Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

71-ամյա կնոջը խանդել է կողքի հարեւանի տղայի հանդեպ. աղմկահարույց սպանության նոր մանրամասներ (Տեսանյութ)

Հուլիս 10,2012 16:30

Երեկ առավոտյան այս տանը` Շահումյան 4-րդ փողոցի 66 հասցեում սպանություն է եղել: 74-ամյա ամուսինը` Ռոբերտ Թադեւոսյանը, սպանել է 70-ամյա կնոջը` Սիրուշ Հաջաթյանին` կասկածելով նրան հարեւանի երիտասարդ տղայի հետ սեռական կապեր ունենալու մեջ:

Սպանվածի հարազատները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 1 տարի առաջ էլ` մայիսին, Ռոբերտը նորից խանդի պատճառով կնոջը դանակահարել էր, խոհանոցային դանակով 3 տեղից ծակել էր ու քիչ է մնացել վնասի սիրտը: Բժիշկներին մի կերպ է հաջողվել փրկել Սիրուշի կյանքը: Իսկ թե ինչու դանակահարությունից հետո նրան չեն ձերբակալել`սպանվածի տեգոր կինն ասաց, որ պարզել էին, որ հոգեկան խնդիրներ ունի, հալյուցինացիաներ էր ունենում. «Երեխաները չթողեցին, որ հորը տանեն հոգեբուժարան` ասելով, որ ամոթ է, իրենք էլ դրսում են, մտածեցին` կանցնի, կգնա»:

Մենք հետաքրքրվեցինք` մասնավորապես ի՞նչ էր ասում խանդոտ ամուսինը` սրան մի նայիր, դուրս մի՞ արի` հարազատները պատասխանեցին. «Չէ, նա խանդում էր կոնկրետ միայն մեկին` անմիջապես կողքի հարեւանի տղային, որը իր թոռան տարիքին է, երիտասարդ տղա: Իր հիվանդությունը շեղված էր դրա վրա: Այդ տղան էլ նորմալ, շատ լավ, խելացի տղա, հասկանալով, որ մարդը հիվանդ է, բան չէր ասում: Դանակահարելուց հետո ամուսիններով նորմալ ապրում էին իրենց համար, բայց խանդը կար»:

Մեր հարցին` սիրո՞ւն կին է եղել Սիրուշը, որ այդքան խանդել է ամուսինը, տեգոր կինը պատասխանեց. «Իր տարիքի համար՝ այո, բայց մի այնպիսի գեղեցկություն չուներ, որ ասես: Ջահել ժամանակ էլ, երբ նոր էին ամուսնացել` էլի էդ խանդը կար, էդ աստիճանի չէր, բայց ապարանցի մարդ էր, մեջը էդ բանը կար»:

Որպեսզի ծեր ամուսնու խանդը փարատվի, հարազատներով խնդրին լուծում են առաջարկել. «Իրենք մի տուն էլ ունեն` Պռոշյանում: Ուզեցանք էս տունը վաճառենք, որ հարեւանի տղային մոռանա: Ասեցինք վաճառենք, կգնա, կհեռանա այստեղից` կմոռանա»: Տան վրա մինչ օրս փակցված է եղել ցուցանակը` «Վաճառվում է», սակայն, դժբախտաբար, տան համար գնորդ չի հայտնվել:

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հարազատներն իմացել են, որ Ռոբերտը Որսորդմիության անդամ է դարձել, ձեռք է բերել հրացան. «Մենք բոլորս զարմացանք` այ մարդ, իրեն ո՞վ է տվել` ինսուլտ տարած մարդ, դանակահարություն կատարած, ոստիկանություն ընկած, հոգեկան խնդիրներ ունեցող»:

Դանակահարությունից հետո ամուսիններն ըստ էության բաժանված են ապրել, ամուսինն ապրել է Պռոշյանի տանը, բայց ժամանակ առ ժամանակ պատահական հայտնվել է ու կնոջը հանկարծակիի բերել: Դեպքի օրը առավոտյան նորից պատահական եկել է, դռան զանգը տվել է, ու կինը դուռը ուշ է բացել, հեռախոսով է խոսելուց եղել մորաքրոջ աղջկա հետ: Ռոբերտը խանդից իրեն կորցրել է ու ասելով, որ հարեւանի տղուն բախչայով ճանապարհել ես` հարձակվել է կնոջ վրա: Հետո երբ բեռնախցիկից հանել է հրացանը, Սիրուշը փորձել է արագ մտնել տուն ու դուռը փակել, բայց չի հասցրել, աստիճաններով բարձրացել է ու դռան շեմքի մոտ երիկամներին ստացել հրազենային վնասվածքներ:

Խանդոտ հայրն ու սպանված մայրը 3 երեխա ունեն, 2 տղաները Գերմանիայում են: Սիրուշը ընդամենը վերջերս է վերադարձել Գերմանիայից, որտեղ գնացել է թոռան հարսանիքին մասնակցելու համար:

Աղջիկը` Նաիրան, պատմեց, որ «տանը իրավիճակը լարված չէր, գալիս էր, հաց ուտում, մտքներովս չէր անցնի, որ նման բան կանի: Հենց դռան դեմն էր սպանել` ոտքերը ներսն էր, գլուխը` դուրսը, երբ եկանք: Երբ մի տարի առաջ մորս դանակահարել էր, փորձեցի խոսել հորս հետ, բայց նա չէր հասկանում, ով փորձում էր մորս պաշտպանել` դառնում էր աչքի գրողը, իր ոխերիմ թշնամին, ոչինչ չէր հասկանում»:

Աղջիկն արցունքն աչքերին, սպանված մոր նկարները ցույց տալով՝ պատմեց, որ սպանությունից ընդամենը 1 օր առաջ հայրը աղեստամոքսային խնդիրներ է ունեցել, մայրը կանչել է, տաք ճաշ տվել, ոտքերը ջուր դրել ու լվացել` չիմանալով, որ հաջորդ օրը այդ մարդու ձեռքով դաժանաբար սպանվելու է:

Ռոբերտ Թադեւոսյանը ձերբակյալված է: Երբ հարազատները գնացել են նրան տեսակցության, նա ասել է` «չեմ փոշմանել, լավ եմ արել` սպանել եմ, ես իմ գործն արեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031