Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանը անակնկալի է բերել Ստեփան Սաֆարյանին

Հուլիս 10,2012 15:45

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցածին և հետագա զարգացումներին, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու փաստին, որոշ դիտարկումներ արեց:

Նոր ընտրությունների կազմակերպման դեպքում, իր՝ թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մասին պարոն Սաֆարյանն ասաց հետևյալը. «Եթե կայանան նոր ընտրություններ և հաջողվի նոր ընտրություններում ապահովել այս կամ այն չափով հարաբերականորեն հավասար մրցակցային ընտրություններ, ապա ես կարող է առաջադրվեմ այդ ընտրատարածքում: Անձնապես այդ որշումը կայացրել եմ, վերջնական որոշում կլինի այն ժամանակ, երբ հայտարարվի նոր ընտրություններ անցկացնելու մասին: Բնականաբար վերջնական որոշում կարող է համարվել կուսակցության որոշումը, սակայն գոնե մեր կուսակցության պարագայում, կուսակցության որոշումը մեր անձնական որոշումների վրա է հիմնվում»: «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգության մասին էլ պարոն Սաֆարյանն ասաց. «Անթույլատրելի  և աններելի է մեր բոլորիս համար նման միջադեպի տեղի ունենալը: Ես սա համարում եմ  պատժելիութան բացակայության հետևանք: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անպատժելի մարդիկ առանց մտածելու կարող են պատժել այն մարդկանց, որոնց պահվածքն իրենց դուր չի գալիս: Հասարակության մի անդամ կարող է իրեն թույլ տալ դատավորի նման վճիռ կայացնել մեկ ուրիշի հանդեպ, անգամ դա կարող է մահվան վճիռ լինել: Այս պահին հասարակության հիմնական խնդիրն է պատժելիության ինստիտուտի կիրառումը, որ որևէ մեկին այլևս չթվա, թե կարող է իրեն իրավունք վերապահել որևէ մեկին զրկել կյանքից : Հետևաբար ես քաղաքացիական շարժման ջատագովներից եմ»:

Այն շահարկումներին, թե քաղաքացիական շարժումը այս պարագայում հետապնդում է շահադիտական նպատակներ և ունի դրսից ֆինանսավորում, ուստի քաղաքականացվում է, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Քաղաքացիական նախաձեռնությունը համասեռ խումբ չէ: Եվ ես նորմալ եմ վերաբերում դրան: Ինձ համար գոնե տեսանելի են այն հիմնական պահանջները, որոնք առաջադրվել են նրանց կողմից: Թե այդ ճանապարհին ում կամ որ արարքը ինձ դուր չի գա, դա երկրորդական խնդիր է: Ես չեմ պատրաստվում որևէ մեկի դատավորը լինել: Համենայնդեպս, չեմ տեսել մի մարդ, որը շարժման ներսում պարզի որևէ կուսակցության դրոշակ, թեպետ հենց «Ժառանգությունից» և այլ քաղաքական հոսանքներից էլ մարդիկ եմ տեսել այդտեղ»:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք իրավունք ուներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չմիջամտել «Հարսնաքարի» գործի քննությանը, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Մերժելու իրավունք ուներ, այլ հարց է, որ այդ դեպքում քաղաքական ուժերը կարող էին խնդիրը ներկայացնել այնպես, որ այն չվերաբերվեր կոնկրետ նախաքննությանը, այդ դեպքում մերժելն ավելի դժվար կլիներ, քան՝ երբ ասում ես կանչենք նախաքննության մարմնին և նա գա ու ասի, թե ինչ նորություններ կան նախաքննությունից»:

Իսկ Ռուբեն Հայրապետյանի քայլը Ս. Սաֆարյանի համար անսպասելի էր: Այս առիթով նա նշեց. «Կարող էի սպասել, որ միջադեպեր կլինեն  այս կամ այն տարածքում, որտեղ անպատժելիության մակարդակն  ավելի բարձր է, բայց, որ դա կավարտվեր մահով և դա նոր ընտրությունների պատճառ կդառնար, մտքովս անգամ չէր կարող անցնել: Ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի  հարաբերությունները սրված են Արևմուտքի հետ, ում խոստում էր տվել օլիգարխներին հեռացնել քաղաքականությունից, որը չկատարվեց: Ուստի Արևմուտքը նրան հասկացրեց, որ նա չի կատարել իր խոստումները: Եվ ակնհայտ էր, որ  նախագահական ընտրություններից առնվազն հետո ստիպված էր լուծել այս խնդիրը, որի լուծմանը սպասում են միջազգային ատյանները»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031