«Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է հօգուտ ազատազրկված դիմումատուների որոշումներ:
Երկու գործերով էլ նրանց պաշտպանությունն իրականացրել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը:
– Արդյոք, սպասելի՞ էր նման ելքը:
Կարդացեք նաև
– Նախ՝ սկսեմ Գասպար Պողոսյանի գործից:
Եվրոպական դատարանը (ԵԴ) փաստեց, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում, այն է՝ Գ. Պողոսյանը կալանավորվելիս չի ներկայացվել դատարան, դատավորը չի տեսել նրան: Այս գործով խախտվել էր նաեւ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, քանի որ վերաքննիչ բողոքն ընդհանրապես քննության առարկա չի դարձել, վերադարձվել է: Մեկ այլ խախտում էլ կապված էր 2007թ. հունիսի 13-ից մինչ հուլիսի 2-ն առանց դատարանի որոշման Գ. Պողոսյանին կալանքի տակ պահելուն:
ԵԴ-ն որոշեց, որ պետք է Հայաստանի պետությունը փոխհատուցի 10 000 եվրո գումար՝ հօգուտ Գ. Պողոսյանի:
– Իսկ որքա՞ն էիք պահանջել՝ որպես բարոյական վնասի հատուցում:
– Խնդիրը գումարի մեջ չէր, այլ խախտումն արձանագրելու:
– Պարոն Սիմոնյան, որքանով տեղյակ ենք, մեր կառավարությունն առաջին անգամ այս գործով հանդես է եկել հաշտության առաջարկով:
– ԵԴ կանոնակարգը թույլ է տալիս հաշտության առաջարկ անել: ՀՀ կառավարությունը խնդրել էր, որպեսզի Եվրոպական դատարանն առաջարկի հաշտության տարբերակներ: Մասնավորապես, կառավարությունը գրել էր. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ կառավարությունը որոշել է ձեռնպահ մնալ վերոնշյալ դիմումի էության եւ ընդունելության մասին առարկություններ ներկայացնելուց: Կառավարությունը խնդրում է, որպեսզի Կոնվենցիայի 38 հոդվածի 1-ին մասի Բ կետի համաձայն, առաջարկվի վերը նշված գործով հնարավոր հաշտության համաձայնագրի պայմաններ»:
ԵԴ-ն կողմերին ուղարկեց իր տարբերակը: Մասնավորապես, առաջարկվում էր գործը հանել վարույթից, եթե կողմերը համաձայնեն եւ վստահորդիս էլ կառավարությունը հատուցի 14 000 եվրո գումար:
Մենք որոշեցինք համաձայնել, սակայն կառավարությունը ետ կանգնեց հաշտությունից եւ ասաց՝ 2000 եվրոյից ավելի գումար մեզ չի կարող տալ: ԵԴ-ն նկատի ունենալով, որ կառավարությունը հաշտվել չի ուզում, կայացրեց այս որոշումը:
– ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի գործով ի՞նչն էր վիճարկվում:
– Նախկին քրդատի 138 հոդվածի համաձայն, անձին կալանքի տակ պահելը կասեցվում է այն ժամանակ, երբ նրա գործով նախաքննությունը հայտարարվում է ավարտված: Այսինքն՝ մենք ունենք դեռ մի իրավիճակ, երբ անձը գտնվում է կալանքի տակ, ազատազրկման վայրում, սակայն նա համարվում է իր կալանքի ժամկետը կասեցրած: ԵԴ դատավորների համար դա հասկանալի չէ, մեղմ ասած, եւ հատուկ հարց էին բարձրացրել. ինչպես հասկանալ՝ անձը կալանքի տա՞կ է, թե՞ ոչ:
– Մուրադխանյանի դիմումը ե՞րբ էիք ուղարկել ԵԴ:
– 2006թ.-ին: Այն առնչվում էր 1 տարի անօրինական կալանքի տակ պահելուն: Մուրադխանյանին Հայաստանին է փոխանցել Ուկրաինան: Գործը ուղարկվել էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան, որն այն վերադարձրել է լրացուցիչ նախաքննության: Երբ նախաքննական մարմինը դիմել էր, որպեսզի կալանքի ժամկետը երկարացվի, իմ պաշտպանյալի նախնական կալանքի տակ պահելու 1 տարին չէր լրացել: ԵԴ-ն նույն հիմքով, ինչ Գասպարինը, ճանաչեց Կոնվենցիայի խախտումը եւ բարոյական վնասի հատուցման գումարը տվեց՝ 6000 եվրո (դատական ծախսերի համար՝ 227 եվրո):
– Հայտնի է, որ Մուրադխանյանը 100 000 եվրո գումարի պահանջ էր ներկայացրել:
– Այո, բայց էլի եմ կրկնում, մեզ համար խնդիրը ոչ այնքան գումարն է (թեեւ մարդն աշխատանք է կորցրել, ազատազրկված լինելով՝ ընտանիքը կորցրել է կերակրողին, ազատազրկման վայրում էլ գիտեք, թե ինչ է նշանակում գումար չունենալը), որքան խախտումը, որը թույլ է տրվել մեր պետության կողմից:
– Պարոն Սիմոնյան, ԵԴ-ում Դուք այս պահին քանի՞ գանգատ ունեք:
– Տասներկու, որոնք ընթացքի մեջ են:
– Մուրադխանյանի գործով ՀՀ կառավարությունը հաշտության տարբերակ առաջարկե՞լ է:
– Ոչ, ինչ եք ասում: Դեռ հակառակը, ՀՀ կառավարությունը փորձում էր իր առաջարկներով փրկել այս գործը, ավելին՝ դեռ Մուրադխանյանի մի գործն էլ կա ԵԴ-ում, երբ ապացույց է դրվել մեկուսարանում ոստիկանների ներկայությամբ ինչ-ինչ բաներ ասելը…
– Դուք, փաստորեն, Հայաստանի երեք դատարաններում պարտվեցիք, իսկ հեռակա, չմասնակցելով ԵԴ նիստին, հաղթում եք: Իսկ ինչո՞ւ չեք մասնակցում ԵԴ նիստերին նույնպես:
– Որքան տեղյակ եմ, Ստրասբուրգ մեր փաստաբաններից դեռ որեւէ մեկը չի գնացել: Պատճառը նաեւ վստահորդի մոտեցումն է, շատերը չեն հավատում, որ հնարավոր են նման ելքեր, շատերը նյութական միջոցներ չունեն: Մուրադխանյանի գործով ԵԴ-ն դիմել էր կողմերին, թե դուք գրավո՞ր ընթացակարգով եք ուզում գործը քննվի, թե՞ բանավոր:
– ԵԴ-ն չի՞ նեղանում, երբ հայրենի դատարաններում երբեք չեք նշում Կոնվենցիայի խախտումների մասին, այլ հիշում եք Կոնվենցիան, երբ ԵԴ եք դիմում:
– Խնդիրը նեղացկոտության մեջ չէ, այլ՝ երբ դու սպառել ես ներպետական բոլոր ընթացակարգերը: Հիմնավոր կասկածն է առաջնայինը: Եթե դու հիմնավոր կասկած ունես, կարող ես դիմել ԵԴ:
Այս պահին պատրաստվում եմ «Վեդիի գործով» ԵԴ դիմել:
Դիմել եմ հայաստանյան դատարան, թե ինչ նյութեր է ներկայացրել նախաքննության մարմինը՝ «հիմնավոր կասկածը հիմնավորելու վերաբերյալ»: Դատարանն ընթերցել է քրգործ հարուցելու մասին, որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, ձերբակալության մասին որոշումները: Դատարանին քննիչը չի ներկայացրել հիմնավորող արարքին առնչություն ունենալու մասին ապացույցը, եւ երբ Կոնվենցիայից եմ մեջբերում անում, ասում է՝ շվեյցարական օրենքները մեզ ինչ:
– Մեր կառավարությունը իրեն հաղթող է դիտում, ասելով, թե 100 000 են պահանջել, տես, բայց դատարանը 2000, 3000, 5000 է բավարարել: Ինչո՞ւ հետամուտ չեք լինում գումարի չափը ճշգրիտ որոշելուն եւ պահանջելուն:
– Գին «գցելով» չէ արդարադատությունը հաղթում, այլ իրավունքի այն խախտումներն արձանագրելով, որը պետությունը չի տեսնում:
Զրուցեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ