ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել 2013-2022 թթ. «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Այդ իրավական փաստաթղթի աշխատանքային տարբերակն առաջարկում է «հիմք ընդունելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջները և ՀՀ կառավարության 2010 թ. հունիսի 24-ի N 876-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ժամանակացույցի 4-րդ կետը, հաստատել Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը:
Նախագծում նշվում է, որ Սևանի անտառպատվածությունը պատմական ժամանակաշրջանում եղել է շատ բարձր և լճի անտառային էկոհամակարգի վերականգնումը ՀՀ առաջնահերթ խնդիրներից է:
Փաստաթղթի նախագիծը Սևանի շրջակա անտառների վերականգնման հիմնախնդիրներին անդրադառնում է համակարգված: Ներառված են ինչպես ջրի մակարդակի բարձրացմանն առնչվող, այնպես էլ անտառտնկարկների էկոլոգիական գործառույթներին, այնտեղ հիմնվող կանաչ տարածքների ծառատեսակների ընտրությանը և աշխատանքների կազմակերպմանը վերաբերող տարաբնույթ հարցեր:
Կարդացեք նաև
Համաձայն ծրագրում ներկայացրած տվյալների՝ ջրերի մակարդակի մինչև 1903,5 բարձրացման դեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն լճում: Այս հիմնախնդիրը ենթադրում է անտառվերականգնման գործընթացն իրականացնել մի քանի փուլերով: Ընդ որում՝ առաջին փուլի համար ժամկետ է սահմանվում 2013-2022 թվականները, որի ընթացքում դրական բնապահպանական հավասարակշռությունը կվերականգնվի 27 տոկոսով:
Ծրագրի նախագիծը դասակարգում է հիմնական ծրագրային միջոցառումները, որոնց համաձայն՝ հիմնվող անտառների ընդհանուր մակերեսը կկազմի 1094,5 հեկտար: Այդ ծավալի մեջ են մտնում նաև «Սևան» ազգային պարկի և համայնքների վարչական տարածքներում անտառպատման համար նախատեսվող մակերեսները:
Միջոցառումներով նախատեսվում են նաև տնկարկային տնտեսության և անտառաշերտերի պահպանության ուղղությամբ իրականացվելիք լայնածավալ աշխատանքներ և կիրառման համապատասխան կառուցակարգեր:
Ի դեպ, ի թիվս բնապահպանական այլ թեմաների, ինչպես տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, ակնկալվում է, որ Սևանա լճի շրջակա անտառների վերականգնման հարցերին առավել հանգամանալից անդրադարձ կկատարվի հուլիսի 12-ին, փոխնախարար Սեմյոն Պապյանի մամլո ասուլիսի ընթացքում:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն