Դիրիժոր Կարեն Դուրգարյանը զուգահեռներ է անցկացնում նվագախմբերի միջեւ
Երբ 2010թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հռչակավոր Մարիինյան թատրոնում ղեկավարեց 1956թ. ԽՍՀՄ-ում առաջին անգամ Լեոնիդ Յակոբսոնի խորեոգրաֆիայով իրականացված Խաչատրյանի «Սպարտակի» վերականգնված բեմադրությունը, «ավանդական» դարձավ հայ դիրիժորի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքին:
Կարեն Դուրգարյանը օրերս է վերադարձել մայիսի 25-ից հուլիսի 15-ը Սանկտ Պետերբուրգում Վալերի Գերգիեւի հիմնած «Սպիտակ գիշերների աստղերը» հոբելյանական 20-րդ փառատոնից:
«Առավոտի» հետ զրույցում դիրիժորն ասաց, որ ինքը կրկին ղեկավարել է Մարիինյան թատրոնի նվագախումբը, նշելով, որ Սանկտ Պետերբուրգ են հրավիրված ոչ միայն արդեն անվանի երաժիշտներ, այլեւ երիտասարդ կատարողներ: «Փառատոնային օրերը հագեցած են օպերային, բալետային ներկայացումներով, սիմֆոնիկ ու կամերային երեկոներով: Մեկնարկը տրվեց Գերգիեւի ղեկավարությամբ Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայի պրեմիերայով: Բացի Մարիինյան թատրոնի նվագախմբից, փառատոնին մասնակցում են նաեւ «Լա Սկալա» թատրոնի նվագախումբը, Վիեննայի եւ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբերի մենակատարների անսամբլները: Մեծ թիվ են կազմում հրավիրված մենակատարները, նրանցից են օպերային եւ բալետային աստղեր Աննա Նետրեբկոն, Մարիա Գուլեգինան, Օլգա Բորոդինան, Աննա Կիկնաձեն, Մաքսիմ Աքսյոնովը, Ուլյանա Լոպատկինան, Դիանա Վիշնյովան, Վիկտորյա Տերյոշկինան, Վլադիմիր Շկլյարովը, դիրիժոր Պաբլո Էռաս-Կասադոն, դաշնակահարներ Քրիստիան Բլեքշոուն, Ռուդոլֆ Բուխբինդերը, Եֆիմ Բրոնֆմանը, ջութակահար Նիկոլայ Ցնայդերը, թավջութակահար Ամանդա Ֆորսայթը…»,- հայտնեց Դուրգարյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ անձնական կապերի միջոցով հնարավոր չէ՞ «կամրջել» Մարիինյան եւ Սպենդիարյանի անվան թատրոնները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մեր թատրոնում ունենք հիանալի երգիչներ եւ պատրաստվում ենք նրանց ներկայացնել 2013թ. Մարիինյանում: Իսկ այդ թատրոնի բալետի արտիստների երազանքն է «Սպարտակով» ներկայանալ Խաչատրյանի հայրենիքում: Հուսով եմ՝ մեր մշակույթի նախարարությունն ու թատրոնի ղեկավարությունը անկատար չեն թողնի ռուս արտիստների երազանքը»:
Ի՞նչ զգացողություն ունի աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը (նկատի ունենք Մարիինյան թատրոնը) ղեկավարելուց հետո: Մեր զրուցակիցը ասաց, թե իր համար դա միանշանակ մեծ պատիվ է, հետո էլ ժպտալով հավելեց. «Իմ ղեկավարած նվագախումբն էլ (նկատի ունի Ազգային օպերային թատրոնինը) ինձ համար աշխարհում լավագույններից է»:
Զրույցի ընթացքում Կարեն Դուրգարյանը տեղեկացրեց, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահում հուլիսի 11-ին թատրոնի նվագախումբը հանդես կգա սիմֆոնիկ երաժշտության երեկոյով: Նշեց, որ կայանալիք համերգին Հայաստանում առաջին անգամ Ռավելի «Դափնիս եւ Քլոես» բալետի սյուիտի կատարմանը մասնակից կդառնա նաեւ թատրոնի երգչախումբը (ղեկավար՝ Կարեն Սարգսյան), կկատարվեն նաեւ սյուիտ Ստրավինսկու «Հրեղեն հավքը» բալետից եւ Ռախմանինովի դաշնամուրի եւ նվագախմբի 2-րդ կոնցերտը: Իբրեւ մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ