւ շենքի տանիքի նորոգման համար  իր արած ծախսերի համար համապատասխան փաստաթուղթ պահանջել:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031