Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահը «հավատարիմ է մնում հայ համայնքին տված խոստմանը»

Հուլիս 10,2012 17:46

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ասուլիսի ժամանակ, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շարունակում է աջակցել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը, այն դեպքում, երբ դրանից մի քանի օր առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը պնդել էր, թե այդ օրինագծին այլեւս չեն վերադառնա։

«Նախագահի դիրքորոշումն այս հարցում հստակ է, նա խոստում է տվել հայ համայնքին նախընտրական շրջանում եւ հավատարիմ է մնում դրան», – «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը, ով, սակայն, ցանկացել է անանուն մնալ։

«Մենք պետք է գտնենք մի ճանապարհ, որը նոր օրինագծի տեքստը համապատասխան կդարձնի Սահմանադրությանը», – «Ֆրանսպրես»-ին ասել է Ելիսեյան պալատի պաշտոնյան:

Նույն աղբյուրը նաեւ հաստատել է, որ անցած շաբաթավերջին՝ արտգործնախարար Լորան Ֆաբիուսի աղմկահարույցհայտարարությունից հետո, նախագահ Օլանդը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի հետ։

Ֆրանսիացի պաշտոնյաները այս զրույցի մասին առայժմ մանրամասներ չեն հաղորդում, մինչդեռ Փափազյանը պնդում է, թե Օլանդը վերահաստատել է իր դիրքորոշումը եւ խոստացել այս ամսվա երկրորդ կեսին հանդիպում ունենալ  հայ համայնքի ղեկավարի հետ։

Ավելին, ըստ Փափազյանի, Ֆրանսիայի նախագահը հստակ նշել է, որ կառավարությունը առաջիկա ամիսներին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող նոր օրինագիծ է մշակելու, որն աշնանը ներկայացվելու է խորհրդարանին։

Այսօր արդեն Ֆրանսիայում լույս տեսնող Les Nouvelles d’Armenie պարբերականը հաղորդում է, թե սենատորներից մեկը՝ Ֆիլիպ Կալտենբախը, նամակ է ուղղել Ֆրանսիայի նախագահին, Սենատին եւ Ազգային ժողովին՝ խնդրելով աշխատանքային խումբ ստեղծել համապատասխան օրենքը մշակելու համար։

«Խորհդարանը մշտապես առաջամարտիկ է եղել ժխտողականության դեմ պայքարում եւ այժմ կրկին պետք է լուրջ դերակատարություն ունենա այս հարցում», – հայտարարել է սենատորը։

Թուրքիայում դեռեւս զգուշավորությամբ են արձագանքում Փարիզից ստացվող այս տեղեկություններին։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, մասնավորապես, շարունակում է պնդել, որ իր եւ Օլանդի միջեւ տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումը շատ լավ է անցել, եւ որ իրենք համաձայնել են ամրապնդել հարաբերությունները՝ երկկողմ շահերի հիման վրա։

«Թուրքիան այժմ ուշադրության հետեւում է իրադարձությունների զարգացմանը, մենք չենք ուզում քայլեր ձեռնարկել՝ հիմնվելով ոչ պաշտոնական աղբյուրների կողմից տարածված տեղեկությունների վրա», – ըստ Hurriyet-ի, ասել է Գյուլը՝ ընդգծելով, որ պաշտոնական Անկարան ունի հակազդեցության քայլեր եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրանք կրկին գործի դնել։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031