Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայությունից պահանջում է փախստականի կարգավիճակ տալ

Հուլիս 10,2012 14:52

ՀՀ վարչական դատարանում ավարտվեց Սերգեյ Հակոբյանի գործով վարչական վարույթը: Դատավոր Սարգսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից դուրս կգա հուլիսի 25-ին հրապարակելու դատական ակտը:

Դատարանում հանդես եկավ հայցվորի ներկայացուցիչ Աշխեն Եսայանը, որը ներկայացրեց 12 էլեկտրոնային էջից բաղկացած իր պահանջագիրը:

Նա տեղեկացրեց, որ հայցվորն այս տարվա հունվարի 23-ին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից ստացել է հունվարի 16-ի թվագրությամբ թիվ 01/07/56-12 գրությունը: Սերգեյ Հակոբյանը տեղեկացել է, որ ծառայության նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ իր՝ փախստականի կարգավիճակը չեղյալ համարելու համար: Հաջորդ օրը Սերգեյը գնացել է ծառայություն գրության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, որտեղ նրան տեղեկացրել են, որ արդեն իսկ նրա վերաբերյալ առկա է որոշում փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին:

Աշխեն Եսայանը դատարանին տեղեկացրեց նաեւ, որ իր վստահորդը վիճարկվող ակտն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան: Պատասխանող Միգրացիոն ծառայությունը շարունակել է խուսափել հանդիպել հայցվորի հետ՝ թե ծառայությունում, թե դատարանում:

Միգրացիոն ծառայությունը դատարան էր ուղարկել մի պատասխան, համաձայն որի՝ վարչական վարույթը իրականացրել են Վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

Ըստ Ա.Եսայանի, պատասխանողը և որոշման, և պատասխանի մեջ նշել է, որ վարչական վարույթը հարուցել է իր նախաձեռնությամբ, սակայն չի նշել, թե նախաձեռնության հիմքը որն է եղել:

Աշխեն Եսայանը հղում կատարեց ՀՀ Վարչարարության և վարչական վարույթի մասին օրենքի 34-րդ հոդվածին, համաձայն որի՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

Եթե վարչական վարույթ հարուցելու հիմքը օրենքի պահանջն է, ըստ հայցվորի ներկայացուցչի, ապա պատասխանողը որոշման հիմքում դրել և առաջնորդվել է իր ուժը կորցրած, տվյալ իրավահարաբերությունը չկարգավորող և կարգավորելու դեպքում էլ հետադարձ ուժ չունեցող Փախստականների մասին ՀՀ օրենքի փոփոխությունը:

Դատարանին ներկայացվեց նաեւ, որ Ս.Հակոբյանի ծնողները դեռ 2002թ. մարտի 28-ին ՀՀ քաղաքացիություն են ձեռք բերել, իսկ կիրառված հոդվածի փոփոխությունը ուժի մեջ է մտել 2004թ. Մարտի 3-ին, որով չի սահմանվել, որ փոփոխությամբ սահմանված նորմերը տարածվում են մինչև այդ ծագած իրավահարաբերությունների վրա:

Ստացվել էր մի իրավիճակ, երբ պատասխանողը անձին զրկել է փախստականի կարգավիճակից և նրան թողել իրավական վիճակը առավելագույնս վատթարացնող վիճակում, քանի որ անձն այժմ ֆիզիկապես գոյություն ունի, իսկ ըստ հայցվորի ներկայացուցչի՝ իրավաբանորեն ոչ:

Հայցվորը խնդրում էր անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 20.01.2012 թվականի թիվ Մ-151/12-Փ որոշումը, որպես դրա հետևանք պարտավորեցել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ` հայցվորին ՀՀ-ում փախստական ճանաչելու մասին:

Դատաքննության ավարտին ուշացած ներկայացավ ՀՀ տարածքային կառավարման ներկայացուցիչը՝ Ռուզաննա Պետրոսյանը, որը ոչ միայն պատասխանող չէր, այլ ներգրավված չէր եղել այս գործի քննությանը : Դատարանը դա նույնպես արձանագրեց: Գործն ավարտվեց առանց պատասխանողի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031