Միավորված ազգերի կազմակերպության հանձնակատար Քոֆի Անանը զգուշացրել է, որ Սիրիայում ճգնաժամին լուծում չտալու դեպքում այն կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
«Եթե չձեռնարկվեն խնդիրը խաղաղ եղանակով լուծելու միջոցներ և այն դուրս գա վերահսկողությունից և տարածվի տարածաշրջանում, ապա խնդիրը կարող է ունենալ այնպիսի հետևանքներ, որոնք որևէ մեկն ունակ չի կանխատեսելու», – ասել է ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատարը:
Այս հայտարարությամբ Անանը հանդես է եկել Թեհրանում երեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ անցկացված բանակցություններից հետո: Անանն ասել է, որ Իրանի կառավարությունը համաձայնել է օժանդակել Սիրիայիում խաղաղություն հաստատելու հետ իր ծրագրի իրականացման գործում և որ ակնկալում է շարունակել աշխատանքը Թեհրանի հետ՝ Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում գտնելու ուղղությամբ:
Անանը ժամանել է Իրան երկուշաբթի ուշ երեկոյան՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու իր ծրագիրը փրկելու ուղղությամբ կատարվող աշխատանքի շրջանակներում: Իրանը տարածաշրջանում Սիրիայի գլխավոր դաշնակիցներից է:
Կարդացեք նաև
Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը Թեհրան ժամանելուց առաջ երկուշաբթի օրը բանակցություններ է անցկացրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որոնք, ըստ Անանի, եղել են «կառուցողական և անկեղծ»:
Անանի համաձայն, Ասադի հետ բանակցություններում քննարկվել են ընդդիմության և կառավարական ուժերի միջև բռնությունների դադարեցման ուղիները: Նա ասել է, որ ինքն ու Ասադը համաձայնության են եկել մի այնպիսի մոտեցման շուրջ, որն ինքը ներկայացնելու է նաև ընդդիմության ուժերին:
Այս ընթացքում Սիրիայի ընդդիմության առաջնորդները կոչ են անում Ռուսաստանին դադարեցնել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին ցուցաբերվող օժանդակությունը:
Սիրիայի ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Նազիմ Նահարը երկուշաբթի օրը Կրեմլում ունեցած հանդիպումից հետո ասել է, որ «Ռուսաստանը շատ վատ համբավ ունի Սիրիայի բնակիչների շրջանում»՝ նախագահ Ասադի ամենամոտ դաշնակիցներից լինելու պատճառով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Մոսկվան ակտիվորեն աշխատում է ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ ընդդիմության ուժերի հետ՝ Սիրիայի ժողովրդին իր ապագան որոշելու հնարավորություն տվող քաղաքական գործընթաց մշակելու ուղղությամբ:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան