Ավազակների փոխարեն էլ անմեղ անձի՞նք են պատասխան տալիս
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գեղամ Հակոբյանը, որն արդեն մի քանի ամիս է՝ ստանձնել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վարդան Հովհաննիսյանի պաշտպանությունը, մտադիր է ասուլիս հրավիրել ու մեծ աղմուկ բարձրացնել, քանի որ, ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Գ. Հակոբյանը, «անմեղ մարդ է կանգնած հանիրավի դատապարտման վտանգի տակ, իսկ իրական հանցագործություն կատարող անձինք ազատության մեջ են՝ քիչ չէ, դեռ մի բան էլ խրախուսվում են, քանի որ նրանց փոխարեն պատասխան է տալու դեպքի հետ կապ չունեցող մեկը»:
Գ. Հակոբյանն արդեն մի քանի դիմում հանրապետության նախագահին է հղել: Խոսքը վերաբերում է 2 տարի առաջ «Օջախ» շինանյութի խանութի վրա կատարված աղմկահարույց ավազակային հարձակմանը, որի գործով ներկայումս միայն մեկ մարդ է ձերբակալված, մինչդեռ, ըստ վկաների, հանցագործությունը կատարել են մի քանի հոգի: Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Լեւոն Ավետիսյան) հետաձգվեց այս գործի լսումը նույն վարչական շրջանի դատախազության դատախազ Ալեքսանդր Աղայանի՝ դատին չներկայանալու պատճառով, ինչը դատախազը բացատրել էր կիսամյակային հաշվետվություններ կազմելով: «Օջախի» գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 14-ին: Պաշտպանի ներկայացմամբ՝ Վարդան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, այսինքն՝ այն արարքի համար, որ Վարդանը, նախնական համաձայնության գալով գործով չպարզված 3 այլ անձանց հետ, կատարել է ավազակային հարձակում: Ընդ որում, ինչպես պաշտպանն է վստահեցնում, գործի հիմքում որպես ապացույց դրված է մատնահետքը, ինչն առաջին հայացքից թվում է՝ աղաղակող փաստ է, բայց, Գեղամ Հակոբյանի խոսքերով, փորձաքննության արդյունքում ի հայտ եկած մատնահետքը եղել է «Օջախի» ցուցասրահում կախված ցուցանմուշների կատալոգին: Վարդան Հովհաննիսյանը թե նախաքննական մարմնում եւ թե դատարանում տված իր ցուցմունքներով հայտնել է, որ ինքն իսկապես եղել է տարբեր շինանյութի խանութներում, այդ թվում նաեւ հնարավոր է, որ այդ խանութում, եւ թերթել է ցուցանմուշների կատալոգը, քանի որ նպատակ է ունեցել բնակարանի վերանորոգում անել: Փաստաբանի խոսքերով. «Սակայն նախաքննական մարմինը թե մինչ դատական վարույթում, թե մեղադրական եզրակացությունում այնպիսի ձեւակերպում է տալիս դրան, որ առաջին հայացքից շփոթության մեջ է գցում ընթերցողին: Մասնավորապես՝ նշվում է, որ Վարդան Հովհաննիսյանի մեղքը հիմնավորվել է դեպքի վայրից վերցված մատնահետքով: Մինչդեռ այդ մատնահետքը որեւէ առնչություն չունի ավազակային հարձակման անմիջական շփվող մակերեսների հետ՝ դռներ, պատուհաններ, բռնակներ եւ այլն, բացի այդ, խանութի պահակ Գեորգի Մարգարյանն իր սկզբնական ցուցմունքում հայտնել է, որ հարձակվողները բոլորն էլ ձեռնոցներով էին: Բացի այդ, անտրամաբանական է, որ մեկը գնա ավազակային հարձակման եւ այդ ընթացքում ցուցանմուշների կատալոգ թերթի:
Նախաքննական մարմինն էլ հստակ հասկանալով այս ամենը, սակայն կաշկանդված լինելով այն հանգամանքից, որ այդ մեղադրանքով, թեեւ հետագայում նաեւ հերքված հանգամանքներով, Վարդան Հովհաննիսյանին կալանավորել է, փորձեց ամեն գնով գործը հարմարեցնել, որպեսզի ինչ-որ կապ ստեղծվի Վարդան Հովհաննիսյանի հետ եւ գործն ուղարկվի դատարան, իսկ դատավոր պարոն Լ. Ավետիսյանին մակագրվելն արդեն մեծագույն հաղթանակն էր նախաքննական մարմնի, քանի որ դեռ չի եղել դեպք, որ պարոն Լ. Ավետիսյանը որեւէ մեկին արդարացնի:
Իսկ այս պարագայում գործ ունենք Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ, որը որեւէ հանցանք չի գործել, եւ որեւէ ապացուցով նրա մեղավորությունը չի հաստատվել»:
Դատական նիստի հենց սկզբին փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Լ. Ավետիսյանին: Սակայն միջնորդությունը մերժվել է:
Մի ուշագրավ հանգամանք եւս. նախաքննական մարմինն ի սկզբանե Վարդան Հովհաննիսյանին կալանավորել էր եւ դատարանին էր ներկայացրել փաստարկ, թե իբր նա նախկինում ավազակային հարձակման համար դատապարտված է, եւ դեպքի վայրից հայտնաբերվել է 2 մատնահետք: Սակայն հետագայում փաստաբանը հիմնավորել է, որ Վարդան Հովհաննիսյանը ոչ մի անգամ դատապարտված չի եղել եւ ունի անբիծ կենսագրություն, ինչից հետո նախաքննական մարմինն ընդունել է իր սխալը եւ արդարացել, թե անուն-ազգանունների պատահական համընկնման արդյունք է եղել:
Փաստաբանի խոսքերով՝ սույն քրեական գործով նախաքննական մարմնի հաջորդ պարադոքսն այն է, որ մեղադրական եզրակացությամբ իբր ապացուցված է համարում, թե ում կողմից վարձակալված բնակարանում են իբր տեղափոխվել գողացված չհրկիզվող պահարանները, սակայն այդ բնակարանի վարձակալը ոչ միայն որպես մեղադրյալ չի ներգրավվել, այլեւ անգամ որպես վկա չի հարցաքննվել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ